Երևան +19°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 00:13 13-04-2022

ՔՊ խմբակցությունը պարտավոր է առաջիկա օրերին մեկնել Արցախ

Դժվար էր պատկերացնել, բայց ՀՀ ԱԺ պատգամավորի մուտքն Արցախ արգելվել է ռուս խաղաղապահի կողմից։ Ուղեփակոցի առջև լռված գործիչներն անմիջապես փորձել են գնահատել, թե ինչ նպատակահարմարությամբ կամ դավադրությամբ է արգելվել իրենց մուտքն Արցախ։ Իսկ մի քանի ժամ անց ՀՀ ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, մտահոգվելով այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ «Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ի տարբերություն ԱԳՆ-ի, ընդդիմադիր գործիչների գնահատականներում ռուս խաղաղապահների գործողությանը քաղաքական գնահատական չի տրվում։ Ավելին՝ կա ենթադրություն, որ «ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ»։ Սա վտանգավոր ենթադրություն է։ Եթե իրոք այդպես է, ապա Ադրբեջանը պետք է համապատասխան հայտարարությամբ հերքի կամ հաստատի այն։ Իսկ եթե քաղաքական գործիչն այս ենթադրությամբ պարզապես փորձում է արդարացնել ռուս խաղաղապահների ապօրինի քայլերը, ապա սա վիրավորական ապտակ է Հայաստանի քաղաքական ինքնասիրության երեսին։

Միջադեպն, իրոք, վրդովվեցուցիչ է։ Եվ այս խնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ է պարզել մի քանի հարցեր։ Արդյո՞ք ՀՀ իշխանությունները գիտեին, որ ռուս խաղաղապահներն արգելելու են ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ։ Եթե այո, ապա ինչո՞ւ այդ մասին բաց չէին ասում ընդդիմադիր գործիչներին, երբ նրանք հայտարարեցին, որ մտադիր են մեկնել Արցախ։ Իսկ եթե ՀՀ իշխանություններն, իրոք, կարծում են, որ ռուս խաղաղապահների արգելքն օրինական չէ և հակասում է միջազգային պատավորություններին, ապա ՔՊ-ն պարտավոր է առաջիկա օրերին խմբակցությամբ մեկնել Արցախ և իրապես բացել ՀՀ պատգամավորի մուտքն Արցախ։

Ավելին, եթե մեծամասնության պատգամավորները չեն կիսում Արցախի դրոշների բարձրացման վերաբերյալ ընդդիմության մոտեցումները, ապա կարող են Արցախ մեկնելիս իրենց հետ տանել ՀՀ դրոշներն ու ամրացնել Արցախի քաղաքներում ու գյուղերում։ Այդ կերպ կարող են հիմնավորել, որ Հայաստանը կանգնած է Արցախի ժողովրդի կողքին։ Այդ կերպ կարող են նորոգել Արցախի ժողովրդի՝ մայր հայրենիքին միավորվելու ցանկությունը։ Այդ կերպ կարող են նաև ճանապարհ հարթել հազարավոր հայ ուխտավորների համար, որոնք մտադիր են Զատիկը նշել Դադիվանքում։