Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:07 31-05-2022

Մեզ փողով ուզում էին առնեին, մեր տուն մարդիկ են ուղարկել․ 17 զոհվածների ծնողները պայքարելու են մինչև վերջ

Տեւական ժամանակ է, ինչ 17 զինվորների մահվան գործը դատարանում առաջ չի գնում։ Գործը Սյունիքից տեղափոխվել է Երեւան, նիստերի տեղափոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել էին տուժողների իրավահաջորդները։ Գործը Երեւան տեղափոխելուց հետո մեկ ամսից ավելի է՝ դատավարություն չի եղել, հաջորդ նիստը նշանակված է հունիսի 3-ին։

Ջաբրայիլի մարտերում հոկտեմբերի 9-ին նահատակված Շիրակի մարզի Ազատան համայնքի 19-ամյա բնակիչ Հրաչ Մահտեսյանի մայրը՝ Ալմաստ Հարությունյանը, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ գործով մեղադրյալ ՀՀ ՊՆ N զորամասի փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը ոչ միայն ազատության մեջ է, այլ նաեւ նրա պաշտոնը բարձրացրել են, շքանշան են տվել․ «Այդքան բողոքներից հետո իրեն մեդալի են արժանացրել, ինքը աշխատում է նույն զորամասում էլ ավելի բարձր պաշտոնում։ Հա՛, հասկացանք՝ ինքը մասնակցել է պատերազմին, բայց իր վրա քրեական գործ կա, երբ ինքը ապացուցեր, որ ինքը մեղավոր չէ, այդ ժամանակ թող իր պաշտոնը բարձրացնեին կամ թող աշխատեր նույն տեղում։ Հույս էլ չունեմ, որ ինչ-որ բանի կհասնենք, բայց մենք՝ ծնողներով, որոշել ենք, որ մինչեւ վերջ գնալու ենք, անգամ Եվրոդատարան, որովհետեւ մենք վկաներ ունենք»։

Տիկին Ալմաստի խոսքով՝ Վերանյանի կողմից 4 վկա կա, որոնք դատարանում առաջիկայում հարցաքննվելու են․ «Մենք չգիտենք՝ որտեղից հայտնվեցին իր վկաները, երբ ինքը դեպքի պահին մենակ է եղել, իր զինընկերներն են։ Մենք իրենց չենք լսել։ Ոստիկաններն են վկայություն տվել, ոստիկանները ասել են, որ ԱԹՍ-ի ձայնը եկել է, իրենք այդ պահին կանգնեցրել են «Ուրալը», եւ իջեցրել են էրեխեքին, ու Վերանյանը եկել է, հրամանը տվել է, որ պիտի շարժվեք, դա ձեր խնդիրը չէ, դա ՀՕՊ-ի խնդիրն է, ու ոստիկաններն ասում են, որ, այո՛, մենք իրենց այդ պահին զգուշացրինք, բայց իրենց վերադասն է, պիտի անպայման իրեն լսեն»։

Նիստերը սկզբնական շրջանում շատ լարված մթնոլորտում են անցել, անգամ գործ կա հարուցված․ «Ինքը էնքան հպարտ է գալիս, նստում, ոնց որ մենք ենք մեղավոր, ու ինքը ոչ մի բան։ Ոնց որ վրեքներս ծիծաղի, հա՛, ինքը չի սպանել, բայց իր պատճառով է եղել։ Զինվորի մեկի եղբոր դեմ գործ կա, ես իմացա, որ այդ օրը վիճաբանություն է տեղի ունեցել դրա համար էլի։ Ես այդ օրը ներկա չեմ եղել»։

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ Վերանյանը փորձել է իրենց՝ հարազատների միջոցով ազդեցություն գործել․ «Ուղարկում էին մեր տները, թե ինչի կարիք ունես, ոնց որ փողով ուզում էին մեզ առնեին։ Չերեզներով գտել են մեր հարազատներին, որ գնացեք, գտեք, որ չբողոքեն, ասում էին՝ ինչի կարիք, խնդիր ունեն, մենք կհոգանք։ Բայց ես բոլորին, անգամ իմ ծնողներին ասել եմ, որ ձեր խնդիրը չէ, իմ երեխան է, ես կորցրել եմ երեխայիս։ Մենակ իմ դեպքում չէ, այլ բոլորի տներն ինքը մարդ է ուղարկել։ Մենք դրա մասին դատարանում էլ ասացինք, բայց դատարանը մեզ ասում է՝ փաստեր ներկայացրեք։ Այդ մարդը եկել է, ես չեմ կարող կողմնորոշվել, զապիս անեմ, տանեմ դատավորին փաստերով ցույց տամ»։

Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես՝ տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխելու։ Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել, եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Ըստ հաղորդագրության՝ Անդրանիկ Վերանյանը, անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե իրենց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 18 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 17 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։ Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։

Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում) հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի