Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 12:27 25-03-2022

Տարածաշրջանում խաղաղության հաստատում՝ ըստ Նիկոլի

Օգտվելով այն հանգամանքից, որ աշխարհի հզորները զբաղված են աշխարհն իրար մեջ կիսելու «սուրբ առաքելությամբ», թուրքազերիներն էլ մտմտում են այս տարածաշրջանում իրենց «բաժին փայը» փախցնելու, Արցախը գրավելու, Հայաստանը մասնատելու մասին։ Ու քանի որ, այնուամենայնիվ, դեռ որոշակի վախ ունեն նույն այդ մեծերից, հիմա Արցախին կծմծելու տարբերակով հզորների ռեակցիան են ստուգում։

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Արցախը զրկված է բնական գազից։ Ազերիները ցուցադրաբար հասկացրին աշխարհին, որ դա իրենց արածն է։ Դրան ի պատասխան՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը դիմեց ոչ թե ազերիներին, ոչ թե աշխարհին, այլ հայերին՝ ասելով, որ պետք է սովորենք նաև առանց գազի ապրել, որպեսզի Ադրբեջանը դա Հայաստանի վրա ճնշումների գործիք չդարձնի։ «Երբ գերիների հարցը շահարկվում էր, դրանով ներքին լարվածություն էր ստեղծվում ընդդիմության կողմից։ Երբ որ այդ խնդիրը, ի պատիվ նաև գերիների հարազատների, նրանք սառեցրին այդ շահարկումները, սկսվեցին նաև գերիների հանձնման պրոցեսները»: Փաստորեն անդրանիկքոչարյանական տրամաբանությամբ՝ եթե տևական ժամանակ գազի մասին չբարձրաձայնենք, ազերիները, տեսնելով մեր «անտարբերությունը», վերսկսելու են գազի մատակարարումը։ Կամ նրանք գերիներին վերադարձրին, որովհետև մեզանում ընդդիմությունը «դադարեց» այդ թեմայով խոսել։

«Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Եվ այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբությունները ուսումնասիրելու». սա էլ հատված է երեկվա կառավարության նիստում վարչապետի ելույթից։

Փաշինյանն ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն առաջնորդվում են նույն, որևէ տրամաբանության չենթարկվող տրամաբանությամբ։ Փաստորեն Ադրբեջանը, մինուս ութ աստիճանի պայմաններում ջեռուցումից զրկելով ավելի քան 110 հազար բնակչության, լավություն է անում նրանց՝ այն առումով, որ աշխարհը տեսնի ու «առանց բացատրության» հասկանա Արցախի հիմնախնդրի էությունը։ Աշխարհը 5 հազար զոհը տեսավ, արգելված ֆոսֆորային ռումբերի զոհ խաղաղ բնակիչներին, կանանց ու ծերերին, երեխաներին տեսավ, գերիներին գլխատելը տեսավ, ծննդատուն ու եկեղեցի հրետակոծելն ու ավերելը տեսավ և «չհասկացավ», հիմա գազի մատակարարման դադարեցումով ամեն ինչ հասկանալու է։ Աշխարհը հիմա իր գազի խնդիրներով է «տապակվում» ու թքած ունի (ներողություն բառի համար) թե՛ Արցախի, թե՛ Փաշինյանի փիլիսոփայության և թե՛ չմատակարարվող գազի վրա։ Եթե Նիկոլը կարծում է, որ վերջին մեկուկես տարիներին ազերիների արած այդքան այլանդակություններից հետո գազ կտրելով աշխարհը նոր պետք է ղարաբաղյան կոնֆլիկտի բուն էությունը հասկանա, ապա հերթական անգամ «ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»։ Եթե հասկանում է ու մանիպուլացնում, դարձյալ ողբալի է մեր վիճակը։

Նիկոլի այս ելույթից ժամեր անց ադրբեջանական ստորաբաժանումները գրավել են Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրն ու շարժվել դեպի Քարագլուխ։ Աշխարհին ցույց տալ եք ուզում, ցույց տվեք (եթե որևէ մեկին հետաքրքիր է, իհարկե)՝ ոնց են «խաղաղության դարաշրջանում» ադրբեջանական զորքերը գրոհում հայկական խաղաղ գյուղերը։ Բայց նման դեպքերում Փաշինյանը գերադասում է որևէ մեկնաբանություն չանել։

«Իհարկե, շատերն այս իրադրությանը արձագանքում են հիշեցնելով և քննադատելով մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մեր որդեգրած քաղաքականությունը: Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունը այլընտրանք չունի: ...Մենք չպետք է տրվենք սադրանքների: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, և մենք մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում: Այս դիրքորոշման հրապարակման օրը երեկոյան Ադրբեջանը փակում է Արցախին մատակարարող գազատարը: Ուշադրություն դարձրեք, Հայաստանը հայտարարում է, որ Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են (ինչ առաջարկ էլ ներկայացվեր, ընդունելի էր լինելու), իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, և սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է»: Ադրբեջանը թքած ունի ձեր օրակարգի վրա։ Օրակարգ, այն էլ՝ տարածաշրջաններում, թելադրում են «թելադրողները»։ Այս փուլում, օրինակ, Ռուսաստանն է օրակարգ թելադրում։ Եվ Միացյալ Նահանգները։ Ու հիմա «ճշտում են», թե աշխարհն ում օրակարգով է առաջնորդվելու։ Եվրոպայի ամենամեծ պետությունը՝ 600 հազար քկմ-անոց Ուկրաինան, ջնջվում է օրակարգ թելադրող աշխարհի հզորների ոտքերի տակ։ Մինչդեռ երեկվա անհասկանալի պատերազմում անհասկանալի պայմաններում երկիրը պարտության տարած վարչապետը, որ անգամ աշխարհի օգնությամբ Ադրբեջանի կողմից փակված մի գազատար բացել չի կարողանում և միմիայն գլխահակ ընդունում է աջուձախից արված «առաջարկները», խոսում է օրակարգ թելադրելուց աշխարհի այնպիսի մի տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, որտեղ աշխարհի բոլոր հզորների շահերն են բախվում։ Միակ «առաջարկը», որ այսքան ժամանակ լսվել է սրա կողմից, և որը, մասնագետների գնահատմամբ, անհեթեթություն է, իսկ Ադրբեջանն անգամ հարկ չի համարել պատասխանել, դա զորքերի հայելային հետքաշումն է։ Ուրիշ որևէ հոդաբաշխ միտք երբևէ չի հնչել։

Եթե մի պահ նույնիսկ ընդունենք, որ, իրոք, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան է բացում, ապա հարց է առաջանում՝ ո՞նց, ի՞նչ հաջորդական քայլեր, միջոցառումներ է ձեռնարկում, որոնց անվերապահորեն ենթարկվում են Ադրբեջանն ու Թուրքիան, ու բացվում է խաղաղության դարաշրջանը։ Ո՞րն է մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գինը։ Քայլարածների վերջին հայտարարություններից տպավորություն է, որ Արցախն ամբողջովին ազերիներին հանձնելը։ Սա կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատում՝ ըստ Նիկոլի։