Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:10 29-04-2022

Նիկոլի վարչապետության թերթվող վերջին էջում ևս դրանց մասին գրվելու է

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել առ այն, որ պայմանավորված մանրածախ գների բարձրացմամբ՝ ուսումնասիրում է ՀՀ դիզվառելիքի գների դինամիկան տեղական ու համաշխարհային շուկաներում։ Պարզաբանում է, որ ՀՀ-ում իրացվող ամբողջ նավթամթերքը ներմուծվում է, ինչի հետևանքով էլ միջազգային շուկաներում դիզվառելիքի գների բարձրացումները անդրադարձել են նաև Հայաստանի շուկայի վրա: Պատճառաբանվում է, որ 2022թ․ մարտ-ապրիլ ամիսներին 25-35% բարձրացել են դիզվառելիքի ձեռքբերման գները, աճել են նաև լոգիստիկ ծախսերը, մինչդեռ նույն ընթացքում դրամն արժևորվել է ընդամենը 5%։
Հանձնաժողովը մեզանում դիզվառելիքի շեշտակի թանկացման առումով բավարարվել է այդքանով ու անցել համաշխարհային շուկայի հատկապես այն երկրներին, որոնց նկատմամբ ռուսական կողմը պատժամիջոցներ է կիրառում։ «Համաշխարհային շուկայում գործում են դիզելային վառելիքի երբևէ արձանագրված ամենաբարձր գները: Վրաստանի Հանրապետությունում 2022թ․ հունվարի համեմատ ապրիլին տեղի է ունեցել դիզելային վառելիքի գնի շուրջ 40% բարձրացում՝ 471 դրամից հասնելով մինչև 664 դրամի։ Եվրոպական երկրներում նույնպես տեղի են ունեցել դիզելային վառելիքի գնի բարձրացումներ։ Օրինակ՝ Էստոնիայի Հանրապետությունում դիզվառելիքը տարեսկզբի համեմատ թանկացել է շուրջ 200 դրամով (շուրջ 32%), Ռումինիայի Հանրապետությունում շուրջ 650 դրամից դարձել է 860 դրամ (32%), թեև հանդիսանում է նավթավերամշակող պետություն»։
Այն, ինչ ներկայացրել է հանձնաժողովը, իր, այսպես կոչված, ուսումնասիրությունում, այս իշխանություններին բնորոշ հերթական մանիպուլյացիան է։ Թե՛ Էստոնիան, թե՛ Ռումինիան, թե՛ գրեթե ամբողջ Եվրոպան ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությամբ հանդիսանում են ՌԴ-ի «ոչ բարեկամ երկրներ»։ Վրաստանը վաղուց է, որ ՌԴ-ի բարեկամ երկրների ցուցակում չէ։ Մինչդեռ ՀՀ-ն ՌԴ-ի բարեկամ, դաշնակից երկրների շարքում է։ Եթե նույն սկզբունքով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակեր, թե ՌԴ-ն նշյալ երկրներից որին ինչ գնով է գազ վաճառում, անմիջապես հասկանալի կլիներ, որ որևէ դեպքում չի կարելի ՀՀ-ին դնել սրանց կողքին։ Հետևաբար հարց է առաջանում, թե ինչու հանկարծ հանձնաժողովը Հայաստանին խցկել է ՌԴ ոչ բարեկամ երկրների ցուցակում և այստեղի ու Եվրոպայի դիզվառելիքի համեմատական գները ներկայացնելով՝ փորձում է համոզել, որ ամբողջ աշխարհում են թանկացումներ։
Հանձնաժողովն ընդամենը պետք է ներկայացներ, թե Հայաստանը դիզվառելիքի որ մասն է ներկրում ՌԴ-ից, և այս պահին ՌԴ-ում բարեկամ երկրների համար վաճառքի ինչ գներ են գործում, դիզվառելիքը ինչ գնով է «դուրս տրվում» դեպի Հայաստան։ Այլապես մի գիշերում դիզվառելիքի գինը 400-420-ից թռցրել է 650-ի, մինչդեռ հանձնաժողովի ներկայացուցիչը ֆեյսբուքներում ինչ-որ անհասկանալի բացատրություններ է տալիս կուրսի տատանումների ժամանակային միջակայքի ու չգիտես էլ ինչի մասին։
Մյուս կողմից, եթե հանձնաժողովը առաջնորդվում է այս տրամաբանությամբ, ապա այդ մոտեցումը պետք է գործի բոլոր ապրանքների պարագայում ու տրամաբանորեն դրան հետևողը դարձյալ պետք է այս հանձնաժողովը լինի։ Եթե դիզվառելիքի վաճառքի գները թանկացել են 25-35%-ով, ու ներկրողներն էլ այստեղ են թանկացնում, ապա եվրոն մեզանում արժեզրկվել է ամբողջ 15%-ով, ու նույն տրամաբանությամբ Եվրոպայից ներկրված ապրանքները պետք է այդքանով էժանացած լինեին։ Մինչդեռ հնարավոր չէ գտնել գեթ մեկ ապրանք, որի գինը այս ընթացքում էժանացել է։ Հետևաբար հանձնաժողովը, ինչպես և ամբողջ այս կառավարությունը, զբաղված են աճպարարությամբ։
Սինլքորների (ժեխերի) առաջնորդը, իշխանության գալով, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վրա քրեական գործ հարուցել տվեց սուբսիդավորված ազատական պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի ներկրման ու գյուղացուն մատակարարման հարցերում «անօրինականությունների» համար։
Այս ընթացքում պարարտանյութը թանկացավ ու առաջնորդի կառավարության կարողացածը անհրաժեշտից երկու ամիս անց գյուղացուն շուկայում պարկը 13 հազար դրամով վաճառվող վրացական անորակ սելիտրան նույն 13 հազար դրամով որպես «սուբսիդավորում-աջակցություն» առաջարկելն էր։
Հաջորդը գարնանացանի սերմացուն էր։ Էկոնոմիկայի նախարար Քերոբը Մոսկվայից պետք է ապրիլի կեսերին գարնանացանի սերմացու բերեր հետը, չնայած որ այդ ժամանակ արդեն գարնանացանը վերջանում էր։ Քերոբը եկավ, սերմացուն այդպես էլ տեղ չի հասել։ Հիմա արդեն դրա պետքը չկա էլ։
Սարգսյանին առաջադրվող մեղադրանքի երրորդ կոմպոնենտը դիզվառելիքի սուբսիդավորման չարաշահումն էր։ Լիտրը 400-420 դրամի պարագայում շուրջ 100 դրամով սուբսիդավորում էին։ Երեք միլիոն վարչապետերից մեկի, երբեք ու ոչինչ չլափողի այս իշխանությունը իրավիճակը կարգի բերելու փոխարեն իր ժեխերին բացատրում է, որ լիտրը 650 դրամ է, որովհետև Էստոնիայում, Ռումինիայում ու Տանզանիայում կամ Բուրկինա ֆասոյում էլ է այդպես։
Առաջնորդը (սինլքորների) իր վարչապետական գործունեությունը սկսեց՝ նախկին նախագահին մեղադրելով դիզվառելիքի և մյուսների սուբսիդավորման չարաշահումների մեջ։ Տպավորություն է, որ Նիկոլի վարչապետության թերթվող վերջին էջում ևս դրանց մասին գրվելու է։

Ամենից շատ դիտված