Երևան +20°
copy image url
Միտք 1 տարի առաջ - 18:26 04-05-2022

Ձևի՞, թե՞ բովանդակության հասարակություն

«Եթե ձեր ցանկությունն այնպիսի երկրի հիմնումն է, ուր կշտապեն վերադառնալ նրա տարագիր ուստրերն ու դուստրերը, եթե ձեր փափագն այնպիսի երկրի կառուցումն է, որը մարդիկ կլքեն հանգստյան սեզոնին միայն, եթե ձեր երազանքը ապագայի հանդեպ վախ չունեցող պետության կայացումն է, ապա դրա համար անհրաժեշտ է պարզապես կատարել երկու քայլ.

ա) կոռուպցիան նույնացնել հայրենիքի դավաճանությանը, կոռուպցիոներներին՝ հայրենիքի դավաճաններին (ընդհուպ՝ յոթերորդ սերունդ…),

բ) մասնագիտություններից երեքը (զինվորականներ, ուսուցիչներ, բժիշկներ) հռչակել ամենահարգվածն ու բարձր վարձատրվողը:

Եվ ամենակարևորը՝ աշխատել, աշխատել ու էլի աշխատել, քանի որ ձեզնից բացի ոչ ոք ձեզ չի պաշտպանի, ձեզնից զատ ոչ ոք ձեզ չի կերակրի, ձեզնից առավել՝ ուրիշ ոչ ոք ձեր երկրի կարիքը չունի։

Երբ վերոշարադրյալը կընկալվի ոչ թե պարզապես բառ ու պարզ կարգախոս, այլ կդառնա կյանքի ուղենիշ, ուրեմն հասել եք ձեր նպատակին... »:

Իսրայելի նախկին վարչապետ Գոլդա Մեյիրի նախանձ շարժող, մտորման տեղիք տվող պատգամ-դիտարկումներն են: Ասելիքս ավելի դյուրին ու ըմբռնելի ներկայացնելու համար եմ ճարահատ դիմում օտար օրինակներին՝ դրանք համարելով ընդօրինակելի: Ուզում եմ անկեղծ լինել ու խոստովանել, որ ես մեծագույն պատկառանքով գլուխ կխոնարհեի, եթե իմ երկրի նախկին ու ներկա նախագահներն էլ Շիմոն Պերեսի նման գիտակցեին, որ երկնքից ոչինչ հենց այնպես չի ընկնում, ու օր ծերության նրա պես խոստովանեին, որ իրենց կյանքում արձակուրդ չեն վերցրել, որ նախընտրել են աշխատել՝ փորձելով կարելվույնս նպաստել սերունդներին փոխանցվելիք պետության կայացմանը: Գլուխ կխոնարհեի, եթե նրանք էլ հստակ գիտակցեին, որ փոփոխական ժամանակներում դրսևորվող վատատեսությունը ժամանակի դատարկ վատնում է, որ ինչ-որ բանի հասնելու համար առանց հույսն ուրիշի վրա դնելու տքնաջանորեն աշխատել է պետք. «Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր: Դա հողի մի պատառիկ էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդը: Այդ հողը այնքան էլ լավ չվերաբերվեց մեզ: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր: Ընտրել էր պետք մոծակների ու քարերի միջև:

Մենք միայնակ էինք: Մենք չունեինք եղբայր կրոնի մեջ, քույր՝ լեզվի մեջ, հարևան՝ պատմության մեջ: Այս ամենը կատարվում էր Հոլոքոստից հետո: Մենք եկանք այստեղ ու ընդհանրապես չգիտեինք, թե ինչ անել: Իրապես չգիտեինք»:

Շատ կցանկանայի, որ իմ երկրի առաջնորդն էլ սեփական կենսափորձով հանգեր հիացմունքի արժան նման իմաստնության. «Մարդիկ նաև հարցնում են, թե ինչպես մնալ գործունակ։ Դա շատ հեշտ է: Մտքում հաշվեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե ձեր երազանքներն ավելի շատ են, քան ձեռքբերումները, նշանակում է՝ դուք դեռևս երիտասարդ եք: Եթե հակառակն է, դուք ծեր եք…»:

Կակնածեի, եթե մեր երկրի առաջնորդներն էլ կարևորն անկարևորից զատելու ունակություն ունենային․«Եվ մենք մտածեցինք, որ բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդի՛կ հարստացրին երկիրը, այլ ոչ թե երկիրը՝ ժողովրդին» (վերոբերյալ դրվագային մեջբերումները՝ Իսրայելի 9-րդ նախագահ, 92-ամյա Շիմոն Պերեսի՝ Յալթայի ֆորումի փակման ժամանակ արտասանված բացառիկ ճառից են):

Ինձ անասելի երջանիկ կզգայի, եթե իմ երկրի ղեկավարն էլ Ճապոնիայի նախկին վարչապետ Նաոտո Կանի նման ի լուր աշխարհի բացահայտեր երկրի գրանցած աննախադեպ հաջողության գաղտնիքը․ «Մենք տվել ենք ուսուցչին նախարարի չափ աշխատավարձ, պատգամավորի չափ կարգավիճակ և կայսրի չափ պաշտամունք…»:

Մենք ազգովի պետական մտածողության հենց այս տեսակին ենք կարոտ: Մեզ համար շարունակում են փափագելի մնալ ոչ թե այս պահի ու առավելապես «նաղդի» գիտակ, սեփականը պետականից «չզանազանող» քաղաքական գործիչները, այլ սերունդների ապագայի մասին մտածող պետական այրերը՝ ֆրանսիական ակադեմիայի ճակատը զարդարող գրության հանգույն՝ «հայրենիքի հայրերը»:

Ցավոք սրտի ներքին ու արտաքին շարունակական ցնցումները հային անհավատ, գաղթական, պատեհապաշտ ու ստրկամիտ են դարձրել: Անկեղծ լինելու դեպքում պիտի խոստովանենք, որ մենք ոչ թե փրկվել, այլ փրկիչ ենք ուզում, թե կուզեք՝ տենչում: Այստեղից էլ մեր «անմեկնելի» օտարասիրությունը, պետության կայացմանն ու ճշմարիտ արժեքներին նախապատվություն տալու մեր անունակությունը: Այստեղից էլ հանրությանն անասելիորեն ձանձրացրած ներկա ու նախկին դերակատարների անհամոզիչ, անբովանդակ խոսքն ու դրանց հաջորդող գործողությունները, գերազանցապես՝ «քամուց քշվածների» համար նախատեսված, նրանց պատշաճող…
Մնացյալը, ինչպես կասեր դասականը, լռություն է…