copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:42 29-03-2022

Եթե ռուբլին 3000 դրամ էլ դառնա`կգնամ. քաղաքացիները չեն կարողանում փող աշխատել Հայաստանում


Ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազեց: Դա ազդեց և շարունակում է ազդել Հայաստանի տնտեսության և մարդկանց սոցիալական վիճակի վատացման վրա: Հայաստանի այն շրջաններում, որտեղ մարդկանց եկամտի միակ աղբյուրը արտագնա աշխատանքն է, մարդիկ երկընտրանքի առաջ են կանգնել` գնա՞լ ՌԴ աշխատելու, թե՞ ոչ:

Օragir.news-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Արամ Մելոյանը ասաց, որ դեռ չի կեղմնորշվել`կաշխատի՞ Հայաստանում, թե՞ կմեկնի արտերկիր: «Ես միշտ Ռուսաստանում եմ աշխատել, ընտանիքս պահել, մի տարի էլ մեկնեցի Դուբայ աշխատելու, բայց հիմնականում Ռուսաստան եմ գնացել: Հիմա ռուբլին էժանացել է, չեմ ուզում գնամ ու աշխատանքիս դիմաց համարյա ոչինչ չստանամ, բայց արդեն գարուն է ու պետք է մի բան անել, որ կարողանամ ընտանիքս պահեմ»-ասաց Արամ Մելոյանը:

Նա նաև պատմեց, որ վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ եկել է Երևան`վարձով տուն ու աշխատանք գտնելու նպատակով, բայց միայն աշխատանք է գտել, իսկ տուն վարձելը խնդիր է դարձել իր համար. «Ռուսներին մի քանի րոպեում տուն են տալիս, որովհոտև իրենք տեղացի չեն ու թանկ են վճարում, իսկ ես գիտեմ, որ մեկ սենյականոց բնակարան վարձելու համար 200-250 հազար դրամ վճարելը խելքին մոտ չէ, էդպես ամբողջ աշխատածս պետք է տամ տան վարձը վճարելու համար, նույնիսկ կոմունալների համար փող չի մնա, էլ ինչո՞ւ մարզից գամ հասնեմ էստեղ»-ասաց Մելոյանը:

Մեզ հետ զրույցը Մելոյանը եզրափակեց իր այն եզրակացությամբ, որ եթե նույնիսկ ավելի իջնի ռուբլու փոխարժեքը, միևնույն է, ինքն ու իր նման շատերը կգնան ՌԴ, որովհետև այստեղ` Հայաստանում, ոչ միայն չկա համապատասխան աշխատանք, այլև ամեն ինչն այնքան է թանկացել, որ անիմաստ կլինի մնալ ու աշխատել:

Գեղհովիտցի Գրիգոր Բզնունին մեզ հետ զրույցում ասաց, որ անպայման գնալու է ՌԴ` անկախ ռուբլու փոխարժեքից: «Դեռ էդպիսի տարի չէր եղել, որ ես մարտի 29-ին այստեղ լինեմ, սովորաբար միշտ ամենաուշը փետրվարի 10-ին Ռուսաստանում եմ եղել ու վերադարձել նոյեմբեր-դեկտեմբերին, այս տարի մեքենաս եմ վաճառել,որ կարողանամ ընտանիքիս ծախսերը հոգամ, մինչև կարողանամ մեկնել»:

Մեր այն հարցին, թե ինչու չի մեկնել մինչ այժմ, պատասխանեց, որ պատճառը ավիատոմսերի գների կտրուկ բարձրացումն է եղել, բայց շատ շուտով կմեկնի: «Նույնիսկ պարտք կանեմ, կամ բանկից փող կվերցնեմ, բայց կգնամ, հնարավոր չէ էստեղ մնալով ապրուստի փող աշխատել, եթե ռուբլին 3000 դրամ էլ դառնա ` կգնամ»:

Խոսեցինք նաև Շիրակի մարզի Արթիկ համայնքից Սամվել Իգիթյանի հետ, ով նշեց, որ վաստակելու ոչ մի ելք չկա`բացի ՌԴ աշխատելու գնալուց: «Իսկ եթե չգնամ, ուրիշ ինչ անեմ: Սերմացուն նույնպես թանկացել է, պարարտանյութի մասին էլ չխոսեմ, գյուղատնեսությամբ զբաղվելը ձեռք չի տալիս, դրա վրա ավելի շատ փող պետք է ծախսեմ, քան` եկամուտ ունենամ, իսկ անասնապահության համար պայմաններ չունեմ»-ասաց Իգիթյանը:

Կապ հաստատեցինք նաև Ռուսաստանում բնակվող հայ գործարար Մամիկոն Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ պատերազմական իրավիճակը ազդել է երկրի տնտեսության վրա, սակայն աշխատանք միշտ կա, այս պահին էլ աշխատանքներ շատ կան ու քիչ-քիչ կարգավորվում է այդ ոլորտը: «Այս պահին էլ արդեն ռուբլու փոխարժեքը համեմատած պատերազմի առաջին օրերին, նորմալացել է: Իմ կարծիքով` ամենաուշը 2-3 շաբաթ հետո ամբողջությամբ կկարգավորվի ու բոլորն արդեն կգան այստեղ աշխատելու»:

Անահիտ Սվարյան
adv_banner

Ամենից շատ դիտված