Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:29 16-05-2022

Դոնդողանման տեսակի հոգեվարքը

Հասարակական ապատիան, հանրության շրջանում գերակայող խորշանքն ու կարծրացող, խիստ չարագուշակ դարձող անտարբերությունը մտորման ու մտահոգության տեղիք են տալիս: Եթե ասվածին հավելենք նաև հրապարակային խոսքի արժեզրկումն ու «ֆուտուրոլոգիական» խոստումների անհամոզչությունը, ամեն ինչ ավելի հասկանալի կդառնա: Մարդկանց ոչ փոքրաթիվ մի հատված արդեն տևական ժամանակ է, ինչ անիմաստ է համարում մասնակցությունը հանրային լայնամասշտաբ նախաձեռնություններին (բողոքի ցույցեր, հանրահավաքներ, զանգվածային քայլերթեր)` կանխապես հայտնի, հասարակական գիտակցության մեջ հիմնավորապես դաջված, կանխատեսելի ու գծագրված ելքը հօգուտ հանրային բարօրության ծառայեցնելու անզորության պատճառով:

Ըստ էության՝ Հայաստանում գործող բոլոր կուսակցություններն էլ սպառել են իրենց: Նրանց միջև կառուցողական բանավեճ, ապագային միտված կոնցեպտուալ քննարկումներ չեն ծավալվում: Այսօր այդ բացն ինչ-որ կերպ փորձում են լրացնել քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք, սակայն, դեռևս կայացման փուլում են: Ստեղծված գաղջ իրականության մեջ իրենց մեղավորության մասնաբաժինն ունեն նաև հայ մտավորականները: Կա համոզում, որ ազգի սերուցքը համարվող մտածող տեսակի անկամության ու վախկոտության մեջ, ինչպես նաև նրանց անասեռ ու անդեմ պահվածքում պիտի փնտրել «չարի ծաղիկները»: Ձևավորված կարծիքի համաձայն՝ մտավորականը պետք մշտապես որոնի Ճշմարտությունը և ձգտի կատարելության: Միանգամայն ակներև է. եթե մշակույթի հիմքում բացակայում է ճշմարտության որոնման խնդիրը, ապա ընդհանուր զարգացում, արդյունավետ կառավարման համակարգ, գիտության ու կրթության բարգավաճում էլ լինել չեն կարող: Հենց բովանդակության որոնումն ու կարևորումն է պատշաճում, մյուսներից առանձնացնում մտածող տեսակին: Հիշյալ տեսակի համար ձևից առավել կարևորը էությունն է, բովանդակությունը: Մինչդեռ Հայաստանում ազգային ներկայացող մտավորականները նախապատվությունն առավելապես տալիս են ձևին՝ փորձելով չխաթարել նրա շուրջ համախմբված զանգվածի միասնությունը: Իսկ դա հղի է անցանկալի հետևանքներով: Ցանկացած բովանդակային որոնում կասկածի տակ կարող է դնել ձևն ու նպաստել հարյուրամյակների ընթացքում ձևավորված «կենսակերպի» խարխլմանը: Եթե մտավորականը դադարում է Ճշմարտության որոնումը ի նպաստ ձևի, ապա նա կարող է կատարել ցանկացած անբարոյականություն, բայց կոչվել ազգային մտավորական: Սա հատկապես վերաբերում է «ձայն բազմաց՝ ձայն Աստծո»-ի կնիքն անվերապահորեն ընդունող տեսակին: Հոսանքին հակառակ գնալը նրանց գործելակերպը չէ, նրանք նախընտրելի են համարում «փորձված թանի» անշառ՝ անցավ գլուխը փորձանքներից հնարավորինս հեռու պահելու տարբերակը: Իսկ դրա լավագույն, փորձարկված մեթոդը ընդհանուր-հիպոթետիկ, կոնկրետությունից իսպառ զուրկ մտքերն արտաբերելն է:

Այս ամենն ինձ «Огонек» ամսագրում գլխավոր խմբագիր Վիտալի Կորոտիչի կողմից ժամանակին հրապարակած կաղապարային «բանաձևն» է հիշեցնում: Ձևաբանորեն ու շարահյուսորեն անթերի շարադրանքում (ըստ հավաստի աղբյուրների հենց այդ սկզբունքով են գրվել ԽՍՀՄ «պոլիտբյուրոյի» անդամների հրապարակային ելույթները) մտքի, բանական խոսքի նշույլ փնտրելն ուղղակի անիմաստ էր: Ամենաանզուսպ ցանկության դեպքում անգամ այդ շարադրանքում առկա ասելիքի վերարտադրումը ուղղակի անհնար էր: Անհնար էր՝ դրա բացակայության պատճառով: Ըստ իս՝ նույնը վերաբերում է նաև հայ մտավորականների հանրային խոսքին, նրանց հրապարակային ելույթներին: Եթե այդ ելույթներից հեռացնես Թումանյանի, Նժդեհի ու այլոց ներկայությունը, ապա անասելի դժվար կլինի նույն այդ ելույթներում հոդաբաշխ խոսք ու կոնկրետ ասելիք գտնելը: Թուրքը, ներքին թուրքը, պատմական Արցախի անորոշ ապագան (հար և նման Շուրա Բալագանովի՝ Պանիկովսկու գերեզմանին արտասանված ճառին, հիշեցի՞ք՝ «միջազգային իրադրությունը…, մեր նամակը Չեմբեռլենին…»)… Իսկ թե կոնկրետ ինչ ենք ուզում ու ինչպես, հաջորդական ինչ քայլերով ու մարդկային ինչ միջոցներով պիտի այդ ամենին հասնենք, չի նշվում: Այս ամենի մասին խոսելու շարժառիթը հեռուստաալիքներից մեկով «Ազատության» հրապարակից հեռարձակված տեսանյութն էր, որտեղ իրենց սրտի խոսքն էին ասում հայ մտավորականները: Ավաղ, հենց այդօրինակ ելույթների ունկնդրումից հետո է Գերմանիայի ռեյխսկանցլեր դոկոտոր Պաուլ Յոզեֆ Գեբելսի ցանկությունը միանգամայն ընկալելի ու ընդունելի դառնում…

Պաուլ Յոզեֆ Գեբելս. «Մտավորական անունը լսելիս ձեռքս ակամայից գնում է ատրճանակին…»: