Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:12 02-06-2022

Տանտերը ժամանակ է տվել, ասել՝ դուրս եկեք տանից, իսկ քաղաքապետարանը անգործության է մատնված. զոհված զինծառայողի մայր

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Մենք մեր աշխատավարձով ապրող մարդ ենք, այդ հողակտորն էլ շատ դժվար գնով ենք ձեռք բերել։ Իսկ մեր տանտերը, որտեղ այս պահին բնակվում ենք, մեզ ժամանակ է տվել, ասել՝ դուրս եկեք տանից, բայց մենք, իրոք, գնալու տեղ չունենք։ Այս պահին քաղաքում տներն էլ ահավոր թանկացել են, և այս պահին չենք կարողանում մեր միջոցներով հարմար բնակարան գտնել, մենք ամուսիններով աշխատում ենք, բայց ի վիճակի չենք մեր վաստակած գումարից միայն 200,000 տան համար տալ»։

Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում պատմեց զոհված զինծառայող Տիգրան Զաքարյանի մայրը, ում արդեն վեց ամիս է՝ չի հաջողվում քաղաքապետարանից ստանալ իրենց կիսակառույց տան օրինականացման փաստաթղթերը։ «Տիգրանս ծառայել է Քելբաջարում, շարքային զինծառայող է եղել, երկու ամիս էր մնացել, որ տուն գա, պատերազմը սկսվեց։ Տիգրանս պաշտպանել է Օմարի լեռները, իրենց դիրքը շատ մոտ է եղել թշնամուն։ Յոթ հոգանոց ինչ-որ խումբ են կազմել, երեխաներին տարել են։ Իր ընկերներից երեքը նահանջի հրամանով ետ են դարձել, իրենք էլ պատմել են մեզ այս մասին։ Մենք ոչ մի բան չենք իմացել, մեզ ոչ մի բան չէին ասում, մինչև վերջին օրը մեզ խաբել էին, որ երեխան կա․ տղաս զոհվել է սեպտեմբերի 28-ին, բայց մենք այդ մասին հեռուստացույցով իմացել ենք հոկտեմբերի իննին՝ իր ծննդյան հաջորդ օրը»,- ասաց Տիգրանի մայրը՝ Սարգսյան Ռուզաննան։

Ընտանիքը տարիներ շարունակ բնակվում է վարձակալությամբ, բայց վերջերս մեծ դժվարությամբ կարողացել է հողակտոր ձեռք բերել և սեփական տունը կառուցել։ «Մենք ապրում ենք վարձով, շատ դժվարությամբ վերջերս մեր մոտ հարմար հողատարածք վերցրինք։ Դա փոքրիկ տնակ էր։ Մենք այս տնակը և ամուսնու մայրիկի տունը դրեցինք գրավ և վարկ վերցրինք, շինարարություն սկսեցինք։ Պատերը արդեն կանգնացրել ենք, տանիքն էլ կա արդեն, հիմա քաղաքապետարան ենք դիմել, որ այդ շինությունը, որը կցվել է հին շինությանը, օրինականացվի, որ մենք կարողանանք այդ օրինական թղթերով մտնել բանկ, որ բանկը նորից գա, գնահատի տունը, վերավարկավորենք, մեզ տրամադրի գումար և կարողանանք շարունակել այդ շինարարությունը, հիմա այն կիսատ է, չենք վերջացրել, գումար էլ չունենք, որ ավարտենք»,- ասաց Ռուզաննան։

Բայց ընտանիքին երկար ժամանակ է՝ արդեն չի հաջողվում քաղաքապետարանից ստանալ իրենց կիսակառույց շինության օրինականացման փաստաթղթերը։ Ամեն անգամ մի նոր պատճառաբանությամբ քաղաքապետարանը ձգձգում է այդ կիսակառույցի օրինականացման գործընթացը։ «Վեց ամիս առաջ դիմել ենք քաղաքապետարան, վեց ամիս է՝ իրենք այդ հարցը քննում են, քննարկում, ստից պատճառներ են բերում, ասում՝ լուսամուտ չկա դրած, կողքի հարևանը չի տվել իր ստորագրությունը, բայց մենք այդ ամենը արել ենք՝ բացի դուռ-լուսամուտից, քանի որ մենք գումար չունենք լուսամուտ դնելու դրա համար, պետք է մեզ բանկը գումար տրամադրի, որ մենք կարողանանք դա անել։ Մենք մոտեցել ենք քաղաքապետարան, ճարտարապետի հետ ենք խոսել, բացատրել ենք սիտուացիան, որ, իրոք, չունենք այդ հնարավորությունը»,- նշեց Ռուզաննան։

Ռուզաննան նաև ասաց, որ բնակարանատերը, ում տանը ապրում են այս պահին, պահանջել է, որ դուրս գան բնակարանից։ «Մենք մեր տանտիրոջը խնդրել ենք, ասել՝ թողեք մի քիչ էլ մնանք, երեխաների հետ դուրս չգանք, մինչև քաղաքապետարանի որոշումը լինի, մենք կարողանանք տեղափոխվել մեր տուն»։ Տիկին Ռուզաննան ասաց նաև, որ ամեն ուրբաթ օր նամակ են ստանում քաղաքապետարանից, որում գրված է․ «Ձեր դիմումը ընթացքի մեջ է, քննվում է, պատասխանը կստանաք շուտով»։

Ընտանիքին արդեն վեց ամիս է, ինչ հստակ պատասխան չեն տալիս, ասում են, որ սպասեն պատասխանի, շուտով արձագանք կլինի։ Ռուզաննան նաև ասաց, որ իրենց բողոքներն ու զանգերը հիմնականում անպատասխան են մնում քաղաքապետարանի կողմից։ Շատ դժվարությամբ կապ է հաստատել քաղաքապետարանի թեժ գծի հետ։ Նրանց բոլոր զանգերին պատասխանում են կոպտությամբ՝ առանց ինչ-որ հիմնավոր և սպառիչ պատասխան տալու։ Խնդրի մասին տեղեկություն ստանալու համար Oragir.news-ը փորձեց կապ հաստատել քաղաքապետարանի հետ, ինչը մեծ դժվարությամբ հաջողվեց, բայց մենք այդպես էլ ինչ-որ սպառիչ պատասխան չստացանք։ Մեզ տվեցին գրեթե նույն պատասխանները, ինչ տիկին Ռուզաննային՝ ասելով, որ նման դիմում չի մուտքագրվել։