Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ 2024-ից արդեն բոլոր քաղաքացիները պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ Մինչ այդ այդպիսի հայտարարագրեր ներկայացնում էին բարձրաստիճան պետական պաշտոնյաները, իսկ հայտարարագրերը հավաքագրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը
Oragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանն ու համընդհանուր հայտարարագրմանը, ասաց, որ կան երկրներ, որոնց դեպքում համակարգը հաջողել է, սակայն Հայաստանի համար դեռ վաղ է․
«Նման երկրներ կան, նաև նշեմ, որ Հայաստանում տարիներ առաջ փորձ եղավ, ներդրվեց, չաշխատեց։ Այսինքն՝ միայն ներդնելը, այո՛, հնարավոր է, բայց ոչ բոլոր երկները, որոնք ներդրել են, հաջողել են եկամուտների հայտարարագրման համակարգը արդյունավետ կայացնելու հարցում, որովհետև դրան հաջորդող գործոններ գոյություն ունեն, օրինակ՝ կանխիկ և անկանխիկ գումարների շրջանառությունը։ Եթե երկիրը դեռևս չի կարողանում կառավարել գումարային հոսքը, և կան չափից մեծ գործարքներ կանխիկ ճանապարհով, և ներդրվում է հայտարարագրման համակարգը, այն այդքան էլ արդյունավետ չէ։ Կան բանկային համակարգի կայացվածության մասով գործոններ, որոնք ազդում են հայտարարագրման վրա, և, ինչո՞ւ ոչ, շատ կարևոր է հասարակության ընդհանուր զարգացվածության աստիճանը, որովհետև միանգամից ներդնելը ձախողում է, և որպես կանոն՝ դրան հասնում են աստիճանական ճանապարհով։ Օրինակ՝ նախ ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հետո իջնում են հանրային ծառայության տարբեր սեգմենտներով, և երբ որ պետական համակարգում և տեղական ինքնակառավարման համակարգում հայտարարագրումը դառնում է կայացած իրողություն, աստիճանական ձևով ներառում են հասարակության նոր շերտեր, խմբեր և այլն»։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նույիսկ բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրման համակարգը, որը 10 տարի է՝ գործում է, դեռ ցանկալի արդյունքները չի տվել․
«Հայաստանում քիչ թե շատ նաև 2017 թվականի բարեփոխումների արդյունքում և 2012 թվականին հայտարարագրման համակարգի գործարկման արդյունքում սկսեց աշխատել պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգը, բայց անգամ պաշտոնատար անձանց եկամուտների վերլուծությունները լուրջ արդյունքներ չեն տվել, թեև համակարգը 2011 թվականից աշխատում է, դեռ ավելին՝ 90-ական թվականներից մենք ունեցել ենք պաշտոնատար անձանց, քաղծառայողների եկամուտների հայտարարագրում Պետական եկամուտների կոմիտեում, որտեղ հասանելիություն են ունեցել նաև եկամուտների վերաբերյալ տեղեկություններին, սակայն համակարգը չի կարողացել բացահայտել արատավոր երևույթները, կոռուպցիոն դեպքերը։ 10 տարվա գործող համակարգն էլ դեռ ցանկալի արդյունքներ չի տվել, և մասնագիտացված կառույցները հաջողությամբ չեն կարողանում լուծել պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների հայտարարագրերը, և նույն կոռուպցիոն հանցագործությունները կամ պետության նկատմամաբ պարտավորությունների չկատարումը բացահայտող լուրջ հանցագործությունները մնում են չբացահայտված և անպատիժ։ Նման պայմաններում ակնկալել, որ մասսայական հայտարարագրումը որևէ օգուտ կտա, կարծում եմ՝ տեղին չէ։ Նախ դժվարություններ են ունենալու հայտարարագրերը հավաքելու առումով։ Պետական ռեսուրսները վատնվելու են, որովհետև Հայաստանը չունի այդ ծավալի հայտարարատուների նկատմամբ վարչական կամ անգամ քրեական պատասխանատվություն իրականացնելու մեխանիզմ, դա միայն բերելու է իրավապահ համակարգի կոլապսի, և նույնիսկ եթե ընդունենք, որ մեր քաղաքացիները պատրաստ են, կստանան անհրաժեշտ խորհրդատվությունը և բարեխղճորեն կներկայացնեն հայտարարագրերը, ես չեմ կարծում, որ այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ ՊԵԿ-ը ունեն անհրաժեշտ ռեսուրսներ՝ այդ եկամուտները պատշաճ վերլուծելու և իրենց նպատակին ծառայեցնելու համար»։
Ըստ Սահակյանի՝ Պետական եկամուտների կոմիտեն այժմ էլ ունի քաղաքացիների եկամուտների մասին բավականին տեղեկատվություն, որը կարող է վերլուծել․
«Եկամուտների մասով արդեն իսկ մեծ ծավալի տեղեկություններ հավաքագրում է ՊԵԿ-ը, և կարծում եմ՝ այս փուլում կարող է իր խնդիրները լուծել տեղեկատվական տարբեր համակարգերի փոխգործակցելիության միջոցով։ Ես կարծում եմ, որ այս ինստիտուտը կարևոր է, որոշ երկրներում նաև գործող է, սակայն Հայաստանի համար այն վաղաժամ է, և օրենսդրական փոփոխությունները տեղական բնույթ են կրելու, որոնք պրակտիկայում կոլապսներ են առաջացնելու իրավապահ և այլ մարմինների գործունեության մեջ։ Սրա վտանգավոր ազդեցությունն այն է, որ քաղաքացիները, երբ տեսնեն, որ այս կարևոր համակարգը չի գործում, նաև թերահավատորեն են վերաբերվելու պետական համակարգի այլ ոլորտներում գործունեությանը։ Այսինքն՝ մեծ հաշվով նվազելու է հանրային ինստիտուտների նկատմամբ վստահությունը, և պետական մարմինների անկարողությունը ցույց է դրվելու հասարակության շրջանում, սա շատ ավելի վտանգավոր երևույթ է»։