Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:59 18-05-2022

Ականապատման շոու կամ ադրենալին փարթի

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում և մի քանի շաբաթ առաջ՝ Փաշինյան-Միշել-Ալիև բրյուսելյան հանդիպման հաջորդ օրը, Երևանի մի շարք շենքերում ռումբերի մասին կեղծ ահազանգերը հանրային մտահոգություն են առաջացրել։ Մի քանի օր առաջ՝ մայիսի 13-ին, դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգից ժամեր անց պարզվեց, որ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ է: Եթե իրավապահն այդքան արագ պարզում է դպրոցի հետ կապված ահազանգի հեղինակի ինքնությունը, ապա ո՞րն է պատճառը, որ մյուս կեղծ ահազանգերի հեղինակները չեն հայտնաբերվում։

Այս ահազանգերը հետաքննող մարմինների լռությունը կարող է հիմք տալ ենթադրելու, որ դրանք կազմակերպել են իշխանությունները ուժային կառույցների զգոնությունն ու պատրաստվածությունը ստուգելու նպատակով։ Այս դեպքում էլ իշխանությունները պետք է առաջ ընկնեն և հանրությանը հավաստիացնեն, որ այսպիսի ենթադրությունն անհիմն է, քանի որ ուժայինների զգոնությունն ու պատրաստվածությունը ստուգվում են ուսումնական վարժանքներով, որոնց մասին նախապես կամ անմիջապես հետո տեղեկացնում են հանրությանը, որպեսզի հանրային խուճապ կամ վախի մթնոլորտ չառաջանա։ Վախի մթնոլորտը ոտնձգություն է ժողովրդավարության դեմ։ Վախի մթնոլորտը, որպես հանրությանը հոգեպես ճնշելու գործիք, կիրառում են ավտորիտար, բռնապետական երկրներում։

Ահազանգերի քննության մասին պաշտոնական տեղեկատվության բացակայությունը, վախի մթնոլորտը և ներքաղաքական լարվածությունը հանրային խոսույթ են բերում ասեկոսեներ, որոնցից մի քանիսը դուրս են ողջախոհության սահմաններից։ Բայց նույնիսկ ամենախելագար վարկածն անհրաժեշտ է քննության առնել և արդյունքների մասին իրազեկել հանրությանը, քանի որ խոսքը հանրության, պետության, ժողովրդավարության դեմ սպառնալիքի մասին է։ Կարճ ասած՝ ահազանգերի քննության մասին իշխանությունների լռությունը ոչ մի արդարացում չունի։

Ժողովրդավարական իշխանություններին բնորոշ է հաշվետվողականությունը։ Եթե ականների, ռումբերի մասին կեղծ ահազանգերը պարունակում են Հայաստանի կամ ժողովրդի դեմ սպառնալիք, ապա անվտանգային կառույցները պարտավոր են իրազեկել հանրությանը, թե ի՞նչ սպառնալիքի մասին է խոսքը, ի՞նչ ուժեր են սպառնում պետությանն ու հանրությանը և ի՞նչ նպատակով։ Եթե ականապատման ահազանգերը ՀՀ-ի, ՀՀ քաղաքացու դեմ ահաբեկչական սպառնալիք չեն, քաղաքակրթության դեմ ուղղված սպառնալիք չեն, միջազգային անվտանգության խնդիր չեն, ապա ի՞նչ են՝ ականապատման շոո՞ւ, թե՞ ադրենալին փարթի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց