Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:19 16-05-2022

Վանաձորում գիշերները շների են կրակում, թեև 10մլն 400հզ դրամ է հատկացվել շների ստերջացման համար

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Վանաձոր համայնքի կենդանասերները վերջին շրջանում ահազանգում են, որ բնակիչները վնասում են թափառող շներին։ Այս թեմայի շուրջ oragir.news-ը խոսեց Վանաձոր համայնքի բնակիչ Անետ Դավթյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Վերջին շրջանում Վանաձորում շները շատ են, գիշերն էլ խանգարում են մարդկանց։ Մենք ամեն մեկս մեր շենքում երկու-երեք շուն ունենք, որոնց պահում ենք, կերակրում»։

Մեր այն հարցին, թե համայնքապետարանն ի՞նչ միջոցներով է պայքարում թափառող շների դեմ, Դավթյանն ասաց. «Քաղաքապետարանը կացարան է կառուցել, ես դրանից տեղյակ եմ, քանի որ քննարկումներին ներկա գտնվել եմ, այնտեղ ասեցին, որ այդ շներին տեղափոխելը ժամանակի հարց է, հատուկ մեքենաներ են պետք նրանց հավաքելու համար։ Դրանից հետո ես չգիտեմ՝ ինչ են արել, ինչ են այդ ուղղությամբ ձեռնարկել, տանո՞ւմ են շներին, թե՞ չեն տանում․ ամեն դեպքում՝ մեր թաղամասից դեռ շուն չեն տարել։ Ինձ նույնիսկ մի անգամ կատակով ասեցին՝ դուք սիրում եք ձեր թաղի շներին, երևի չեք էլ թողնի, որ տանեն։ Այսպես անցավ, գնաց խոսակցությունը»։ Անդրադառնալով բնակիչների՝ շներին կրակելու և սպանելու մասին մեր հարցին, Դավթյանն ասաց. «Պետք է ասեմ, որ այդ կրակոցները, որ շներին են խփում, տարբերվում են մնացած ձայներից։ Որ ժամին որ ես գրառում արեցի, դրանից մի տասը րոպե առաջ մի քանի կրակոց եղավ, հետո շների ձայնը կտրվեց։ Ես դեռ տանից դուրս չեմ եկել ու չգիտեմ, թե այն շները, որ մեր շենքի առջև էին լինում, հիմա կա՞ն, թե՞ չկան։ Այսինքն՝ դեռ տեղյակ չեմ, բայց չի բացառվում, որ մի քանի շենք այն կողմ շներին լինեն կրակած»։

Հարցին, թե քաղաքապետարանի մեղավորությունը տեսնո՞ւմ են այս ամենի շուրջ, Դավթյանը պատասխանեց.«Կան կենդանասերներ, ովքեր դեմ էին կացարանի կառուցմանը, քանի որ մտածում էին, որ կենդանիներին կտանեն այնտեղ, կսպանեն, տեղը հարմար չէ, փոքր է և այլն, իրենք կարող են պնդել, որ քաղաքապետարանն է հեղինակը։ Ես նման բան չեմ կարող ասել։ Բայց, բնականաբար, ես հարց տալու եմ քաղաքապետարանին, որպեսզի հասկանամ՝ իրե՞նք են, թե՞ իրենք չեն։ Անհատներ կարող են լինել, քանի որ ժամը 11-ից հետո շների հաչոցից հնարավոր չի լինում քնել, հնարավոր է ինչ-որ մեկի նյարդերը չեն հերիքել, դուրս է եկել, կրակել շներին։ Հնարավոր է այս տարբերակը, չեմ բացառում։ Բայց կոնկրետ մեղադրել քաղաքապետարանին և՛ ճիշտ չի լինի, և՛ բարոյական չի լինի»։

Համայնքապետարանում իրականացվող միջոցների մասին տեղեկանալու համար oragir.news-ը կապ հաստատեց Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Վանաձորում թափառող շները շատ են, դեռ վերջնական միջոցներ չենք կիրառել։ Բայց շատ են ահազանգները 911 ծառայությանը դպրոցների հարակից տարածքներից։ Մենք ահազանգեր ստանում ենք և՛ կենդանասերներից, և՛ բնակիչներից։ Հիմա 10մլն 400հզ դրամ գումար ունենք, ստերջացման մրցույթ ենք նշանակել։ Ստերջացում կանենք և կհասկանանք՝ երկրորդ փուլով ինչ համաձայնության կգանք կենդանասերների հետ։ Համայնքի ղեկավար մեզ մոտ ուրբաթ օրն են նշանակել։ Մինչ այս մենք բավականին աշխատանք տարանք, շների համար ժամանակավոր կացարան կառուցեցինք, որ կարողանայինք այդ հարցը լուծել, բայց կենդանասերների կողմից շատ լուրջ դժգոհության ալիք բարձրացավ։ Մեզ նույնիսկ վախեցրին՝ ասելով՝ քրեական գործ կհարուցենք, եթե բոլոր պահանջները չբավարարեք։ Հիմա այս գործընթացը քննարկման փուլում է, ստերջացման մրցույթ կանենք, կհասկանանք՝ ինչ ենք կարողանում անել այդ հարցը վերջնական լուծելու համար»։

Իսկ մեր այն հարցին, թե ինչ կացարանների մասին է խոսքը, արդյո՞ք դրանք համապատասխանում էին կացարանների համար սահմանված չափանիշներին, Այվազյանը պատասխանեց. «Կացարանը՝ որպես այդպիսին, կացարան չէր ամբողջական չափանիշներով, դա ժամանակավոր կացարան էր, նախատեսված էր մոտավոր 500-600 շների համար, բայց միջազգային չափանիշների համապատասխան չէր։ Մենք ի վիճակի չէինք համայնքի գումարներով այդպիսի կացարան կառուցել, կառուցված կացարանն էլ բարերարների օգնությամբ էինք կառուցել։ Քանի որ չենք կարողանում այդ ամենը անել, որոշեցինք ստերջացման մրցույթ անել, հետո հասկանալ՝ ինչպես կարող ենք այդ հարցը լուծել»։

Մեր հարցին, թե արդյո՞ք ճիշտ են այն պնդումները, որ տարբեր բնակիչներ վնասում են շներին, Այվազյանը պատասխանեց. «Մենք փաստեր չունենք, որ բնակիչները շներին վերացնում են, բայց սատկած շներ օրը 10-15 հատ տեսնում ենք, բայց չգիտենք՝ մեքենայի տա՞կ են ընկել, իր մահով մահացե՞լ, թե՞ վերացրել են։ Այդ հարցին հստակ չեմ կարեղ պատասխանել։ Կրակոցի հետևանքներով մահացած շներ չենք տեսել»։

Ձեզ գուցե հետաքրքրի