Մշակույթ Ավելին 2 ամիս առաջ - 22:49 25-05-2022

Ռաֆո՛, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս. Անտոն Քոչինյանը՝ Ռաֆայել Իսրայելյանին

1968 թ. մայիսի 25-ին տեղի է ունեցել Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրի հանդիսավոր բացումը։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը գտնվում է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի մոտակայքում: Այս հուշահամալիրի ստեղծման պատմությունը սկսվում է 1965 թվականից, երբ այն ժամանակվա կուսշրջկոմի քարտուղար Վ. Դարբինյանը քանդակագործ Սամվել Մանասյանին առաջարկում է Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակին նվիրված մի հուշաքանդակ կանգնեցնել: Մանասյանը միանգամից մտածում է քանդակել այն ժամանակներին շատ բնորոշ ավտոմատավոր զինվորի արձան`պատվանդանի վրա: Սակայն, բարեբախտաբար, քանդակագործը այնքան խելացի էր, որ որոշում է նախ խորհրդակցել ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի հետ: Իսրայելյանը արագ փակում է ավտոմատավոր զինվորի թեման և հայտարարում, որ պետք է հզոր գործ ստեղծել։

Ռաֆայել Իսրայելյանն իր իսկ նախաձեռնությամբ իրականացրել է հուշահամալիրի նախագիծը, որն ունեցել է բազմաթիվ տարբերակներ։ Իսրայելյանի առաջարկած նախագծի առաջին տարբերակում նախատեսված էր զանգակատան տեղում 40 մետր բարձրությամբ, մեծ, դեպի երկինք սլացող թուր կանգնեցնել: Այս գաղափարը դուր չի եկել Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին: Քոչինյանն ասել է. «Ռաֆո՛, էդ երբվանի՞ց ես մատիտի փոխարեն թրով ման գալիս»: Քոչինյանն այդ կերպ ակնարկել է, որ նման նախագիծը երբեք չի կարող հաստատվել Կենտկոմում:

Ռաֆայել Իսրայելյանը թրի փոխարեն նախագծել է զանգաշտարակը կամ զանգակատունը: Հետագայում ճարտարապետն ինքն էլ այս տարբերակը համարել է ճիշտ ու հետաքրքիր, քանի որ 1918-ին Սարդարապատի ճակատամարտի մասնակիցները հավաքվել ու թուրքական բանակին դիմավորել են եկեղեցու զանգերի ղողանջներով։ Հանուն Հայաստանի գոյատևման պայքարի սկիզբը ազդարարել են եկեղեցիների զանգերը, որոնք այս հուշահամալիրում ստացել են նաև փառքի, հաղթանակի, վերածննդի ու կյանքի շարունակության խորհուրդ:

Զանգակատան վեց զանգերը ձուլված են Ֆրանսիայում: Զանգերի մեղեդին մշակել է անվանի կոմպոզիտոր, երաժշտագետ Ռոբերտ Աթայանը:

Զանգակատան տպավորությունն ու ներգործությունն այնքան մեծ է, որ լիտվացի հայտնի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը, ազդված այս կոթողից, գրել է իր «Սարդարապատի զանգերը» բանաստեղծությունը։

Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի:
Ասես մարդկային արցունքները ջինջ
Խտացել այստեղ, դարձել են պղինձ:

Հուշահամալրի քանդակագործներն են Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը և Արա Հարությունյանը։ Հենց նրանց շնորհիվ ավելի տպավորիչ ու տեսանելի է դարձել Ռաֆայել Իսրայելյանի հզոր այս մտահղացումը։

Հենց սկզբում, սանդուղքներով բարձրանալով, առաջինը քեզ դիմավորում են 8 մ բարձրությամբ թևավոր ցուլերի՝ կարմիր տուֆից պատրաստված քանդակները։ Ցուլերի կերպարները վերցված են հին հայկական դիցաբանությունից։ Դեմ առ դեմ կանգնած ցուլերը խորհրդանշում են հայ ժողովրդի հավատարմությունը, հզորությունը և ոգու անկոտրումությունը։

Զանգակատունը անցնելով՝ հայտնվում ենք երկար, լայն, կանաչապատ ճեմուղու վրա, որի երկայնքով, աջ կողմից միմյանցից հավասար հեռավորության վրա տեղադրված են հինգ արծիվների հզոր ու տպավորիչ քանդակները:

Իսրայելյանի մտահաղացմամբ՝ արծիվները պետք է նայեին դեպի Թուրքիա, բայց ԽՍՀՄ տարիների կոմպլիմենտար քաղաքականությունը թույլ չի տվել իրագործել այս մտահղացումը։ Արծիվները նայում են դեպի Հայաստան:

Ճեմուղին ավարտվում է հուշապատով, որը նույնպես քանդակագործական մի շքեղ կոմպոզիցիա է։

Հուշահամալիրի բացման մասին ճարտարապետ Վարազադատ Հարությունյանն իր հուշերում գրել է. «Վերջապես ավարտվեցին շինարարական աշխատանքները և 1968 թվականի մայիսին տեղի ունեցավ հուշարձանախմբի հանդիսավոր բացումը, որին մասնակցելու էին եկել Երևանից, հանրապետության տարբեր քաղաքներից, Հոկտեմբերյանի շրջանի շատ գյուղերից, ինչպես նաև Սփյուռքից ժամանած հայեր: Հիրավի, դա բացառիկ մի իրադարձություն էր, որ առհավետ պիտի մնա մասնակիցների հիշողության մեջ: Ռաֆոյի հետ միասին բարձունքում կանգնած դիտում էինք, թե ինչպես մարդկային հոծ բազմությունը շարժվում էր խճուղով: Ընկերս հուզված էր՝ համակված հպարտության ազնիվ զգացումով: Դա ստեղծագործական հաղթանակի վայելման զգացումն էր: Սարդարապատի անսամբլը դարձավ Եղեռնի զոհերի հուշարձանի նման մի նոր սրբատեղի»:

Ֆոտոշարք

Նաիրա Եղիազարյան

արվեստաբան