Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:28 21-05-2022

Մի քանի նրբությունների մասին

Միշտ, երբ հաշվի չեն նստում դիալեկտիայի օրենքների հետ, շատ թանկ են վճարում։ Այսօր հրապարակ դուրս եկած ընդդիմությունը, միասնաբար ու առանձին, նախ մտածում է, թե ինչպես պետք է բաժանի արջի մորթին, հետո նոր փորձում է ինչ-որ ձևեր փնտրել` արջին որսալու համար։

Հենց այս տարաժամ մեթոդիկան ու տակտիկական սխալը, նաև ուժերի նման խտրական սահմանափակումները լրիվ բավարար են, որ արգելակվեն կամ առնվազն դանդաղեն միանգամայն հնարավոր քանակական փոփոխությունները։ Իսկ առանց առլեցուն հրապարակների ու առանց անկասելի ժողովրդական ալիքի՝ ոչ մի որակական փոփոխություն այս բողոքի ու քաղաքացիական անհնազանդության շարժումը չի ունենա։ Եվ դանդաղ կմաշվի, կհանգչի։

Իսկ Նիկոլը գիտի, իրեն արդեն հուշել են, որ ընդդիմության ամեն մի կրավորական կեցվածք ու հապաղում տեմպի կորուստ են։ Ցավոք, նաև Նիկոլի ընտրած թրքանալու ճանապարհից դուրս գալու համար սկսված քաղաքական պայքարը իմաստազրկումով է հղի։ Պետք է գիտակցել, որ բացասման բացասումը դիալեկտիկական օրենք է ու գործում է առանց որևէ մեկի ցանկությունը հաշվի առնելու։ Ուրեմն, այսօր փողոց դուրս եկած ընդդիմությունը առնվազն պետք է հրապարակավ հայտարարի, որ վաղը, երբ Նիկոլի ռեժիմը մերժված լինի, իրենք պատրաստ են բացասվել։

Նիկոլին հասկացրել են, որ ընդիմության դանդաղելու, տեսանելիորեն առկա ներքին հակասությունները չլուծելու դեպքում ժամանակն իր օգտին է աշխատում, քանի որ ամեն օրվա հետ դժվարանում է իշխանական հակադրության դեմ պայքար մղելն ու այն հաղթահարելը։ Եվ Նիկոլը հանգստացնող միջոցները լուռ ընդունում ու սպասում է, այլ ոչինչ չի անում, ու չեն էլ թողնում, որ նա իր սովորական ամպուլայի մեջ մտնի։ Եվ նա ընդամենը շարունակում է պաշտպանվել ոստիկանական բիրտ ուժով։ Այս վիճակը, սակայն, հավերժ տևել չի կարող ու անխուսափելիորեն պետք է զարգացում ունենա։

Այսօր իշխանության ձգտողները, հավանաբար, տարիներ առաջ մտածել են այդ մասին։ Ուստի և անպայման պետք է կարդացած լինեն Լենինի հատորները ոչ թե գաղափարական, այլ քաղաքական պայքարի այբուբենին ծանոթ լինելու համար։ Իսկ եթե ծանոթ են, ապա ինչո՞ւ չեն կիրառում քաղաքական նպատակին հասնելու համար բոլոր ուժերն օգտագործելու մեթոդը։ Երբ Լենինին, օրինակ, հարկավոր էր փետրվարյան հեղաշրջումից հետո իր ձեռքը վերցնել իշխանությունը, կարողացավ օգտագործել և՛ էսէռներին, և՛ մենշևիկներին, և՛ կադետներին՝ բոլորին։ Մինչդեռ բոլշևիկները այս համախմբում ամենաթույլ ուժն էին։

Այսինքն՝ հիմա Նիկոլի ռեժիմի ընդդիմության դերն ստանձնած ուժերը պետք է նախ և առաջ հենց իրենց համար որոշեն՝ ինչն է առաջնային ու կարևոր` արջի մորթին բաժանե՞լը, թե՞ արջին որսալը։

Եվ էլի մի կարևորություն։ Անհրաժեշտ է, ի վերջո, կարգի հրավիրել կանանց համար օրենքով սահմանված քվոտաների սողանցքով քաղաքական դաշտում հայտնվելու նկրտումը փայփայող ընդդիմադիր տիկնանց։ Գոնե հիմա ավելորդ ու անտեղի գրգիռներ առաջացնող նրանց ներկայությունը ժողովրդական արդարացի բողոքի հրապարակում պետք է խելամտորեն սահմանափակել։ Նրբանկատորեն նաև նրանց պետք է հասկացնել, որ քաղաքական ասպարեզը պոդիում չէ, որտեղ նույն շորիկով ու կոշիկներով երկրորդ անգամ երևալը ամոթ է։ Եթե այս տիկնայք, շքեղ ու թանկագին զգեստներից, պճնանքի առարկաներից ու հավակնություններից բացի, ուրիշ ոչինչ չունեն ցուցադրելու, ապա իրենց զրնգացող դատարկությամբ գոնե պետք է չշեղեն հայ մնալու համար պայքարի դուրս եկած ցուցարարների միտքը։

Ոչ ոք այսօր իրավունք չունի անտեսելու իրողությունը, որ ընդդիմադիր քիչ թե շատ երևելի անձի թեկուզ և չնչին կրավորական վարքը, իշխատենչ դրսևորումը ստանում են «էս էլ ա դառնում իշխանության համար պայքար», «եթե սրանք են վաղը դառնալու իշխանություն, ուրեմն իմ պայքարն իզուր ա դառնում» կամ համանման արձագանք։ Եթե արդյունք ենք ուզում, ապա անհրաժեշտ է գիտացել ու հաշվի առնել, որ այսօր փողոց ու հրապարակ դուրս եկած մարդը պայքարում է նիկոլիզմի դեմ նաև այն պատճառով, որ թավշյա ռեժիմի համար իշհանությունը նպատակ է։ Իսկ իշխանափոխություն համար պայքարի դուրս եկած հայ մարդն ուզում է, որ իշխանությունը լինի ժողովրդի ու պետության խնդիրները լուծելու, ազգի ու երկրի անվտանգությունն ապահովելու նպատակներն իրագործելու միջոց։

Նույն կերպ դադարեցնել է պետք մամուլի կամ որևէ մեկի բերանով «որդուս են ձերբակալել» աղաղակն արրձանագրելու միջոցով վաղը նրա համար մանդատ կամ պաշտոն ապահովելու երաշխիք ստեղծելու միամիտ պրակտիկան։ Բոլորը հայ են, ու բոլորը լավ հասկանում են, թե ով ինչու է աղաղակում։ Ով այսօր բարձրախոս ունի, ու հրապարակում հայտարարում են, թե վաղը միայն այսպիսիներն ու այսպիսիներն են իշխանության մեջ լինելու, նախ և առաջ ինքն իրեն է համարում «այդպիսին»՝ արդեն իսկ ընտրյալ։ Մինչդեռ առավելագույնը, որ բողոքի ցույցի առաջնորդը կամ կազմակերպիչը իրոք իրավունք ունի ասելու ու պետք է ասի, դա «ես վաղը ոչ մի պաշտոնի չեմ հավակնելու» կամ «ես վաղը ստանձնելու եմ այս ու այս պաշտոնը, որպեսզի իրագործեմ ժողովրդի այս ու այս որոշումը, ապահովեմ երկրի ու ազգի այս ու այս խնդրի լուծումը» խոստումը պետք է լինի։ Դա ազնիվ կլինի ու հասկանալի կդառնա բոլորին։

Մարդիկ գիտեն, որ այսօր դա ասողը վաղը ոչ թե պաշտոն է զբաղեցնելու, այլ պատասխանատվություն է ստանձնելու։

Ձեզ գուցե հետաքրքրի