copy image url
Միտք 2 տարի առաջ - 23:47 18-04-2022

Քաոսի մեջ քաղաքական բանավեճ չի ստացվում

Տեսակետ կա, որ ՌԴ-ն չի հանձնվում, որովհետև հայտարարվել է չարիք, միջազգային խաղաղության-անվտանգության սպառնալիք։ Միջազգային քաղաքական միտքը սևեռված է ՌԴ-ի վրա։ Այդ սևեռումից նա ավելի է ուժեղանում։ Ըստ այս տեսակետի՝ եթե նրան մոռանան, ապա նա իրապես կմեկուսանա և կհանձնվի։ Բայց պատմությունը վկայում է, որ մոռանալ չի ստացվում։ Դրա դասական ապացույցը Հերոստրատն է։ Ուստի ենթադրելի է, որ քաղաքական միտքն առաջիկայում կփոխի հանրությանը հասցեագրվող ուղերձների առանցքը դեպի միավորող, դրական թիրախ, գլոբալ նոր իդեալ։ Այդ նպատակով՝ քաղաքական գործիչներին օգտակար կլինի հիշել դասական մի անեկդոտ։

Մի մարդ գնում է բժշկի մոտ։ Բժիշկը պացիենտին պատվիրում է ճշտորեն խմել նշանակված դեղերն ու բուժման ժամանակ սատանայի անունը չտալ։ Մարդն ասում է. «Բժիշկ, չեմ հիշի, խնդրում եմ, թղթի վրա գրիր»։ Բժիշկը գրում է դեղերի անունները, չափաբաժինները, վերջում մեծ տառերով գրում՝ «սատանայի անունը չտալ»։ Մարդը հարցնում է. «Իսկ ի՞նչ կլինի, եթե սատանայի անունը տամ»։ Բժիշկն ասում է. «Դեղերն օգուտ չեն տա, և հիվանդությունից չես ապաքինվի, հասկացա՞ր»։

Մեր հասարակությունը գտնվում է այս անեկդոտի պացիենտի, իսկ քաղաքական համայնքը՝ բժշկի դերում։ 1988-ին Ազատության հրապարակում հավաքված մարդիկ վանկարկում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»։ Նրանց պահանջը հասցեագրված էր Կրեմլին։ Նրանք բարձրացված խնդրի կարգավորումն ակնկալում էին Կրեմլից։ Հայաստանն անկախ է 1991-ից ի վեր։ Բայց քաղաքական համայնքի դիտարկումների մեծ մասը Հայաստանի առանցքով չի գծվում։ Ներքաղաքական իրադարձություններն անգամ դիտվում են Կրեմլի պրիզմայով։ Նույնիսկ Ազատության հրապարակի սակավամարդ նստացույցում Պուտինի ականջներն են տեսնում։ Արդյունքում՝ քաղաքական միտքն ընկղմվում ճգնաժամի մեջ և չի կարողանում պարզ իրավիճակներում ողջամիտ դիրքորոշում ձևակերպել ու շահավետ ելք առաջարկել։

Օրինակ՝ վերջին շրջանում շատ են քննադատվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ պայմանագրային նախաձեռնությունները։ Դրանց մեծ մասում շեշտվում է, թե, ենթադրաբար, ինչ է կորցնելու Հայաստանը, բայց գրեթե՝ բան չի ասվում, թե Հայաստանը քաղաքական-ազգային ի՞նչ շահ է ակնկալում այդ պայմանագրերի կնքման դեպքում։ Այս քաոսի մեջ քաղաքական բանավեճ չի ստացվում, ոչ մի միտք չի ավարտվում, իսկ հանրությանը հաղորդվում է միայն սարսափելի պատկերներ։

Ենթադրելի է, որ այս քաոսային իրավիճակից երկիրը դուրս կգա, երբ կձևավորվի գաղափարական կայուն հենքով քաղաքական հզոր ուժ, որը կկարողանա ճշգրիտ դեղատոմսեր առաջարկել հանրությանը, քաղաքական խոսույթը կազատի անցյալի կաղապարներից ու վախերից և կմիավորի հանրությանը ազգային իդեալի շուրջ։