«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ բացի երթի նյութական հատվածը՝ կա նաև հոգևոր հատված. «Ես առավոտյան գնացել եմ որդուս շիրիմին, իր օրհնությունն եմ խնդրել, որովհետև ես համարում եմ, որ իմ պայքարի առաջնորդն իմ որդին է, և իր կտրված ու ծախված պայքարի դրոշն եմ ես հիմա վերցրել ու բերել Էջմիածին։ Այս ամենի խորհուրդը հետևյալն է, որ այս հավատը, որի մասին նաև գրված է Աստվածաշնչում , ասում է՝ եթե մանանեխի չափ հավատ ունենաս, սարեր շուռ կտաս, հավատն այն է, որ մեր գործն արդար է և Աստծո կամոք հաղթանակ պետք է տանի, մեզ շատ մեծ ուժ է տալիս, և մենք հասկանում ենք, որ մեր ժողովրդի մեջի հավատն են հենց կոտրել, դրանով է հենց պայմանավորված, որ ժողովուրդը դուրս չի գալիս, որովհետև չի՛ հավատում, կասկածի սերմեր են ցանել։ Փաշինյանի ամենամեծ հանցանքը ժողովրդի մեջ հավատը կոտրելն է, և մենք ուզում ենք ցույց տալ, թե անկախ նրանից՝ ի՞նչ կարծիքներ կան, անկախ նրանից, թե ո՞վ է հավատում, ով՝ չէ, մենք հավատում ենք մեր գործի սրբազան գաղափարին և և դրանում անհաղորդ չի կարող մնալ մեր հավատքի կենտրոնը՝ Վաղարշապատը, դրա համար բերել ենք այստեղ Արցախի դրոշը, որ մեր պայքարն ու դրոշը օրհնություն ստանա, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ դա Հայաստանի կոտրված արժանապատվության ամենակարևոր խթանն է։ Իհարկե, մի օր Արցախի դրոշը պետք է ձուլվի ՀՀ դրոշին, բայց դրա համար ժամանակ է պետք, քանի որ ամեն ինչ պետք է ունենա իր իննը ամիսը»։
Հիշեցնենք, որ «5165 շարժման» անդամները այսօր՝ ժամը 11:00-ին, Եռաբլուրից համախմբման երթով շարժվեցին դեպի Էջմածնի Մայր տաճար՝ ուխտագնացության հանուն հայկական Արցախի և անկախ պետականության: Երթի նպատակն էր, ինչպես շարժման անդամներն էին ասում, մասնակցությամբ ամրապնդել բոլորի վճռականությունը՝ համախմբված պաշտպանել մեր հայրենիքը և մեր պետականությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շարժման անդամներին դիմավորեց տաճարի մոտ՝ օրհնելով արցախյան 46 մետրանոց դրոշը։
Տեսանյութը՝ քիչ անց։