Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 20:23 16-04-2022

Իսկ Նախիջևանը որքա՞ն ժամանակ գոյություն ունեցավ Ադրբեջանի կազմում․ նույնն Արցախին է սպասվում․ Մանվել Եղիազարյան

Oragir.news-ի զրուցակիցը «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն է։

-Պարոն Եղիազարյան, արդեն մի քանի օր է՝ Ազգային ժողովում քննարկվում է Արցախի կարգավիճակի նվազեցման հարցը, օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն օրերս ասել է, որ 1996 թ մի գաղափար առաջ քաշվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել։ Իսկ Ձեր կարծիքով՝ Ղարաբաղը ապագա կարո՞ղ է ունենալ Ադրբեջանի կազմում։

-Իսկ Նախիջևանը որքա՞ն ժամանակ գոյություն ունեցավ Ադրբեջանի կազմում, մի մոռացեք, որ Նախիջևանին տրված էր ինքնավարության բարձր մակարդակ Ադրբեջանի կազմում։ Այնտեղ հայերը մեծամասնություն էին, քանի՞ տարի հետո Խորհրդային Նախիջևանից հայերը դուրս եկան։ Արցախում էլ ամեն ինչ անելու են՝ ժամ առաջ արցախահայությանը ոչնչացնելու համար։ Արցախը իրենց «բկին» կանգնած է։ Կարևոր չէ, որ տականքները կարողացան մեզ արցախցիների ու հայաստանցիների բաժանել, արցախցիները քաջ, առաքինի ժողովուրդ են, նրանք կարող են իրենց ընտանիքի, երկրի համար կանգնել։ Հակառակ դեպքում՝ Արցախում 1-1,5 տարի անց հայ չի մնա։Ես դեռ 2013 թ․ եմ ասել, որ փողով ծախելու են Արցախը, հալածելու են հայրենասերներին ու մի քանի տարի անց՝ Արցախում հայ չի մնալու։ Հիմա այդ ճանապարհին ենք։

-Արցախի պատգամավորներից մեկը երեկ հաստատել է, որ մի քանի շաբաթ է՝ արցախցի տղամարդիկ ջոկատներ են կազմում և հերթափոխով հսկում սահմանները։ 44-օրյա պատերզմը ի՞նչ ցույց տվեց՝ հնարավո՞ր է ջոկոտներով ինքնապաշտպանվել, դիմակայել կանոնավոր, տեխնիկապես հագեցած բանակի։

-Ուզում եմ ասել, որ 44 –օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը այնպես չէ, որ սարսափելի ուժեղ էր։ Վստահեցնում եմ, էդպես չէ։ Մեր արկերի մի մասը կեղծ էին, ԱԹՍ–ները չէին աշխատում։ Գոռում էին՝ «Բայրաքթար, Բայրաքթար», տեսնում ենք, թե ինչ է հիմա անում այդ Բայրաքթարը Ուկրաինայում․ ոչինչ էլ չի անում։ Հասկանո՞ւմ եք․ մենք կարող էինք կանգնեցնել թշնամուն, այսօր սուտն այնքան շատ է, որ ճշմարտությունը դարձել է մերկ։ Մենք չենք կռվել, մեզ թույլ չեն տվել կռվել։ Եթե մեկի ձեռքերը, ոտքերը կապես, ով էլ ասես նրան կծեծի։ Մեր ձեռքերը, ոտքերը կապել էին, ու մենք ոչ մի բան չէինք կարողանում անել։ Մենք կարող էինք ինքնապաշտպանական ուժեր ստեղծել և կարող էինք Արցախի ճակատագրի համար շատ բան փոխել։ Մի մոռացեք, 1992 թ․ Լաչինի պատերի տակից մենք՝ «Արաբոյի» գումարտակն է կիլոմետրերով հետ քշել թշնամուն։ Իրենք մեզանից 7-8 անգամ շատ էին։ Ամեն ինչով ռմբակոծում էին, մենք, կարելի է ասել, մերկ ձեռքերով ենք կանգնեցրել իրենց, մինչև մի քանի թնդանոթ ու գրադ կայանք քաշեցինք առաջ ու հակահարձակման անցանք, փրկեցինք Արցախը։ Դա փաստ է, բոլորն այդ մասին գիտեն։ Հիմա արցախցիներից շատ բան է կանխված, ուզում եմ իրենց խնդրել, որ չհուսահատվեն, զենքի պոչն ամուր բռնեն,մինչև այս հանգույցը քանդվի։ Եթե կարիքը լինի, մենք անպայման արցախցիներին օգնության ենք հասնելու։ Վստահ եմ՝ կարողանալու ենք անհրաժեշտության դեպքում էլի պաշտպանել Արցախը։

-Նիկոլ Փաշինյանը իր ելութի ընթացքում խոստովանեց, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի։ Ինչի՞ մասին է այս հայտարարությունը։

-Այդ մարդն իրեն հակասում է, նա չգիտի՝ ինչ է ասում։ Այո՛, իրենք, ինքը կարող էին դավաճանել, ծախել Արցախը, բացել սահմաններն ու ասել՝ ներս եկեք։ Պատերազմի օրերին մենք չգիտեինք՝ ինչ է կատարվում։ Նա ասում է, որ կարող էինք ամբողջը տալ ու զոհեր չունենալ, բայց ինքը չէր կարողանա դրա պատասխանը տալ։ Ի՞նչ էր ասելու՝ ինչո՞ւ է տվել։ Դրա համար էլ զոհեր էին պետք։ Հիմա նա հերթական խոսքերն է ասում, որ ժամանակ շահի՝ Արցախի հարցը դավաճանաբար լուծելու համար։

-Քպ-ական մեկ այլ պատգամավոր՝ Մարիա Կարապետյանն ասում է, որ Արցախյան պատերազմի զոհերն անիմաստ էին, նրանք զոհվել են հանուն ոչնչի։ Դուք այդ պատերազմների ընթացքում ընկերներ եք կորցել, ի՞նչ եք զգում, երբ նման արտահայտություններ եք լսում։

-Եթե նրանք հայ չեն, ապա ճիշտ են ասում, իսկ ես այլ բան եմ ասում՝ մենք վրեժխնդիր ենք եղել մեր պղծված ու մորթված պապերի ու տատերի համար, մենք պատվախնդիր մարդիկ ենք, մենք վրեժխնդիր ենք եղել 1915 թ․ ջարդերի, Շուշիի ջարդերի, Սումգայիթի ցեղասպանության համար։ Եթե իրենք աննամուս մարդիկ են, իրենց համար ի՞նչ տարբերություն թուրքն այստեղ ինչ կանի, իր կինը թուրքի հետ ման կգա, թե աղջիկը թուրքի հետ կամուսանա։ Նրանց մեջ խոսում են 1915-20 թթ․ իրենց բռնաբարված տատերի գեները, մեր դժբախտությունն է դա, մենք այդ դժբախտության պատասխանն ենք այսօր տալիս։