Երևան +17°
copy image url
Մշակույթ Ավելին 1 տարի առաջ - 21:05 20-05-2022

Ի՞նչ է, ես պետք է հավերժ գրե՞մ․ չէ՞ որ նույնիսկ Տեր Աստվածն արարել է ընդամենը վեց օր

1799 թ. մայիսի 20-ին Ֆրանսիայի Տուր քաղաքում ծնվել է գրող Օնորե դը Բալզակը։

Օնորե դը Բալզակի ծնողները երազում էին, որ իրենց որդին իրավաբան դառնա։ Սակայն իրավագիտության բակալավրիատի առաջին կուրսի քննությունները հանձնելուց հետո Բալզակը թողեց ուսումն ու գործավարությունը և ընտանիքին հայտարարեց, որ մտադիր է դառնալ մեծ գրող։

Այս որոշումն, իհարկե, մեծապես վրդովեց Բալզակի ծնողներին, բայց այնուամենայնիվ, նրանք խոստացան նյութապես ապահովել իրենց որդուն երկու տարի, որի ընթացքում նա կա՛մ պետք է հաջողեր գրող դառնալ, կա՛մ վերադառնար իրավաբանությանը։

1819 թ. օգոստոսին Բալզակի համար ծնողները վարձակալեցին Փարիզի արևելյան մասում գտնվող արվարձանի` Մարեի աղքատ թաղամասում գտնվող շենքերից մեկի ձեղնահարկը։

Բալզակի կյանքի այս հատվածի մասին գրական մի շարք անեկդոտներ կան։

Ձեղնահարկի գինը

Պատմում են, որ փարիզյան մի հրատարակիչ Բալզակին` որպես խոստումնալից հեղինակի, որոշում է առաջարկել 3000 ֆրանկ` ապագա վեպի համար: Փնտրելով գրողի հասցեն՝ հրատարակիչը պարզում է, որ նա ապրում է Փարիզի աղքատ թաղամասում, և հասկանալով, որ հեղինակը հարուստ մարդ չէ, որոշում է գինը իջեցնել մինչև 2000 ֆրանկ։ Մոտենալով տանը՝ նա տեսնում է, որ Բալզակը ձեղնահարկում է ապրում, որոշում է գրողին առաջարկել 500 ֆրանկ։ Երբ հրատարակիչը մտնում է տուն ու տեսնում, որ տանտերը հացը թաթախում է ջրի մեջ ու ուտում, վեպի գինը սահուն իջեցնում է 300 ֆրանկի։ Բալզակը հենց այդ գումարի դիմաց էլ գրում է իր «Վերջին փերին կամ նոր կախարդական լամպը» վեպը։

Գողը

Գրողի կյանքի այս դժվար ու նյութական ծանր շրջանում մի անգամ գիշերը նրա տուն գող է մտնում, որը փորձում է կոտրել գրասեղանի դարակի կողպեքը՝ հույս ունենալով գումար գտնել այնտեղ։ Հանկարծ խավարի միջից հնչում է Բալզակի բարձր ծիծաղը։ Մահճակալին պառկած գրողը սարսափած գողին հանգիստ տոնով հանդիմանում է. «Սիրելի՛ս, դու ապարդյուն ռիսկի ես դիմում՝ փորձելով գիշերվա մթության մեջ գտնել այն, ինչը ես չեմ կարողանում գտնել ցերեկը` արևի լույսով»:

Չմարված պարտքեր

Չնայած դժվարություններին՝ այնուամենայնիվ Բալզակը գրականության միջոցով պարտքերը փակելու հույսը չէր թողնում։

1834 թվականի օգոստոսին նա գրել է. «Կես տարի տքնաջան աշխատանք, և ես ազատ կլինեմ»։

1834 թվականի դեկտեմբերին ավելացրել է. «Իրատեսորեն, ինձ ընդամենը մեկ տարի է պետք բոլոր պարտքերս մարելու համար»։

1835 թ. հոկտեմբերին` «Վերջապես ես տեսնում եմ կապույտ երկինք։ Եվս հինգ ամիս, և ես կփրկվեմ»:

1836թ. հունիսին`«Եթե մեկ տարում ելք չգտնեմ, ինձ կարող են քամած սպունգի պես դուրս շպրտել։ Թերթն առաջարկեց 20000 ֆրանկ, եթե ես ավարտեմ «Կեսար Բիրոտոն» մինչև դեկտեմբերի 10-ը… Պետք է խոստովանեմ, որ ինձ մեծ հաճույք կպատճառի մի քանի ամսում մարել այն պարտքերը, որոնք ճնշում են ինձ արդեն ինը տարի»:

Երկու տարում (1836 և 1837) Բալզակը գրել է չորս վեպ, չորս պատմվածք, բազմաթիվ այլ գործեր և լրագրողական հոդվածներ, բայց այդպես էլ չի կարողացել մարել պարտքերը։ Հաճախ նա ստիպված էր աշխատել մինչև առավոտյան վեցը։ Մի անգամ նա 15 հազար բառ էր գրել մեկ գիշերվա ընթացքում՝ գերազանցելով մինչ այդ րոպեում 33 բառ գրելու իր իսկ ռեկորդը:

Հուսահատության պահերին Բալզակը վրդովված բացականչում էր. «Ինչ է, ես պետք է հավերժ գրե՞մ։ Չէ՞ որ, նույնիսկ, Տեր Աստվածն արարել է ընդամենը վեց օր»։