copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:48 21-03-2022

ՄԱԿ-ի այցը օկուպացված Շուշի ինչ կարող է նշանակել

ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Շուշի՝ Ադրբեջանի հետ համագործակցության 30-ամյակին, դարձել է քննարկումների առիթ: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այդ քայլը: Դատապարտող հայտարարություն են տարածել նաև Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Oragir.news-ը զրուցել է քաղաքագետ Մհեր Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ կարող է նշանակել ՄԱԿ-ի այդ քայլը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՄԱԿ-ը աջակցում է Ադրբեջանին:

‹‹ՄԱԿ-ը վերազգային ու վերպետական կառույց է: ՄԱԿ-ը գոյություն ունի, ըստ էության, պետությունների կոնսենսուսի հաշվին: Հիմա պետությունները կոնսենսուսի են եկել, որ Ադրբեջանի սահմանը հետևյալն է: Միաժամանակ ՄԱԿ-ը ԵԱՀԿ Մինսկի խումբն է ստեղծել, և այդ խմբով այն Արցախյան խնդրի կարգավորումն է փնտրում: ՄԱԿ-ը այս պահին ըստ էության չկա: Եթե ՄԱԿ-ը աջակցեր Ադրբեջանին, ԵԱՀԿ Մինսկի խումբը չէր լինի: Այդ փաստը կա, այս պահին մենք ժամանակավոր կորցրել ենք Շուշին: Բայց մեզ ինչ՝ հիմա կնշվի 30-ամյակը Շուշիում, թե չի նշվի: Սա այն դեպքն է, որ եթե մենք առանձնահատուկ աղմուկ չանենք, ոչ մեկն էլ մեծ հաշվով չի նկատի, թե ՄԱԿ-ի անդամակցության Ադրբեջանի 30-ամյակը նշվեց Շուշիում: Հա իրենք՝ Էրդողանը և Ալիևը, իրենց կանալներով տարածելու են, բայց այս պահին աշխարհին դա՞ է հետաքրքիր: Եթե մեծ հաշվով մենք հետո Շուշին հետ բերենք, էդ 30-ամյակին ոչ մեկն էլ չի նայի: Գուցե քաղաքական ինչ-որ բան կա: Գուցե Ադրբեջանը ցանկացել է նաև Ռուսաստանին ինչ-որ բան ասել՝ ՄԱԿ-ի բոստանը քար քցելով: Բայց սա հարց չէ, որ արժի մեկնաբանել››:

Թե ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց հենց Շուշիում նշել, Հակոբյանը կարծում է, որ Ալիևն իր հաղթական բնույթն է ցուցադրում. ‹‹Ալիևն այս պահին իր ժողովրդին չունի ուրիշ բան ցույց տալու, ինքը շահագործում է իրենց էդ հաղթանակի թեման: Ալիևը բռնակալ է, որ ճնշում է իր ժողովրդին, որովհետև իրենք ոչինչ չունեն իրենց ժողովրդին տալու՝ փայլուն տնտեսություն չունի, մարդու իրավունքներ չունի: Ինքը պարզ, էժանագին իր ազգայնականությունն է շահագործում, որ ես, ադրբեջանցի՛, քո ազգային իղձը կատարեցի, այսպես ասած, և ահա տե՛ս Շուշին: Բայց դա թուլանում է ժամանակի հետ, որովհետև հասարակ ադրբեջանցուն խաբում էր, թե ես բռնակալ եմ, որովհետև Արցախի խնդիր ունենք: Հիմա արդեն երրորդ տարին է՝ իբր լուծել է, և ինքը իր խոսքին գերի է դարձել, ասում է՝ ես լուծել եմ Արցախի խնդիրը, բայց Արցախի խնդիրը չի լուծվել: Մարդիկ հարց են տալիս՝ ես շարունակում եմ վատ ապրել, ու ինքը չի էլ կարող ասել՝ Ղարաբաղը հայերինն է, դրա համար ես ու դու վատ ենք ապրում: Միջոցառում է, թող անեն, սա պարզունակ քայլ է: Մեկ է, արդեն երկրորդ տարին է՝ չեն կարողանում այդ տարածքները բնակեցնեն, ոչ էլ բավարար փողեր են կարողանում դնել: Տարածքները անընդհատ սև խոռոչի նման քաշելու են իրենց փողերը››:

Հակոբյանի խոսքով, այսօր ոչ թե խնդիրն այն է, որ Ադրբեջանը Շուշիում է միջոցառում անում, այլ այն, որ հայերն են թուլանում. ‹‹Եթե մենք դրական զարգացման մեջ լինեինք, իրենց բացասականից կկարողանայինք օգտվել: Արտաքուստ ցուցադրաբար իրենք հաղթեցին, բայց իրենց հաղթանակը վերջնական չի: Ուղղակի մենք շատ ցավ ապրեցինք, էլի, որովհետև մենք կորցրինք բոլոր առումներով, իրենք էլ վիճելի հաղթանակ տարան: Հետո մեր իշխանության քաղաքականությունը մեզ մոտ տպավորություն է ստեղծում, թե մենք վերջնական պարտվել ենք, որ մեր իշխանությունը չի ուզում խոսել բանակի մասին, Արցախի մասին: Եթե սթափ ենք նայում՝ հա, կորուստ ենք ունեցել, հա, տարածք ենք կորցրել, բայց դուք Ուկրաինայի մասշտաբներով նայեք: Մենք ի՞նչ ենք կորցրել, մենք Հորադիզից հետ ենք եկել մինչև Ղափան: Ժամանակակից պատերազմներում եթե ուժերի հավասարակշռությունը փոխվի, 5-6-օրվա ընթացքում հետ կբերենք››:

Հակոբյանի կարծիքով՝ մեր ժողովուրդը հեռացել էր Արցախից, վախեցել է պատերազմից. ‹‹Կորուստներ ունեցանք, հոգեբանական ֆոբիա մնաց մեր մոտ: Ու այդ կոմպլեքսները իշխանությունը ոչ մի կերպ չի թողնում բժշկել. եթե դու այդ կոմպլեքսը բժշկես, ուրիշ կլինի: Վիճակներս փայլուն չի, բայց այնպես չի, որ հայ ժողովուրդը կորավ: Իշխանությունը այդ հոգեբանությամբ արեց, որ Արցախը կորավ: Դրանից հետո ընտրություններում իրեն ընտրեց ժողովուրդը, ինքն էլ համարում է, որ վատ բան չի արել, այդքան էլ մեղավոր չէր: Իսկ հիմա այդ մնացորդային Արցախը իրեն պետք չի էլ: Դա բանակցային բեռ է: Արցախի բանակցությունները բոլոր իշխանությունների ամենածանր բեռն են: Բոլոր իշխանություններն էլ ամենաշատը չեն ուզում Արցախի բեռի մեջ մտնել: Հիմա էլ սրանք էդ բեռի տակ մնացին, տանուլ տվեցին: Դրա համար հիմա ասում են՝ դա մեզ պետք չի, ռուսներ, գնացեք ինչ ուզում եք՝ արեք, մեզ չի հետաքրքրում››:

Հակոբյանը պնդեց, որ իշխանությունը այս պահին չի ուզում Արցախի և բանակի մասին խոսել. ‹‹Ինչ է նշանակում լուրջ փողեր դնել բանակի մեջ, ռեֆորմ անել, ուղեղ աշխատեցնել: Ավելի լավ չի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել, ձևական փաստաթուղթ ստորագրել, միջազգային գարանտիաներով դնել դեմարկացիա, դելիմիտացիա անել, ասել՝ սա իմ սահմանն է, ջհանդամ, թե թուրքերը էն ամենալավ ձևով կպահեն, մենք մի հատ Տաթևի ճամփով յոլա կգնանք, բայց էսի մերն ա: Բանակը կցրենք, կասենք՝ ՄԱԿ-ի անունից պրծանք: Բանակի վրա էլ լուրջ փողեր չենք դնի: Բայց եթե ունենաս այլ իշխանություն, որ ազգային մտածողություն կունենա, կհասկանա, որ բանակի վրա էլ է պետք փող դնել: Ժողովրդին կսկսեն առողջացնել, բացատրել: Մի օր էլ առիթ կլինի, ենթադրենք, Ալիևը կմեռնի: Մի ապստամբություն կլինի, մենք էլ կկարողանանք մեր հողերը հետ վերցնել››:

Ինչ վերաբերում է ներկայիս իշխանության վերաբերմունքին, Հակոբյանը ասաց, որ ներկայիս իշխանությունը հնարավոր ամեն կերպ օրակարգից դուրս է բերել Արցախը, և միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի հետ հարաբերություն կա. ‹‹Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Հայաստանը հարաբերություններ ունի, այն էլ միջազգային խաղացողները թույլ չեն տալիս դադարեցնել, ու եթե իշխանություններին թողնես, դրան էլ վերջ կտան ու վերջնականապես երկրի ներսում իրենց դեմքը կկորցնեն: Փաստացի տարուց ավելի է՝ Մինսկի խումբը ակտիվություն ցույց չի տվել: Ժողովրդի 53%-ն էլ համաձայն է իշխանության հետ: Ու այստեղ ես առիթը բաց չեմ թողնի ասելու, որ նախկիններն են մեղավոր, որ 91 թվին մեր ժողովուրդը Արցախի համար կյանք էր տալիս, բայց 25տարվա իրենց իշխանությամբ այդ ժողովրդին հասցրին նրան, որ թքած ունի Արցախի վրա: Որովհետև ինչ էին տալիս իշխանությունները հասարակ գյուղացուն: Բենզինը թանկանում էր, հարցնում էին՝ ինչի՞, ասում էին՝ Արցախ ունենք: Հենա Արցախը կորցրինք, մարդա մեկն էլ եկել ասում է՝ երեխեդ չի գնա վտանգի տակ կանգնի, բենզինը կէժանանա, որովհետև Արցախի պատճառով էր, չէ՞: Հենա Արցախը չկա, բենզինը էժան կլինի, երեխեդ էլ չի գնա Արցախ: Դրա համար դու ինձ ընտրի: Հասարակ մարդն էլ չի հասկանում, որ այսպես խաղաղություն չի լինի››:

Խոսելով Արևմուտք-Արևելք ճանապարհնեից՝ Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի ճանապարհն այս պահին Ռուսաստանն է. ‹‹Եթե վաղը պատերազմ լինի, պետք է Ռուսաստանի թևը պահել: Բայց եթե 5 ամիս հետո, ենթադրենք, 1917թ.-ի վիճակը լինի, պետք է արագ թեքվել դեպի Արևմուտք››:

Բայց ըստ Հակոբյանի՝ Արևմուտքը Հայաստան-Ադրբեջան ընտրության մեջ առավել հակված է ընտրելու Ադրբեջանին:

Լուսինե Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

09:46 Արարատի մարզում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը. shamshyan.com
12:47 Ադրբեջանցիները թալանում ու զվարճանում են օկուպացված Ստեփանակերտի տներում
21:47 «Բոլոլա ա լինելու». աշխատանքից հեռացված վարորդ Ռուստամը միացավ պայքարին
12:21 Չի վախենում, խմած չէ և բարձր է օրենքից. Նիկոլ Փաշինյանի տեսանյութի «մեսիջները»
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
20:36 «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից
21:59 Տավուշյան պայքարը դժվար է լինելու, բայց պատվաբեր․ անհրաժեշտ է մասնակիցների առավելագույն քանակ
15:42 Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
00:33 Վաղը քայլերթը դեպի Երևան կշարունակվի Պատարագից հետո