Ներքին 4 տարի առաջ - 20:02 18-03-2022

Քրիստոսի արձանը կկառուցվի Երևանից դուրս

Այսօր «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցութային հանձնախումբը հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Հանձնախումբը ասուլիսի ընթացքում ամփոփեց մինչ այս կատարված աշխատանքները և ներկայացրեց 21 նկարիչների և քանդակագործների անունները, որոնց հետ կշարունակեն հետագա աշխատանքները։

Հանձնախմբի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը ներկայացրեց, թե ինչ օրինաչափությամբ են ընտրվել հանջորդ փուլ անցած 21 աշխատանքները․ «Քրիստոսի արձանը իր մեջ պետք է ամփոփի քրիստոնեության գաղափարը, որն իր նորովի մեկնաբանությամբ պետք է ծառայի հոգևոր և ազգային զարթոնքին։ Այն նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի քրիստոնյաների համար։ Քրիստոսի կերպարը պետք է արտացոլի բացարձակ կամք, ուժ, իշխանություն, իմաստություն, գիտություն, սեր և սրբություն։ Հայ ժողովուրդը աստվածաընտրյալ ազգ է, ուստի Հայաստանում վեր խոյացող արձանը պետք է լինի յուրահատուկ և ամբողջությամբ արտահայտի մեր հավատը և ուժը։ Սա հնչում է որպես առաջադրանք մեր քանդակագործներին, հատկապես նրանց համար ովքեր անցնելու են հետագա աշխատանքային փուլ։ Մեր խորին համոզմամբ՝ ոչ մի գործընթաց պետք է չխանագրի այն գործընթացին, ինչը կապված է հոգևոր մշակույթի հետ․ այո՛, մենք ունենք շատ խնդիրներ մեր հարևան երկրների հետ, բայց դա պետք է մեզ չխանգարի, որ մենք հոգևոր ոլորտում աշխատանքներ ծավալենք։ Մրցույթը հայտարարելու պահից ի վեր 200-ից ավել մասնագետներ մասնակցության հայտ են ներկայացվել, որոնցից պետք է ընտրվեր 20-ը, բայց ընտրվել է 21-ը, քանի որ երկու մասնակից ստացել էին հավասար միավորներ։ Մենք խնդիր ունենք՝ տեղադրել այնպիսի արձան, որը կտարբերվի աշխարհում տեղադրված արձաններից։ Աշխարհում տեղադրված է 200-ից ավել Հիսուսի արձան, և հիմնականում խոսում են մոտ 10-20 արձանի մասին, որոնք տարբերվում են իրենց չափերով, և 2-3 խորհուրդ են կրում իրենց մեջ։ Մենք գերակայում ենք արձանը, բայց կարևորվում է նաև համալիրը»,- ասաց Հովհաննիսյանը։

Այնուհետև հնչեցվեցին այն 21 նկարիչ-քանդակագործների անունները, որոնք անցել են հանջորդ աշխատանքային փուլեր։

Լրագրողներից մեկի հնչեցաված այն հարցին, թե որտեղ է ի վերջո կառուցվելու արձան-համալիրը, հանձնաժողովը պատասխանեց, որ հստակ որոշում չկա, թե որտեղ կլինի, բայց այն Երևանում չի լինելու, կլինի շրջաններից մեկում։

«Առաջին իսկ պահից քննարկվում է վայրը, կան ընտրված մի քանի վայրեր, որոնք ենթակա են քննարկման և ուսումնասիրության։ Այո՛, շատ կարևոր է գեղեցիկ տեսարանը, բայց կարևոր է նաև խորհուրդը։ Իհարկե վայրը ընտրելու համար մեզ կմիանան նաև սեյսմոլոգներ և այլ մասնագետներ․ այսինքն մանրամասն պետք է ուսումնասիրվի։ Այս պահին կա չորս կետ Հայաստանում, ոչ իհարկե Երևանում, դա նախապես ասեմ, հիմա չեմ ուզում շատ փակագծերը բացել, բայց օրինակներից մեկը կասեմ՝ կետերից մեկն է Սևանի թերակղզին, որովհետև այնտեղի վանական համալիրը, հիմնադրվել է 305 թվականին, հենց Գրիգոր Լուսավորիչի կողմից։ Այսինքն այնտեղ կա խորհուրդ, բայց սա դեռ հիմնականը չէ, այլ քննարկումների ցանկում»,- նշեց հանձնախմբի անդամ Ռուբեն Հովհաննիսյանը, ապա ավելացրեց, որ նախագծի վերաբերյալ կան նաև դժգոհություններ․

«Եթե պատերազմական շրջանում նախատեսված է տեղադրել ինչ-որ մեկի արձանը, ուրեմն պետք է տեղադրվի։ Մի դեպք ինձ ասեք, որ Հայաստանում մենք՝ հայերս, ուզենանք մի բան անել, ու չլինեն դեմ մարդիկ՝ այն էլ լայն զանգվածներով։ Այո՛, շատ խոշոր գումարներ են ծախսվելու, և ինչու՞ այս գումարները չեն ուղորդվում սոցիալական պահանջներին, բանակին, և այլնի վրա։ Ասեմ, որ պատերազմի ընթացքում Գագիկ Ծառուկյանը բանակին փոխանցել է 3-4 միլիոն դոլար։ Կան գերատեսչություններ, որոնք իրականացնում են ռազմավարական քազաքականություն, հանրապետության մարտավարական քաղաքականություն, կան այլ մասնավորներ, թող իրենք ունենան իրենց մասնակցությունը բանակաշինության գործում, սոցիալական ոլորտում, կրթական ոլորտում․ թող լինեն այլ նախաձեռնողներ այն ոլորտներում, որոնց վրա այս պահին մեր հիմնադրամը քիչ է անրադառնում։ Բայց դաշտը դատարկ է։ Հիմա այս մարդը համարձակություն է իր վրա վերցրել, իր անձնական գումարները ներդնել այս գործին, դա էլ թող մնացածը անեն։ Որտեղ որ լինի համալիրը, անկախ ամեն ինչից՝ այդ համայնքը ունենում է արագ զարգացում, բացվելու են աշխատատեղեր հենց համայնքի բնակիչների համար»։

Հովհաննիսյանը, նաև խոսելով եկեղեցու մասին, նշեց որ իրենց աշխատակազմում Հայր Ասողիկ Կարապետյանի ներկայությունը արդեն ասում է, որ հայ առաքելական եկեղեցին ունի իր մոտեցումը, որը բացասական չէ, և եկեղեցու բարձրացրած միակ խնդիրը այն է, որ ըստ եկեղեցու կանոնակարգի՝ չի կարելի տեղադրել արձան եկեղեցու տարածքում, և իրենք եկեղեցու տարածքում չեն տեղադրելու։

Oragir.news-ի հնչեցրած հարցին, թե ինչպես է ստացում, որ եկեղեցին սկզբնական շրջանում դեմ էր արձանին՝ ասելով որ Քրիստոսի արձան տեղադրելը բնորոշ է կաթոլիկ եկեղեցուն, իսկ հիմա կողմ է դրան, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք ավանգարդիստ ենք, մենք 301 թվականին ընդունել ենք քրիստոնեությունը, առաջին պատճառներից մեկը նաև դա է, թե ինչու ենք մենք հիմա տեղադրում Հիսուսի արձանը։ Բոլոր կրոնները ծնվել են քրիստոնեությունից, բոլորը ծնվել են հայ առաքելական եկեղեցուց, բոլոր եկեղեցիները հետևորդն ու ճուղավորումն են մեր եկեղեցու, հիմա մենք եթե չենք ունեցել արձան, իմ անձնական կարծիքով, ոչ ոք մեզ չի կարող ասել, թե մենք ինչպիսի վերաբերմունք ենք հիմա ունենալու մեր կրոնին կամ Հիսուսի արձան-համալիրին։ Իսկ առաքելական եկեղեցու խորհուրդները մենք ունենք օրակարգում, հետևում ենք դրանց և փորձում ենք համագործակցության շնորհիվ գալ մեկ գաղափարի»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։

Հարցին հավելում արեց նաև Լուիզա Սարգսյանը․ «Եկեղեցին դեռ պաշտոնական դիրքորշում չի արտահայտել, համագործակցություն կա, խորհրդատվության կարգով նաև ներկայացուցիչ ուենք, բայց իհարկե վերջնարդյունքի մասին վերջնական կտեղեկացնենք»,- ասաց Սարգսյանը։

Իսկ Սաթենիկ Վարդանյանը հարցին ի պատասխան ասաց, որ իսկսպես, քրիստոնեությունը կլոր քանդակ չի ընդունում, առավել ընդունելի են հարթապատկերները․ «Իսկապես արևելաքրիստոնեական մշակույթը մինչև այսօր չի ընդունում կլոր քանդակները, այլ ընդունում է հարթապատկերային սկզբունքը, բայց սա վերաբերվում է եկեղեցական ծիսակարգին, և խորհրդին։ Մենք ստեղծում ենք Քրիստոսի մեր ընկալումը, մեր խորհուրդը, թե ինչպես է մեր ազգը ընկալում այդ կերպարը, և այս կերպարը նախ և առաջ պիտի ստեղծվի նրա համար, որ մեր ազգային վերաբերմունքը ցույց տա այս կերպարին, և ինչու՞ ենք ուզում ստեղծել հզոր կերպար՝ կամք, իմաստություն ու սեր։ Հենց այս հատկանիշներն էլ պետք են մեր ժողովրդին»,- ասաց Վարդանյանը։

Խոսեց նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանը՝ նշելով, որ նախ և առաջ սխալ է առանց տեղը ընտրելու քանդակի մրցույթ հայտարարելը։ «Իմ լավ բարեկամ պրն․ Հովհաննիսյանը ասաց՝ մեզ ոչինչ չի կանգնեցնելու, այսինքն՝ նշանակում է ինչ պայմաններում ուզում է լինի, մենք պետք է Քրիստոսի արձան տեղադրե՞նք։ Երկիր սահմանները հիմա վտանգված են, ես Շուշիում դրել էի Վազգեն Սարգսյանի արձանը, և թուրքերը ջարդ ու փշուր արեցին, ի՞նչ հավակնություն ունենք, որ վաղը մյուս օրը մի բայրաքթար էլ չեն բերի քցեն գլխին, բա դրա պատասխանը ո՞վ պիտի տա։ Եվ հետո առանց տեղը որոշելու սխալ է քանդակի տեսք որոշել, այն պետք է համապատասխանի տեղանքին»,- ասաց Թոքմաջյանը, ինչն էլ դժգոհության առիթ դարձավ ներկաների շրջանում։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված