Ուղիղ եթեր
copy image url
Միտք 1 տարի առաջ - 21:27 09-05-2022

Երբ ինքդ էլ չգիտես, թե ինչ ես ուզում…

Հայերը եթե ծով ունենային, այն հաստատ «Համբերության» էր կոչվելու…

Գուցե հենց անափ համբերության մե՞ջ է հայ տեսակի հարատևության գաղտնիքը: Հանուն պայծառ ապագայի նողկալի այսօրը հանդուրժելու մարզվածության մե՞ջ, հը՞... Ո՞վ գիտե: Թեև լավ էլ գիտենք ու լավ էլ հակադարձում ենք․ «Անհնար է, անհնար՝ հայոց ոգին ընկճել»… Գիտենք, քանի որ «Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան» -ի մեջ համոզված Ջիվանի ունենք, ու նաև նեղ օրվա համար նախատեսված խավիարի «զակատներն» են անպակաս...

Իսկ եթե ավելի անկեղծ, գիտե՞ք, թե հայաստանաբնակների ո՞ր հատվածի համար է գնալով ամեն ինչ ավելի սոսկալի դառնում: Չգիտե՞ք… Բարեկիրթ ու արժանապատիվ ապագայի հանդեպ հույսն իսպառ կորցրած, այս կամ այն աշխարհաքաղաքական պահունակում չհայտնված, նրանց կողմից տրամադրված «հումանիտար կալորիաների» դիմաց բազում մանրիկ ծառայություններ չմատուցած, «սթրեսային ծագումնաբանությամբ բազում հիվանդություններին մեկն էլ ավելացրած հատվածի համար, ում աչքը «ջուր է կտրել» անվերջ վերադարձից... Որոշակի պարբերականությամբ Հայաստանին պաշարող ճգնաժամից, ստեղծված իրավիճակներից դուրս գալ չկարողանալու բարդույթից:

Անհամեմատ ավելի բարձր կենսամակարդակ ունեցող երկրների պետական այրերն անգամ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ կտրուկ, չկշռադատված հայտարարություններ չեն անում: Չեն անում`իրավիճակի սթափ գնահատման ու դրանից անցավ դուրս գալու մտահոգությունից դրդված: Մեզ մոտ հակառակն է․ ով ասես, ինչ ասես կարող է խոսել, սրտի ուզածի չափ բարբաջել`դրա համար պատասխանատվության չկանչվելու, տգետ չորակվելու վստահության պատճառով: Ցույց տվեք մի բան, մեկ ոլորտ, որտեղ նկատելի դրական տեղաշարժ արձանագրված լինի, որտեղ «բարենորոգման շունչը» հասած լինի: Նույն ճահիճն է ու նույն «կռկռոցը»։ Բարիկադային կրակահերթերն էլ ընդամենը ներքին սպասարկման խնդիրներ են լուծում ու ոչ ավելին: Իսկապես մտածող տեսակը' տոտալ դավաճանության պատճառով հայտնվել է «Աստծո մենակի» դերում: Այնպես որ, մեր պատմության տխուր ընթացքը`մերօրյա իրադարձությունների ֆոնին ավելի ընկալելի է դառնում: Ցավալիորեն ընկալելի...

Հայաստանում ներկա դրությամբ քաղաքական դաշտն իսպառ բացակայում է՝ «Ինչպիսի Հայաստան ենք ցանկանում ունենալ» անկետային հարցին հստակ պատասխան չունենալու պատճառով: Այլ կերպ՝ «նկարագրությունների» ոսկե դարաշրջանը ավանդել է հոգին, եկել է փաստարկված մտքի, համոզչության արվեստի ժամանակը: Վերարտադրության ներքին ռեսուրսներն էլ են սպառման եզրին, ծանոթ առնետավազքն էլ դեռ թափ չի առել...տեսադաշտում հարմար նավ չգտնելու պատճառով... Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր առաջին ջութակների դերում հայտնվածները ռուսասեր կոմունիստների նեոկոմսոմոլ թոռներն են, ամեն ինչ հասկանալի կդառնա: Աշխարհը տեղյակ է Ռուսաստանի հանդեպ ունեցած մեր «պլատոնական» սիրուց, դրա համար էլ մեզ հետ հարաբերվելով` նա մշտապես հիշում է, որ հարաբերվում է Ռուսաստանի հետ, ու ամեն ինչ այս հարբերություններում կառուցվում է` «Կուժ քեզ եմ ասում, կուլա`դու լսիր» սկզբունքով: Մենք էլ մեր հերթին ենք դրացի Թուրքիայի հետ զրուցում`թաքուն հայացք նետելով դեպի հյուսիս`վստահանալու համար, որ թիկունքում ունենք Ռուսաստանի «հզոր» ներկայությունը: Իսկ Ռուսաստանն էլ այս ամենում ունի իր հստակ հաշվարկները, մեզ հետ հարցերը պարզած համարելով այսօր նա սիրախաղի մեջ է մտել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ: Ես ամենևին էլ չեմ բացառում «Տարածքների վերադարձ` նավթի ու ածխաջրածինների դիվերսիֆիկացիայի դիմաց» ռուսական ծրագրի գործարկման, այդ սցենարի բեմադրման հավանականությունը: Դատելով ռուսական ներկայության տեսակարար կշռից՝ Հայաստանը ոչ թե անկախ երկրի, այլ ռուսական ծայրամասային մի նահանգի կարելի է նմանացնել: Մեր անկախության խորհրդանիշների ավերումը, խորհրդային-ռուսական «ավանդույթների» վերականգնումը, մոխիրներից վեր հառնող «միաստվածությունը» վկայում են այդքան երազած մեր անկախության անդառնալի կորստյան վերահասության մասին: Իսկ ամենասարսափելին` գնալով նկատելի դարձող հասարակական ապատիան է: Կարծրացող ու խիստ չարագուշակ անտարբերությունը: Հիշո՞ւմ եք`«Սուտասանը» հեքիաթը: Այսպես գնալու դեպքում` իրական հրդեհի ժամանակ օգնության շտապողներ էլ արդեն չեն լինի…