Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:37 23-05-2022

Երբ ցանկալին ներկայացվում է իբրև իրականություն

Մեզանում տարածում գտած հիպոթետիկ պահանջատիրությունը, որի երկրորդ շնչառության ականատեսն ենք դառնում վերջին շրջանում, հար և նման է երթուղային տաքսիների հայ վարորդների՝ կյանքի կոչման կարոտ անուրջներին: Եթե չկռահեցիք, թե խոսքն ինչի մասին է, պարզաբանեմ՝ վերջիններիս երազանքը (գաղափարը չթռցնելու համար՝ դեռևս չբարձրաձայնված) ՝ լայնքով ու երկայնքով ընդլայնվելու ունակ երթուղայիններն են…Դե այնպիսիք, էլի, որոնք ունակ կլինեն տեղափոխել այնքան ուղևոր, որքան սրտներն ուզի: Ռեզինե, գերառաձգական այնպիսի երթուղայիններ, որոնց սկզբնամասն, ասենք՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածում, հետնամասը՝ Շենգավիթում կլիներ: Հարկ եղած դեպքում էլ շառավիղը կընդլայներ՝ լայնքով ու խորքով… Հիպոթետիկ պահանջատիրության հիմքում էլ է ընկած սերնդեսերունդ փոխանցված նվիրական երազանքը: Խիստ ընդգրկուն՝ ծովից ծով ներառող, հեռավոր այն օրերի գաղթի ժամանակ էլ՝ Մուրադ գետին պահ տված ու տարբեր տեղերում թաքցրած կարասների մեջ պահված ոսկեղենի «տունդարձի» երազանքը: Ըստ իս՝ անիրական: Ճիշտ է, ամեն ինչ առավել քան բնական ու հասկանալի է, վարկածային տարբերակով էլ՝ թերևս վերադարձման ենթակա: Իսկ այ թե դրան հասնելու համար ինչ է արվում, տրամաբանական քայլերի ինչ հերթագայությամբ ու հետևողականությամբ, խնդիրն այստեղ է:

Ակամայից հիշեցի Հարվարդի համալսարանի ուսանողության համար գրված ներքին կոդեքսում ներառված մոտիվացնող օրենքներից մեկը: «Եթե դու հիմա քնես, ապա շատ հնարավոր է երազումդ տեսնես այն, ինչ փափագում ես: Իսկ եթե փոխարենը կրթությունն ընտրես , երազդ իրականություն կդարձնես…»: Կոդեքսում ներառված, մտորման տեղիք տվող հաջորդ օրենքը ասես սրա շարունակությունը լինի՝ «Նույնիսկ հիմա քո թշնամիները գրքեր են թերթում…»,- ասվում է նրանում: Այլ կերպ, նրանք առավել քան համոզված են, որ ապագայի մեջ ներդրումներ կատարողներն ու սին երազանքներին չտրվողներն են իրատեսները: Ասելիքս պարզորոշ դարձնելու համար բերեմ մեկ այլ օրինակ, թե ինչպես են հայերիս կողմից արհամարհված, ատելի համարվող թուրքերը, տափաստանային ասիաներից մեզ մոտ հասած մամլուքների ժառանգները մտածում իրենց ապագայի մասին, ու ինչ հետևողականությամբ, պետական քաղաքականության ինչ մակարդակով: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ազգակիցներին ուղղվելիք «պրովոկացիոն» հարցերի տեսական հնարավորությունը, թուրքական պետության պատասխանատուները ցածր դասարանների աշակերտներից սկսած՝ մինչև բուհավարտ երիտասարդներ ու հանրային լայն շրջանակների ներկայացուցիչներ, բոլորին «հուշել» էին Ցեղասպանության փաստը ժխտող, նրանց կողմից տրվելիք «սպառիչ» պատասխանները… Սա արվել էր այն նպատակով, որ չլինի այնպես, որ աջ ձեռքը չիմանա, թե ինչ է անում ձախը: Ավելին, մինչ մենք շարունակում ենք տապակվել զայրույթից, մեր ներսում բորբոքելով թրքատյացության կրակը, նրանք «հայագիտական կենտրոններ» են հիմնում, համացանցը հագեցնում թուրքասեր «հայերի» պատմական անցքերի «սրբագրման» անհրաժեշտությանը վերաբերող «տրամաբանական» դիտարկումներով:

Ասում են՝ հիմարները սովորում են սեփական, խելոքներն՝ այլոց սխալների վրա: Հաջորդ՝ մտորման ու նախանձի տեղիք տվող օրինակը վերաբերում է Վրաստանի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող առավել քան խելամիտ, նախանձ շարժող քաղաքականությանը: Թուրքական ներկայությունը հարևան Վրաստանում խիստ ակներև ու ամենուր է: Բենզալցակայաններ, առևտրի կենտրոններ, հանգստյան գոտիներում արված ներդրումներ, ճանապարհաշինություն և այլն: Բայց այս ամենից ավելի կարևորը (մեզ առավել անհանգստացնողը)՝ գիտության և կրթության ոլորտում արվող ներդրումներն են (գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր, լաբորատորիաներ): Սա նշանակում է, որ տարիներ անց՝ արված ներդրումների պտուղներն էլ են նրանցը լինելու: Հենց այդպես, նրանք տրամաբանական, կշռադատված ու հետևողական քայլերի հաշվին երաշխավորված ապագային միտված ծրագրեր են կառուցում, իսկ մենք շարունակում ենք անրջել գտնվելիք մի կոտ ոսկու և առաձգական երթուղայինների մասին…

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
16:26 Կալանքը վերածվում է պատժամիջnցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ. «Ծառուկյանի և այլ քաղբшնտարկյալների պաշտպանության խորհուրդ»
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո
14:18 Կալանավայրում գտնվելու ընթացքում չի բարձրաձայնել առողջական խնդրի մասին. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
12:51 Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և դատաիրավական համակարգի խղճին. Մանե Թանդիլյան