copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:26 05-05-2022

Գետնաքարշ ես ապրել, ոտներիդ վրա գնա

Որևէ մեկը չէր նախանձի, անգամ փողոցի շունը չէր ցանկանա այդ տեղում լինել՝ Նիկոլին տեսնելով Ազգային ժողովի ամբիոնի առաջ: Ինքնատիրապետումը կորցրած, առհասարակ ինչ ուներ, կորցրած՝ պո՛ւկ, փախավ այլայլված, ինչպես ժողովուրդն է ասում, պատի ծեփ դարձած: Բան չէր մնացել դրա ճղճղոցից, ասես էլ էն ճղճղանը չէր: Սա ապացույցն էր, վստահություն, որ սույն անձը (կամ ուղղակի սույնը) իշխանություն չունի, այլևս վարչապետ չէ, ոչ էլ լեգիտիմ է ու պողպատե մանդատավոր: Կարճ ձևակերպենք․ չունի ժողովրդի աջակցությունը որպես իշխանություն: Չկա՛ Նիկոլը, Նիկոլ կապո՛ւտ:

Տղա՛, եթե դեռ տղայություն կա մեջդ, և կարելի է այդպես դիմել, քեզ մերժում է վիրավոր զինվորը, որ սայլակով ու հենակներով եկել է հրապարակ: Քեզ չեն ընդունում բուժաշխատողը, գիտնականը, մանկավարժը: Քեզ չեն ուզում ուսանողը, դպրոցականը, որ, Հայաստանի և Արցախի դրոշներն ուսերին, հանրահավաքում են: Քեզ ասում են՝ գնա՛, գրողը, նկարիչն ու երաժիշտը: Քո տիպը տեսնել չեն ուզում հողի մշակը, բանվորն ու արհեստավորը: Քեզ դավաճան է համարում փողոցով քայլող քաղաքացին, որ միանում է բազմահազարանոց երթին: Քեզ չեն ուզում տեսնել թոշակառուները, արյան ճնշում ունեցողները, հաշմանդամները՝ պինդ փակելով իրենց աչքերը: Քեզ հայրենադավ են համարում պատշգամբներից բռունցքներ ու դրոշներ թափահարող մեր քաղաքացիները, փողոցներում մեքենայի ազդանշաններ տվողները՝ այդպես ողջունելով քո հրաժարականը պահանջող ցուցարարներին, խանութների ու սրճարանների առաջ հավաքվածները՝ կանգ առնելով ու իրենց գործից մի պահ կտրվելով:

Դու տեղ չունես Երևանում, մարզերում, հեռու ու մոտ քաղաքներում, գյուղերում ու ավաններում: Տհաճ ես ու քիմքին անախորժ հայաստանցու համար, արցախցու և սփյուռքահայի: Այդ մարդիկ քեզ ծամում են ու չեն կարողանում կուլ տալ․ դառնությունից թքում են: Միայն այդքանը չեն՝ հրապարակում հանրահավաք ու փողոցներում երթ անողները, տասը-քսան-հիսուն այդքան էլ՝ տներում, այգիներում ու իրենց բանուգործին՝ նույնն են ասում ու ուզում: Այդ բոլորը՝ դարձած մի համակ բերան, քեզ ասում են՝ գնա՛: Դուրս են եկել փողոց և քեզ քշում են՝ կորի՛ր: Ցանակցած կենդանի պոչը քաշում է ու փախչում մեկ կամ երկու անգամ քշելուց հետո: Դու՝ պոչդ քաշած, բայց դեռ մնում ես: Գոնե մեկ անգամ արժանապատվություն դրսևորիր և մարդավարի գնա, գոնե գնալդ մի փոքր հարգանքի արժանի լինի: Գետնաքարշ ես ապրել, ոտներիդ վրա գնա, գոնե մի լավ բան հիշենք քեզնից:

Հուսիկ Արա