Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:55 21-03-2022

Իշխանությունների «շնորհիվ» այսօր ՀՀ-ն զուրկ է անգամ ամենաչնչին սպառնալիքներին դիմակայելու կարողություններից. Խոսրով Հարությունյան

«Ստեղծված իրավիճակին վերլուծություններ անողների խոսքին շատ դժվար կլինի որևէ բան ավելացնել, լավագույն դեպքում կարելի է կրկնվել, թեպետ մեկ-երկու դիտարկում, որը օգտակար կլինի հետագա անելիքների առումով»,- ասաց «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ։

Հարությունյանն ասաց, որ 90-ական թվականներին հայոց պետականությունը կանգնած էր մի շատ կարևոր խնդրի առջև, և ակնհայտ էր, որ Սովետական Միությունը կանգնած էր կազմաքանդման անխուսափելի աշխարհաքաղաքական իրադրության առջև, և մեր խնդիրն էր այնպես անել, որ մենք չհայտնվեինք քանդվող ապարանքների, բեկորների տակ, որը ինչ-որ չափով հաջողվեց՝ ամբողջ թերություններով հանդերձ։

«Այսօր իրավիճակն ավելի բարդ է, որովհետև մենք, այսինքն՝ ոչ միայն հայաստանցիներս, այլև աշխարհն է կանգնած նոր աշխարհակարգի ձևավորման շեմին, և բոլոր պետությունները, հատկապես փոքր, կանգնած են այն խնդրի առաջ, թե ինչպե՞ս անեն, որ չհայտնվեն նոր աշխարհակարգի ձևավորման տեկտոնիկ շարժումների բեկորների տակ։ ՀՀ-ի պարագան այսօր սարսափելի վատ է այդ առումով, որովհետև գործող իշխանությունների «շնորհիվ» այսօր ՀՀ-ն զուրկ է անգամ ամենաչնչին սպառնալիքներին դիմակայելու կարողություններից: Սա իրողություն է, որի հետ չենք կարող հաշվի չնստել, եթե մտածում ենք առաջիկա քաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումների մասին»,- ասաց նա։

«Ես պետք է ասեմ, որ այն իրավիճակը, որը ստեղծվել է, որևէ լավատեսություն իր մեջ չի պարունակում, բայց համոզված եմ, որ այսպիսի ծանր պայմաններում էլ ՀՀ-ն այսպիսի անօգնական, տկար իր սեփական ինստիտուցիոնալ կարողություններով, այսքան նվազ երբեք չի եղել։ Խնդիրը պետք է փորձել հասկանալ, թե ՌԴ-Արևմուտք առճակատումը ինչպես կավարտվի, որը էական նշանակություն է ունենալու ՀՀ-ի համար՝ որպես ՌԴ ռազմավարական դաշնակից։ Այս կոնտեքստում մենք պետք է լուրջ նախապատրաստվենք, իսկ ես համոզված եմ, որ ՌԴ-Արևմուտք այս առճակատման արդյունքը լինելու է այն, որ ՌԴ-ն դուրս է գալու ավելի ուժեղացած, ավելի միասնական և լուրջ կարողություններով, հետևաբար այս կոնտեքստում այն թեզը, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն ռազմավարական դաշնակիցներ են, առավել ևս նոր բովանդակություն և իմաստ է ստանալու»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը։

Նա հավելեց, որ ՀՀ-ն տարածաշրջանում այլևա էական դերակատարում չունի, և այս տարածաշրջանում կա մեկ լուրջ դերակատար, որը Ադրբեջանն է։ Հարավային ուղղությամբ ՌԴ-ն ունի մեկ բնական դաշնակից՝ դա ՀՀ-ն է, որովհետև ՌԴ-ի և ՀՀ-ի սպառնալիքները նույնն են՝ թե՛ արևմուտքից, թե՛ արևելքից, այսինքն՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք հավասար սպառնալիք են։ Իհարկե ՌԴ-ն, որպես խոշոր խաղացող, Թուրքիայի հետ քաղաքականություն վարելիս իրեն կարող է երբեմն շռայլություն թույլ տալ, բայց այս ընթացքում կարևորն այն է, որ ՀՀ-ն վերաիմաստավորի ՌԴ-ի հետ քաղաքական դաշնակցային հարաբերությունների խորությունը, որն այլևս նոր որակի հարաբերություններ է ենթադրում։
Հարությունյանի խոսքով, երկրորդ թեզն Ադրբեջանի կողմից առաջարկվող հինգ կետերի մասին, է, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ կապված, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի կարող քննարկվել առանց Կարսի պայմանագրին անդրադարձ կատարելու, հետևաբար պետք է զարգացնել այդ թեման, որովհետև սա իրավաքաղաքական, պատմական իրողություն է։

«Ես հավատացյալ խորհրդարանական եմ և համոզված եմ, որ խորհրդարանական վերահսկողության գործիքները կարող են և պետք է արդյունավետ գործեն։ Աբսուրդն այն է, որ այս դահլիճում խորհրդարանական առանցքային ամենակարևոր ինստիտուտները աղավաղվել են, և հիմա որոշումներ կայացնելու իրավունքը քաղաքական մեծամասնությանն է՝ դա լիազորություն չէ, դա պատասխանատվություն է, քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է քաղաքական որոշումներ կայացնելու համար, որովհետև նա հանրության հիմնական հատվածի ներկայացուցիչն է։ Պատկերացնո՞ւմ եք, պաշտպանության հանձնաժողովի տեղակալին քաղաքական փոքրամասնությունը ներկայացնում է, իսկ մեծամասնությունը որոշում է՝ ոչ։ Կներեք, քաղաքական մեծամասնությունը իրավունք չունի որոշելու, դա տրված է քաղաքական փոքրամասնությանը»,- ամփոփեց Խոսրով Հարությունյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ձեզ գուցե հետաքրքրի