Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:18 14-05-2022

Թող գաղտնիք մնա․ Ռուբեն Վարդազարյանը՝ Գագիկ Ջհանգիրյանին ուղղված գրառման մասին

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որն ուղղված ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին։ «Ջհանգիրյա՛ն, առաջարկդ մերժում եմ»,- գրել էր Վարդազարյանը։

Մի շարք լրատվամիջոցներ շտապել էին ենթադրություններ անել, թե հատկապես ինչ առաջարկի մասին է խոսքը, սակայն Վարդազարյանը որևէ տարբերակի չէր արձագանքել ու չէր նշել, թե ինչի մասին է խոսքը։ Գրառումը կատարելու օրը Վարդազարյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Oragir.news-ը այսօր փորձեց կապ հաստատել Վարդազարյանի հետ՝ ճշտելու համար, թե ի վերջո ինչ առաջարկի մասին էր նա խոսում։

-Գրառման հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ անում։ Թող գաղտնիք մնա։ Ես հեռախոսազանգերին պատասխանում եմ, որպեսզի չթվա, թե խուսափում եմ զանգերից, բայց այդ գրառման հետ կապված հարցերի չեմ պատասխանի։

-Այդ դեպքում Ձեր քրեական գործին անդրադառնանք, վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 21-ին, այսօր արդեն մայիսի 14-ն է, մոտ 2 ամիս է՝ նիստ չի հրավիրվել, սա արհեստակա՞ն ձգձգում է։ Առհասարակ ինչ փուլում է քրեական գործը։

-Վերջին նիստում մենք բացարկ ենք հայտնել դատավորին։ Դատավորը բացարկի մեր միջնորդությունը մերժել է, և աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվել է։ Եթե ես քաջատեղյակ չլինեի դատական համակարգից, կասեի, որ ձգձգումը արհեստական է, բայց քանի որ քաջատեղյակ եմ և գիտեմ դատավորների սոսկալի ծանրաբեռնվածության մասին, ապա նորմալ եմ համարում։

-Ինչո՞վ է պայմանավորված անվստահությունը դատավորի նկատմամբ։

-Դատավորին բացարկ հայտնելու մեր միջնորդությունը կապված չի եղել դատավոր Մանվել Շահվերդյանի անձի հետ, այլ բացառապես կապված է ձեռքով մակագրության հետ։ Գտնում եմ, որ ձեռքով մակարգրությունը արհեստական էր կատարվում, որպեսզի որոշ քրեական գործեր մակագրվեն Ջհանգիրյանի սրտին հաճելի դատավորին։ Այդ կերպ ստեղծված դատարանները համարում եմ ոչ օրենքի հիման վրա ստեղծված դատարան։ Այդ հիմքով էլ բացարկ ենք հայտնել Մանվել Շահվերդյանին։

-Ստացվում է՝ ում էլ մակագրեին ձեռքով, դուք բացա՞րկ էիք հայտնելու։

-Այո՛, միանշանակ, որովհետև բազմաթիվ անգամ ասել եմ, էլի եմ ասում, որ դատական իշխանություն կոչվող համակարգի այն բաժինը, որ մակագրմանն էր վերաբերվում, այդ սերվերը առգրավելը նպատակ է ունեցել անցնել ձեռքով մակագրման համակարգին, իսկ ձեռքով մակագրությունը ես համարում եմ ապօրինություն․ և՛ առգրավումն է ապօրինի, և՛ ձեռքով մակագրությունը։ Հետևաբար, որպես թունավոր ծառի պտուղ՝ այդ կերպ ստեղծված դատարանն էլ ապօրինի է։

-Հատկանշական է, որ ավտոմատ մակագրման համակարգի բանալիների վերադարձից հետո տևական ժամանակ ձեռքով մակագրությունները շարունակվում էին։

-Իմ տեղեկություններով ուղիղ 3 օր է, ինչ համակարգն աշխատում է, և ավտոմատ են մակագրությունները կատարվում։ Սակայն բանալիները վերադարձվելուց հետո շուրջ 40 օր չի գործարկվել այդ համակարգը։

-Սա ինչի՞ մասին էր վկայում։

-Որ դեռ կային քրեական գործեր, որոնք անհրաժեշտ էր ձեռքով մակագրել։

-Այսինքն՝ վե՞րջ, էլ քաղաքական պատվերներ չե՞ն լինելու։

-Վստահ եմ, որ դեռ լինելու են, ուղղակի ավելի երկար ձգելը խեղկատակության էր նմանվում։ Այդ պատճառով ստիպված գործարկվեց։

-Եվ վերջում անդրադառնանք նաև ՍԴ որոշմանը, ըստ որի՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի ընտրությունը ճանաչվեց սահմանադրությանը համապատասխանող։ Դատարանը գտավ, որ տարիքային սահմանափակումը խոչընդոտ չէ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

-Ես ՍԴ որոշումը մեկնաբանելու ո՛չ իրավունք, ո՛չ առաքելություն, ո՛չ ցանկություն չունեմ։ Բայց գտնում եմ, որ ՍԴ-ն դուռ բացեց, որ այս կամ հաջորդ իշխանությունները գտնեն 95-ամյա զառամյալ ծերունի և ասեն, որ մենք ցանկանում ենք, որ այս ծերունին դառնա ԲԴԽ անդամ, ինչո՞ւ չէ՝ նաև նախագահ։ Սա բնական իրավունքի խախտում եմ համարում, որովհետև օրենսդիրը արգելում է բոլորին 65 տարեկանից հետո աշխատել պետական համակարգում։ Այսինքն՝ անձը չի կարող աշխատել ուսուցիչ, չի կարող աշխատել բժիշկ, անձը չի կարող աշխատել սոցիալական ծառայող, բայց ԲԴԽ անդամ և ԲԴԽ նախագահ կարող է․ դա բնությանը և ֆիզիոլոգիային դեմ մոտեցում է։