Երևան +12°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:46 24-04-2022

Պետք է խորանալ անցյալի հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն․ իտալացի լրագրող

Մեկ դար շարունակ Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա, ըստ էության, ճնշում չի գործադրվել ցեղասպանությունը ճանաչելու և հաշտեցմանը հասնելու համար։ Սա ողբերգական սխալ էր, ինչպես որ ներկայիս մոտեցումն է Թուրքիայի նկատմամբ։ Ըստ այդ մոտեցման՝ նախապատվությունը տրվում է բիզնեսին՝ ի հաշիվ մարդու իրավունքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է իտալացի լրագրող, գրող Սիմոնե Ձոպելարոն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ Թուրքիան 107 տարի անց շարունակում է ժխտողական քաղաքականությունը և արդյոք կոչերից, բանաձևերից զատ այլ քայլերի անհրաժեշտություն կա։ Իտալացի լրագրողը շատ կարևոր է համարում այդ հարցի հետ կապված տարբեր մակարդակներում աշխատելը: Նրա խոսքով՝ դրանում, անկասկած, կարևոր դեր ունի մշակույթը:

«Թուրք գրողներն ու ռեժիսորները բազմաթիվ ակտիվիստների հետ տարիներ առաջ կարևոր քայլեր են կատարել այս ուղղությամբ: Այս ամենն ի վերջո խեղդվեց Էրդողանի նոր բռնապետական մոտեցումների հետևանքով: Շատ հայեր նույնպես կարևոր ներդրում ունեն: Ես գիտեմ Պիետրո Քյուչյուքյանին, ով հավաքագրել է տասնյակ պատմություններ թուրքերի մասին, ովքեր դեմ են եղել ցեղասպանությանը։ Բայց ևս մեկ անգամ նշենք՝ ինչպե՞ս կարող են այս գործիչներն առաջ գնալ այնպիսի ավտորիտար համատեքստում, ինչպիսին ներկա համակարգն է: Եվրոպան պետք է ազատվի իր բոլոր ավտոկրատներից, այդ թվում՝ Էրդողանից: Թուրքիայի քաղաքացիական հասարակության մի մասը, ես դա ասում եմ նաև անձնական փորձից, պատրաստ է ճանաչել ցեղասպանությունը: Բայց դա երբեք չի լինի, քանի դեռ նրանց ձայնը լռեցվում է պետության կողմից»,- ասել է Սիմոնե Ձոպելարոն։

Իտալացի լրագրողը նկատել է, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված այսօր շատ բան է փոխվել: Ըստ նրա՝ ժխտողական թեզերն այժմ շատ քիչ են ընդունված ակադեմիական և քաղաքական աշխարհում, և նույնիսկ սովորական մարդկանց շրջանում՝ շնորհիվ նաև հաջողված ֆիլմերի և գրքերի, որոնցով գոնե ընդհանուր պատկերացում են ունենում խնդրի մասին: Դրանից բացի, կարևոր փաստ է այն, որ Մեծ եղեռնի հետ կապված իրազեկումը նպաստել է ցեղասպանություն հասկացության հանրահռչակմանը՝ մշակված Ռաֆայել Լեմկինի կողմից:

Ի՞նչ պարագայում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կառերեսվի ճշմարտությանը: Հարցին ի պատասխան, իտալացի լրագրողը նկատել է, որ ցեղասպանության ճանաչումը մի պետության կողմից, որը մեղավորների ժառանգորդն է, միշտ երկար է տևում:

«Փիլիսոփա Գյունթեր Անդերսը պատմեց մեզ, թե ինչպես, նույնիսկ 1970-ականների վերջին, գերմանացիների մեծամասնությունը չցանկացավ առերեսվել Շոահին (հրեական Հոլոքոստը-խմբ.): Այսօր Էրդողանի Թուրքիան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը չէ, և պետության համար վճռորոշ կլինի գնալ այդ ճանապարհով: Հանգամանքները, որոնց մասին հարցնում եք, ես վախենամ, որ դրանք ներկայում չկան, բայց շուտով կարող է լինել հավանականություն, թեև ես շատ կասկածում եմ, որ կա կամք մինչև վերջ այն ուղին անցնելու, ինչ գերմանացիներն անվանում են Schuldfrage՝ մեղքի հարց»,- ասել է նա:

Իտալացի լրագրողն ասում է՝ ի՞նչ նշանակություն ունի հիշատակելը, եթե նույնիսկ այսօր անտարբեր ենք մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության նկատմամբ: Նա հիշեցրել է, որ նոր հազարամյակում արդեն տեսել ենք առնվազն մեկ ցեղասպանություն՝ եզդիների նկատմամբ իրականացվածը, և այն, իհարկե, վերջինը չի լինի, եթե չակտիվացվեն կանխարգելման մեխանիզմները խորհրդարաններում և միջազգային կառույցներում։ Այդ համատեքստում Սիմոնե Ձոպելարոն տեղեկացրել է, որ Միլանում գտնվող հիմնադրամը, որի հետ ինքն աշխատում է՝ «Gariwo»-ն, անցյալ տարի մի քանի կարևոր առաջարկներ է արել Իտալիայի խորհրդարանին։ Մասնավորապես, խորհրդարանում նշանակել իտալացի խորհրդական՝ աշխատելու ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի և ԵՄ կառույցների հետ համագործակցությամբ: Առաջարկվում է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին պարտավորեցնել մշակել տարեկան զեկույց՝ հանրությանը ներկայացնելով աշխարհում նոր ցեղասպանությունների վտանգները և դրանց կանխարգելման համար ձեռնարկվելիք հնարավոր միջոցները: Դրանից բացի, կարևորվում է նաև Իտալիայում մարդու իրավունքների անկախ գործակալության ստեղծումը, ինչն առաջարկվում է Եվրամիության կողմից, որը, համագործակցելով Միջազգային քրեական դատարանի հետ, մշտապես կհետաքննի աշխարհում մարդու իրավունքների հետ կապված վիճակը և մարդկության դեմ հանցագործությունները։

«Մեզ պետք է հանձնառություն, որը կապում է անցյալն ու ներկան, և որը գալիս է կրթությունից դեպի մշակույթ և քաղաքականություն: Մենք չենք կարող իմանալ մեր ապագան, բայց պետք է խորանալ մեր անցյալի, հատկապես ամենասարսափելի էջերի մեջ, որպեսզի դրանք չկրկնվեն: Ցավոք, վերջին ամիսների իրադարձություններն ամենավատն են հուշում մեր ապագայի համար։ Այդ իսկ պատճառով ավելի քան երբևէ կարևոր է հիշել և գործել»,-հավելել է իտալացի լրագրողը։

Անդրադառնալով այս օրերին Հայաստանի ու Թուրքիայի միջև ընթացող երկխոսությանը՝ Սիմոնե Ձոպելարոն նշել է, որ մտերմացումն անհրաժեշտություն կլիներ, բայց ըմբռնումով է մոտենում շատ հայերի մտավախությանը: Նրա խոսքով՝ այսօրվա Թուրքիան ավտորիտար է և բռնի, Էրդողանն՝ անվստահելի է, և նրա ագրեսիվ դերը Ղարաբաղում անհերքելի է: Եթե նման մերձեցումն իրականություն դառնար, ապա, ըստ նրա, դա կարևոր քայլ կլիներ ընդհանուր հիշողության և խաղաղության համար:

«Բայց զգույշ եղեք, եկեք վերցնենք Իտալիայի և Սլովենիայի օրինակը. երկու ժողովրդավարական պետություններ, որոնք Եվրամիության մաս են կազմում, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կատարված հանցագործություններ. ընդհանուր հիշողությունը դեռ շատ դեպքերում չի բավականացնում, իսկ լարվածությունը չի անցել նույնիսկ վերջերս: Այնպես որ, պետք չէ այս առումով կեղծ լավատեսություն տածել: Ինչ էլ որ լինի, դա երկար ճանապարհ է և ոչ առանց խոչընդոտների»,- հավելել է իտալացի լրագրողը:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին