Երևան +16°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:16 24-03-2022

Չբարեկամը մտել է Փառուխ․ ինչպե՞ս չեզոքացնել շանտաժը

Երբ չբարեկամներին պարզ դարձավ, որ Հայաստանը չի տրվում գազային շանտաժին, դրանից հետո ադրբեջանական զինուժը զորաշարժ սկսեց։ Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, որը նաև հորդորելէ բնակչությանը պահպանել հանգստություն։ Նշվել է նաև, որ տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները։ Այսպիսով՝ գազային շանտաժին ավելացավ ուժային շանտաժը։ Ի՞նչ են ուզում չբարեկամները։

Գազային շանտաժին չտրվելու մասին ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստում պարզ խոսեց ՀՀ վարչապետը՝ ընդարձակ տեքստով անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին, դատապարտելով Ադրբեջանի վարքը, սակայն պարզ չխոսեց շանտաժի առարկայի մասին։ Դրանից հետո չբարեկամը զորքով խախտեց շփման գիծը՝ ավելի սպառնալի դարձնելով շանտաժը։

Ավելի վաղ նշել էինք, որ մարտի 22-ին ռուս-ադրբեջանական զինվորականները բարձր մակարդակով հանդիպման ժամանակ օրակարգ էին բերել Արցախից հայ զինվորների դուրսբերման հարցը՝ այն կապելով Նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի հետ։ Սակայն ենթադրելի է, որ Արցախում հայերին զինաթափելու հարցը գազային շանտաժի իրական պատճառը չի, քանի որ այսօր ՀՀ վարչապետը նշեց, որ հավատարիմ են խաղաղության օրակարգին և առաջին անգամ հայտարարեց, որ պատրաստ են Երասխի հատվածում 3 դիրք հետ քաշվել։ Այս հայտարարությունները վկայում են, որ ՀՀ ներկա իշխանությունները ռևանշի մտադրություն չունեն, պատրաստ են բավարարել Ադրբեջանի բոլոր «առաջարկները»։ Սակայն այս նահանջը չաբավարեց չբարեկամին, և նա մտավ Փառուխ։ Գուցե այս շանտաժը դո՞ւրս է հայ-ադրբեջանական օրակարգից և կապ ունի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետ։

Ակնհայտ է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմում միջազգային հանրության կողմից ահռելի ճնշման է ենթարկվում և աջակցություն ակնկալում գործընկերներից։ ՀՀ-ն, թեև չի սատարում Ուկրաինային, բայց չի էլ աջակցում Ռուսաստանին։ Օրինակ՝ ՄԱԿ-ում ռուսական ագրեսիան դատապարտող բանաձևին ձեռնպահ է քվեարկում։ Իսկ հայ արտահանողները պատրաստ չեն հայկական ապրանքը ռուբլով վաճառել։ Այսպես ՀՀ-ն հատվածաբար հայտնում է իր դիրքորոշումը, սակայն աշխարհաքաղաքական ամփոփ դիրքորոշումը կարևոր է բոլորի համար, քանի որ Արևմուտքն առաջիկայում ձգտելու է դուրս մղել Ռուսաստանին նաև Հարավային Կովկասից։ Այս մասին ակնարկ է արվել մարտի 24-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան հավաքի ժամանակ։ Հետևաբար, ենթադրելի է, որ երբ հայ քաղաքական համայնքը լուրջ քննարկման առարկա դարձնի այս թեման, դրանից հետո գազային-ուժային շանտաժը կդադարի, իսկ Արցախը ազատություն ստանալու հարցում առարկայական աջակցություն կստանա։