Հենց հիմա երկու ռուսական ընկերություններ մեզ հետ բանակցում են, որպեսզի արտահանեն մեր գինին. գինեգործ
copy image url

Հենց հիմա երկու ռուսական ընկերություններ մեզ հետ բանակցում են, որպեսզի արտահանեն մեր գինին. գինեգործ

Ներքին 3 տարի առաջ - 15:59 26-03-2022
Oragir.news-ը զրուցել է գինեգործ, «Տրինիտի Կանյոն այգիներ»-ի տնօրեն-համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանի հետ։


- Արդյոք ռուբլու արժեզրկումը կարո՞ղ է հանգեցնել հայկական գինեգործական ընկերությունների եկամուտների կրճատման։

- Ով զբաղվում է ինդուստրիալ գինեգործությամբ, հնարավոր է, որովհետև, ընհանուր առմամաբ, սպառումը իջնում է: Նախնական գնահատականով՝ էքսպորտը օրինակ Ռուսաստանում 20-40 տոկոս անկում է ունենալու, բայց ցանկացած ճգնաժամ տալիս է նոր հնարավորություններ։ Հենց հիմա երկու ռուսական ընկերություններ մեզ հետ բանակցում են, որպեսզի արտահանեն մեր գինին։ Հայաստանի որոշ ինդուստրիալ գինիները հիմնված են ցածրորակ հումքի և արհեստական հավելումների վրա՝ կլինեն վտանգված արտահանման իմաստով։ Առաջին ռեակցիան շոկային է լինելու, բայց հետո կարող է հակառակ էֆեկտ լինել, որակայլ գինիների արտադրությունը և արտահանումը կարող է ավելանալ:

- Այսինքն՝ հնարավո՞ր է նվազի հայկական գինու և կոնյակի արտահանումը։

- Ոչ թե հնարավոր է, այլ 100 տոկոսով․ դա լինելու է շոկային, բայց կարծում եմ՝ դա ժամանակավոր շոկ է լինելու ու շատ արագ վերականգնվելու է՝ ստիպելով հայ արտադրողներին բարձրացնել գինու որակը, եվրոպական գինիների ռուսական իմպորտի նվազումից առաջացած նիշան լրացնելու համար:

- Ըստ ձեզ՝ սպասվո՞ւմ է մթերման ծավալների կրճատում։

- Կոնկրետ մեզ մոտ տարեցտարի ավելանում են մթերումները, բայց մեր ծավալը փոքր է. մինչև 100 տոննա է։ Ովքեր հազարավոր տոննաներ են մշակում, այնտեղ կարող են խնդիրներ լինել։ Բայց կարծում եմ, որ մթերման ծավալների դրամատիկ փոփոխություն չի լինի այս տարի։

- Ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում ձեր այգում, և լավ արդյունք գրանցելու համար օրական որքա՞ն ժամանակ եք տրամադրում։

- Այսօր սկսում ենք էտը, այն ամենակարևոր պրոցեսն է, քանի որ էտի ժամանակ կարողանում ես կառավարել բերքի քանակը։ Հիմա թիմեր են աշխատում. որքան ավելի մասնագիտական բարձր կարողություններ ունեն, այնքան ավելի լավ է ստացվում աշխատանքը։ Մենք ընդունում ենք միայն այն մեխանիզացիան, որը ոչ թե մարդուն է փոխարինում, այլ օգնում է, որովհետև ամեն այգի պետք է ունենա իր տերը։ Եթե մարդու ներկայությունը այգում չի լինում, այն դառնում է ինդուստրիալ այգի, իսկ ինդուստրալիզացիան բերում է գինիների, որոնք մենք կես կատակ կես լուրջ անվանում ենք «գինու կոկա-կոլա»։ Այսինքն համաշխարհային բազմաքանակ գինու արտադրողները հաճախ սպառման խնդիրները լուծելու համար ստիպված են լինում օգտագործել բավականին մեծ ծավալով քիմիա այգում և ավելացնել հավելանյութեր գինուն, իսկ բնական գինեգործությունը հարգանքն է դեպի բնություն։ Սա ծավալուն հարց է։ Պարզ ասած՝ մենք պատրաստում ենք զուտ խաղողի խմորված հյութ – գինի, որն արտացոլում է տվյալ տերուարը և գինի պատրաստողի սրտի էությունը ։




- Ինչպիսի՞ առանձնահատկություն ունեն հայկական հողերը։

- Հայաստանը չունի մեծ հողատարածքներ, մենք պետք է աճեցնենք այնպիսի որակյալ խաղող, որպեսզի ստանանք թանկ գինի, քանի որ ունիկալ է մեր տերուարը։ Պահպանվել են սեփական արմատով խաղողներ, որ աշխարհում գրեթե չկա նման բան։ Պահպանվել է վայրի բնությունը, որ աշխարհում գրեթե չկա, այսինքն՝ մեր այգուց օգտվում են արջերը, աղվեսները, այցելում են լուսանները, օձերը։ Վայոց ձորը բնական խաղողի հինավուրց տերուար է, իսկ Եվրոպայում նման տերուարներ գրեթե չկան։

- Այգուց ստացված գինին օրգանակա՞ն է, թե՞ օգտագործվում են քիմիական նյութեր։

- Մենք, հանդիսանալով օրգանական գինիների առաջին սերտիֆիկացված արտադրողը, որոնցից մեկը շահեց ոսկե մեդալ 2020 «ՄիլեզիմԲիո» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսում, պատերազմից հետո հրաժարվեցինք եվրոպական օրգանական սերտիֆիկացիայից՝ պահպանելով նույն օրգանական, նույնիսկ՝ ավելի զարգացնելով այդ սկզբունքները։ Հիմա մենք աշխատում ենք հայկական ավանդական խաղողագործության գաղափարի վրա, որն իր չափանիշներով գերազանցում է թե՛ օրգանական, թե՛ բիոդինամիկ խաղողագործությանը։ Պատերազմի ժամանակ, երբ Եվրոպան չաջակցեց մեզ, մենք համոզվեցինք, որ եվրոպական աշխարհընկալման ստանդարտները այլ են՝ պակաս բարոյական։ Այլապես ասած՝ պակաս «օրգանական», ավելի բյուրոկրատական են, մարքեթինգային։ Ինչպես այգու մշակաման սկզբունքներում, այնպես և ընդհանուր առմամաբ։

- Ինչպիսի՞ն է պահանջարկը Հայաստանում և առհասարակ միջազգային շուկայում։

- Առհասարակ այս պահին գործարանը ընդլայնվեց, որովհետև պահանջարկը գերազանցում էր մեր արտադրանքին։ Այս տարի պարզ կլինի, թե ինչ է կատարվելու համաշխարհային գինու շուկայում։ Սովորաբար մեր հիմնական գծերը վաճառվել են տակառներում, այսինքն՝ նախնական պատվերով։ Վաճառքի խնդիր չենք ունեցել, սկսել ենք 2 տակառից՝ մոտ 500 շշից, հասել ենք մինչև 50 հազարի, ու մեր գնային սեգմենտն էլ ցածր չէ՝ 5-15 եվրո է։ Չի եղել տարի, որ մեր գինին մնացել է, հակառակը եղել է, որ ուզել ենք պահել, չենք կարողացել։

- Կա՞ գինի, որի պահանջարկը ավելի մեծ է։

- Այո՛, ամենամեծ պահանջարկն ունեն արենի, ոսկեհատ, խաթուն խարջիից և այլ տեղական խաղողներից պատրաստված գինիները, մեր «6100» և «Է» գինիների գծերը։ Հայաստանում և մասնավորապես մեր տնտեսությունում աճող եվրոպական խաղողի սորտերից պատրաստվող գինին եվս ունի պահանջարկ, բայց ավելի տեղական սահմանափակ շուկայում։ Իսկ Եվրոպան և Ամերիկան, որտեղ հիմնականում արտահանում ենք, փնտրում են նոր՝ դեռ չբացահայտված գինու տեսակներ, համեր։

Մարիամ Ստեփանյան