copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:28 05-05-2022

Ռուսական պետական ԶԼՄ-ներին արգելվել է մեջբերել Կադիրովի հայտարարությունները պատերազմի մասին

Ռուսական որոշ պետական ​​լրատվամիջոցների արգելվել է առանց ղեկավարության համաձայնության մեջբերել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հայտարարությունները Ուկրաինայում պատերազմի ընթացքի մասին, գրում է «Պրոյեկտը» ներխուժման ռազմական, քաղաքական և քարոզչական պլանավորման մասին վերլուծական հոդվածում։

Լրագրողների տեղեկություններով՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու հետ Ռամզան Կադիրովի կոնֆլիկտից հետո դաշնային լրատվամիջոցներին հանձնարարվել է մեջբերել Չեչնիայի ղեկավարի հայտարարությունները «միայն ղեկավարության թույլտվությունից հետո»։ Այս մասին «Պրոյեկտին» անանունության պայմանով հայտնել է ՏԱՍՍ գործակալության աշխատակիցը։

Ավելի ուշ Չեչնիայի ազգային քաղաքականության, արտաքին հարաբերությունների, մամուլի և տեղեկատվության հարցերով նախարար Ահմեդ Դուդաևը ֆեյք է անվանել «Պրոյեկտի» լրագրողների տեղեկատվությունը Կադիրովի մեջբերումների արգելքի մասին։

«Օտարերկրյա, դաշնային և տարածաշրջանային առաջատար լրատվամիջոցները պարբերաբար հղում են անում Չեչնիայի Հանրապետության ղեկավարին՝ հաճույքով մեջբերելով նրա հայտարարությունները»,- գրել է Դուդաևը իր Telegram-ալիքում։

Նա «աբսուրդային և անհեթեթ» է անվանել «որոշ կասկածելի հանրության կողմից ֆեյք հղումները», թե ռուս լրագրողներին, մասնավորապես՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, արգելել են մեջբերել Ռամզան Կադիրովին։