Երեկ Դաշնակցության գրասենյակում, ի թիվս այլ քաղաքական ուժերի, քննարկմանը մասնակցել է նաև «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Հիշեցնենք, որ մոտ 2 տասնյակ կուսակցությունները ՀՅԴ գրասենյակում քննարկել էին «Դիմադրություն» շարժման ներկայացրած կետերը, ապա դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել։
Մեր հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է ինքը հայտնել, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատասխանեց․ «Քանի որ այս փաստաթուղթը նախագիծ է, պետք չէ դրա մասին մանրակրկիտ խոսել։ Նախագիծ էր, որի մտահոգությունների վերաբերյալ դրական չարտահայտվել ուղղակի հնարավոր չէ, որովհետև, ի վերջո, մարդիկ ուզում են ազգային կարևորություն ներկայացնող հարցում հստակության հասնել։ Կարծեմ 1992 թվականին, օրինակ, մենք հստակության հասանք այն հարցում, որ մենք Արցախի կարգավիճակի մասին խոսելիս հաշվի չենք առնում աշխարհի կարծիքը, հարևանների կարծիքը, առաջնային ենք համարում Արցախի ժողովրդի կարծիքը, որն ասում էր՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, վերջն այն էր մնում, որ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը վավերացնում է Արցախի բռնզավթումը։ Հիմա այստեղ էլ մտահոգություններ կան, ու քանի որ ինձ համար կազմակերպական մի ավելի լուրջ հարց կար․․․, ցանկացած գաղափար կյանքի կոչելուց առաջ դու պիտի մտածես, թե ինչ գործիքակազմով ես դա անելու, և քանի որ գաղափարը վերաբերում էր ազգային ժողովին, մենք տեղում առաջարկեցինք, որ մեր դիրքորոշումը որոշենք՝ բնականո՞ն ենք համարում Նիկոլի ու իր թիմակիցների պահվածքը Ազգային ժողովում ազգի համար որևէ կարևոր հարց քննելու գաղափարի նկատմամբ՝ անկախ նրանից, թե դա ով է բարձրացնում։ Ի վերջո ընդդիմությունը նրա համար է, որ հակառակվի իշխող կարծիքին, ուրիշ տեսակի ընդդիմություն աշխարհում չի լինում, և քանի որ այսօրվա իշխանություններն ասում են՝ մեզ հետ համակարծիք չեք, ուրեմն մենք պիտի տապալենք այդ նախաձեռնությունը, ես դա ընկալեցի որպես հակաժողովրդավարական։ Դա ցույց է տալիս, որ մենք ունենք իշխանություններ, որոնց համար ժողովրդավարությունը տասներորդական բան է, և իրենք իրենց տեսակետներն ավելի կարևոր են համարում, քան ժողովրդի կարծիքը։ Այդ առիթով տեղում միանգամից ընդունվեց մի հայտարարություն, որ բոլորս դատապարտում ենք իշխանական թևի պարլամենտական մեծամասնության կեցվածքը՝ որևէ ազգային կարևորության ցանկացած հարց պարլամենտում քննարկելու նախաձեռնության դեմ։
Ինչ վերաբերում է փաստաթղթին, որը տևական քննարկում է պահանջում, որովհետև տարբեր մոտեցումներ կան, օրինակ՝ մեզ համար «Ղարաբաղ» բառը ընդհանրապես պիտի չլինի որևէ փաստաթղթում, բայց մենք դրա վրա չծանրացանք։ Ես մեր անունից ասացի, որ մեզ համար ողջունելի է նման նախաձեռնությունների դրսևորումը, և այսքանով բավարարվեցի։ Աջակցությունը հիմնականում ուղղված է այն հարցին, որ եթե ազգի համար մտահոգիչ խնդիրներ կան, ապա դրանք պետք է ԱԺ-ում քննարկվեն, այդ հարցում մենք եկանք լիակատար համաձայության»։
Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պայքարին միանալու առաջարկ եղել է, հնարավո՞ր է, որ ինքը միանա փողոցային պայքարին․ «Քանի որ մենք գաղտնիությանը դեմ ենք, և ընդհանրապես հրաժարվում ենք գաղտնիություն պահանջող գործերից, այդ տեսակետից ավելորդ չեմ համարում նշել, որ առաջարկ եղավ՝ նրանք, որոնք աջակցում են, հանրահավաքի ժամանակ լինեն բեմահարթակին։ Ես ընդհանրապես ազգային միասնությանը դեմ չեմ, հատկապես երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին, և դրանից ելնելով՝ նախապես ԱԻՄ-ականների հետ քննարկած չլինելով այդ հարցը, որ մենք մեր ողջունելու տրամադրվածությամբ ներկայանանք, ես ասացի, որ ԱԻՄ-ը այսօր, և ոչ միայն այսօր, այլև արդեն 10 տարի, ամենակարևոր հարցը համարում է ՀՀ-ն ամենաժողովրդավարական երկիրը դարձնելու Սահմանադրության նախագծի քննարկումը, և մենք որևէ ուժի հետ կարող ենք լուրջ, ռազմավարական և էական համագործակցության գնալ, եթե կքննարկվի Սահմանադրության հարցը և մասնավորապես մեր ներկայացրած նախագիծը։
Այսինքն՝ ողջունելով հանդերձ՝ մենք մնացինք այդ փաստաթղթի շրջանակներում։ Համագործակցության ավելի խոր ձևաչափի անցնելու խնդիրը մենք կապում ենք ավելի խորը ռազմավարական խնդիրների քննարկման և այդ ուղղությամբ միասնական դիրքորոշման ընդունման հետ»,- պատասխանեց ԱԻՄ առաջնորդը։