Երևան +17°
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:38 10-05-2022

Իսկ Արման Թաթոյանն ինչո՞ւ է հապաղում․ Վահե Հակոբյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ես ասեմ, որ հարթակը բաց է, ցանկացած մարդ կարող է գալ, խոսք խնդրել ու ասել՝ ինչ ուզում է, լինի Արման Թաթոյանը կամ որևէ այլ քաղաքական կամ ոչ քաղաքական գործիչ։ Մենք բազմիցս շեշտել ենք, որ սա ժողովրդական շարժում է»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են ընդդիմադիրները հապաղում հրապարակելու շարժման միասնական առաջնորդի անուն։ Նախօրեին քննարկվում էր Արման Թաթոյանի անունը, և շատերն ակնկալում էին, որ Իշխան Սաղաթելյանը նաև առաջնորդի անուն կհնչեցնի։

«Իսկ Արման Թաթոյանն ինչո՞ւ է հապաղում»,- ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, թե արդյոք Թաթոյանի հետ բանակցություններ եղել են, նա պատասխանեց, որ չի կարող պատասխանել այդ հարցին։

Անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե Բրյուսելում հայկական կողմն համաձայնել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչը ենթադրում է, որ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Քյարքին պետք է հանձնվեն Ադրբեջանին, Հակոբյանն ասաց, որ իրենց ակցիաները դանդաղեցնում են այդ պրոցեսները։

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ իշխանությունները կարող են դե-ֆակտո զիջումների գնալ, նա պատասխանեց, որ չի ստացվելու։ «Ադրբեջանական կողմը շտապում է, քանի որ իշխանափոխությունից հետո իրենք լինելու են ոչ երանելի վիճակում։ Պետք է նաև փաստել, որ այն ինչ է ստորագրում է Նիկոլը ժողովրդի մեջքի հետևում․ մենք իմանում ենք ադրբեջանական կողմից։ Սա ևս մեկ անգամ այն մասին է խոսում, որ նա պետք է հեռանա»։