copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:35 19-05-2022

Կառավարության ծրագիրը գողացված է գործարար Սամվել Ալեքսանյանից

«Մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք, և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն: Կան շահարկումներ և քննադատություններ այն մասին, որ մենք բարձրացնում ենք իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և բավարար չափով չենք բարձրացրել ու դեռ չենք բարձրացնում կենսաթոշակներ: Այո՛, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ, մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը կամ 600 000 հոգու աշխատավարձը: Իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը»:

Երեկ չէ, մյուս օրը այսպես նեղվում էր վարչապետ Նիկոլը, որ երկիրը առայժմ «հնարավորություն չունի» հավուր պատշաճի օգնելու իր սոցիալապես անապահով խավին։ Վերջապես այսօր՝ մայիսի 19-ին, կառավարությունը երկար փնտրտուքից հետո առաջին իսկ հնարավորությունն օգտագործում է մարդկանց սոցիալական խնդիրների լուծման ճանապարհին՝ հաստատելով «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը, կարճ ասած, այն է, որ եթե կենսաթոշակառուները իրենց թոշակները ստանան քարտով և առևտուր անեն անկանխիկ, ապա ամսվա վերջին առավելագույնը 5 հազար դրամ ետվաճար կստանան։ Սրա կեսը տրամադրելու է գործընկեր բանկը, որից օգտվում է թոշակառուն, մյուս կեսը՝ պետությունը։

Այս մեխանիզմով վաղուց գործում է Քարֆուր սուպերմարկետների ցանցը, մի քիչ այլ տարբերակով՝ Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ների ցանցը՝ իր «հավատարիմ հաճախորդի» քարտերով։ Կառավարությունը նույն մեխանիզմն է ներդնում, բայց մի տարբերությամբ, որ անկախ առևտրի չափից՝ 5 հազար դրամից ավել չի վերադարձնում։ Այնպես որ, սա Սամվել Ալեքսանյանի և ոչ թե կառավարության ծրագիրն է։ Ընդ որում՝ կիսատ-պռատ։ Տղերքը կարող էին «ավելի հեռուն գնալ», թոշակառուներին առաջարկել առևտուրն անել Սիթիներից, օգտվել հավատարիմ հաճախորդի քարտերից ու զեղչերի մեխանիզմից, եթե, ինչպես ներկայացնում են, կառավարության նպատակը գնաճի հետևանքները մեղմելն է։

Ի տարբերություն կառավարության՝ պարոն Ալեքսանյանը «հավատարիմ հաճախորդի» մեխանիզմը ներդնելիս հաստատ հաշվարկել է, թե դրա շնորհիվ ինչքանով են ավելանալու իր խանութներում առևտրի ծավալը և մեծ առումով՝ իր շրջանառությունն ու եկամուտները։ Մինչդեռ կառավարությունն այս միջացառումն անելիս չգիտի, թե քանի կենսաթոշակառու հնարավորություն ունի գործնականում օգտվելու դրանից։ Խնդիրն այն է, որ չգիտեն էլ, թե հանրապետությունում, հատկապես Երևանից դուրս, քանի՞ թոշակառու է թոշակ ստանում քարտային տարբերակով, քանի՞ խանութ է անկանխիկ առևտուր անում և Երևանից դուրս քանի՞ գյուղական բնակավայրում է այս կամ այն բանկի բանկոմատ տեղադրված։ Երևանին կից մարզերում՝ քաղաքից 15-20 կմ հեռավորության վրա, ամբողջ տարածաշրջանում 5-6 բանկոմատ հազիվ թե գտնվի։

Այս ամենը տրամաբանական կլիներ, եթե կառավարությունը ներկայացներ ընդհանուր պատկերը, նշվեր, թե որ բնակավայրերում այս գործընթացին ինչ խանգարող հանգամանքներ կան, քանի գյուղում քանի բանկոմատ պետք է տեղադրվի, իրենք ինչ միջոցառումներ են ձեռնարկել այդ և նման բազմաթիվ այլ հարցեր լուծելու ուղղությամբ։ Այլապես այն, ինչ բեմադրվեց կառավարության նիստում, փաշինյանական հերթական աճպարարությունն էր՝ ուղղված 3 մլն վարչապետերին։

Նույն նիստում տեղի ունեցավ մեկ այլ «իրադարձություն», որն արդեն առավել քան լուրջ էր։ Կառավարությունը հավանություն տվեց երկու այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի, համաձայն որոնց՝ Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանեց 80%-ի չափով, Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանեց հավելում պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով։ Բացի այդ՝ եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30%-ը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվեց հավելավճարի գումարի 30%-ը: Հավելենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը համարժեք են ԲԴԽ անդամների աշխատավարձին, կազմում են 570 հազար դրամ՝ գումարած 160 հազար դրամ ամենամսյա հավելավճարը, որը ստանում են բոլոր դատարաններում։ Մյուս՝ Առաջին ատյանի ու Վերքաննիչի դատավորների աշխատավարձի բարձրացումը նույն մակարդակին ՀՀ կառավարության օրակարգում է, և հավանաբար առաջիկայում այդ մասին էլ կհայտարարվի:

Նշենք նաև, որ 2021թ․ մարտի 26-ին կառավարությունը չզեկուցվող նախագծով պետական բյուջեից 2021թ․-ի համար ոստիկանությանը տրամադրեց 515 միլիոն 201.000 գումար, իսկ 2022-2024թթ․-ի համար՝ արդեն տարեկան 1 միլիարդ 30 միլիոն 402.000 դրամ: Նախագծով ավելացվեցին ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը։ Նվազագույնը 400 հազար աշխատավարձ ստացող բերետավորներն ու մյուսները միայն մայիս ամսին 6,5 մլրդ դոլարի պարգևատրում են ստացել։ Սրանք արդեն լուրջ դրվագներ են՝ առանց ավելորդ «լոլոների», առանց «ժողովրդին բացատրելու, որ․․․»։

Այսօր Փաշինյանի աթոռին լինելը ամենաուղղակի ձևով պայմանավորված է այս համակարգերի աշխատակիցներով, ու այս պարագայում բյուջեում միջոցներ լինել-չլինելու հարցեր չեն քննարկվում, ինչպես թոշակառուների կամ 600 հազար չինովնիկների պարագայում։ Սրանք ու մնացած գյուղացի ու գործազուրկ վարչապետերը պետք է ըմբռնումով մոտենան․ բյուջեում ահավոր սուր դեֆիցիտ ունենք։ Իսկ իրավապահ համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու բարօրության, ինչը վերջին օրերին ամեն քայլափոխի տեսնում ենք Երևանի փողոցներում «կրասնայա շապչկաների» և դատարաններում ձերբակալվող անմեղ քաղաքացիների տեսքով։