Երևան +15°
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:05 17-03-2022

Եթե դու նիրհում ես, առիթից կօգտվեն ուրիշները. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Պատերազմի աղետալի արդյունքներից հետո ակնկալիքներ կային, որ Հայաստանը ակտիվ քայլեր կձեռնարկի կորցրած ներուժը վերականգնելու և ուշքի գալու ուղղությամբ։ Սակայն ժամանակն անցնում է, և տեսնում ենք, թե ինչպես ոչինչ չի ձեռնարկվում այս ուղղությամբ։ Երկիրը մնում է այն վիճակում, ինչ վիճակում հայտնվել էր կապիտուլ յացիայից հետո։ Իսկ շատ առումներով ավելի է առաջանում դեպի անորոշություն: Եվ դա վերաբերում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին խնդիրներին։ Այնինչ, հատկապես արտաքին ճակատում բազում անելիքներ կան։ Օրինակ՝ Հայաստանի ներուժի վերականգնման տեսանկյունից շատ օգտակար կարող էր լինել մասնավորապես տարածաշրջանային դերակատարության ակտիվացումը, որի շրջանակներում էլ առաջնահերթ էր Իրանի հետ փոխգործակցության հետևողականորեն խորացումը և համատեղ նախագծերով հանդես գալը։

Գոնե անցյալ տարվանից սկսած կարելի էր ակտիվ աշխատել այս ուղղությամբ, երբ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները լարվել էին, Իրանը խոշորամասշտաբ զորավարժություններ էր սկսել Ադրբեջանի հետ սահմանին, և անգամ տարբեր փորձագետներ չէին բացառում Իրանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախման հավանականությունը։ Սակայն, չնայած բարենպաստ հանգամանքներին, հայ-իրանական երկկողմ հարաբերությունների դաշտում այդպես էլ որևէ խոշոր նախագիծ չիրականացվեց։ Թերևս միայն երկկողմ այցելություններ տեղի ունեցան, իսկ իրանական կողմը հավաստիացնում էր, որ Սյունիքով անցնող այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցում օգնություն կտրամադրեն:

Իսկ երբ ՀՀ-ն Իրանի հետ համատեղ նախագծեր չի իրականացնում, տեսանելի տեղաշարժեր չեն արձանագրվում գործնական մակարդակում, և հայ-իրանական հարաբերությունների խորացումը լոկ խոսքերից այն կողմ չի անցնում, ապա առիթից օգտվում է Ադրբեջանը։ Եվ այս առումով հետաքրքրական է, որ Բաքուն ոչ միայն կարողացավ հաղթահարել Թեհրանի հետ հարաբերություններում ստեղծված լարվածությունը, այլև անցել է համատեղ նախագծերի իրականացման փուլին։ Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանը և Իրանը հաղորդակցական կապերի ստեղծման մասին նոր հուշագիր են ստորագրել, այսպես կոչված, «Արևել յան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթով նախատեսվում է Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատել, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնել: Եվ այդ նպատակին հասնելու համար Արաքս գետի վրայով կառուցվելու է չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Սրանք խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր են լինելու, որոնք Ադրբեջանը կապելու են Նախիջևանի ու Թուրքիայի հետ։ Սակայն այս իրողությունը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհ ստանալու մտքից, դրա համար էլ թուրք-ադրբեջանական տանդեմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը միշտ տաք է պահում։ Մյուս կողմից էլ՝ առավել մտահոգիչ է, որ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախից բռնազավթված տարածքների վերականգնմանը։ Ու իրանական ընկերությունների շրջանում ցանկություն կա այդ գործընթացին մասնակցել, այն պարագայում, որ Թեհրանն իր անվտանգային շահերից ելնելով՝ առավել շահագրգռված կլիներ, որ Սյունիքում մասնակցեր որևիցե խոշոր նախագծի իրականացման։

Իրանը տարածաշրջանային մեծ դերակատարություն կարող է ունենալ նաև էներգետիկ նախագծերի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը հատուկ քայլեր է ձեռնարկում Իրանի էներգետիկ և տարանցման հնարավորություններից օգտվելու ուղղությամբ։ Այս ուղղությամբ կարևոր քայլ էր այն, որ անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր կնքեցին գազի տարանցման ու փոխանակման մասին։ Ու գազի փոխանակումն արդեն իրականացվում է։ Բնականաբար, սրանով Ադրբեջանն իր տարածքով գործող էներգետիկ տարանցման ենթակառուցվածքներով («TANAP»-ի՝ Տրանս-Անատոլիական գազատարի և «TAP»-ի՝ Տրանս-Ադրիատիկ գազատարի միջոցով) թուրքմենական և իրանական գազը դեպի Եվրոպա տեղափոխելու հեռահար նպատակներ է հետապնդում։ Իսկ Հայաստանում այսօրվա իշխանություններն անգամ ի վիճակի չեն եղած էներգետիկ նախագծերը կյանքի կոչել, ուր մնաց՝ նոր ծրագրեր առաջ քաշեն։

Օրինակ՝ Հայաստան–Իրան–Ռուսաստան–Վրաստան ձևաչափով «Հյուսիս–Հարավ» էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որի մասին համաձայնությունը կայացել էր դեռևս 2015 թվականին, դեռևս մնում է չիրականացված։ Իսկ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը մինչև այժմ չի ավարտվել։ Հայաստանը նույնիսկ չի կարողացել իրականություն դարձնել Իրանին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա վաճառելու իր մտադրությունը, ինչի արդյունքում դրա համար նախատեսված Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 մլն դոլարի պարտք կուտակեց ու դադարեցրեց աշխատանքը։ Փաստորեն ինչպես բոլոր ուղղություններով, այնպես էլ Իրանի հետ աշխատելու հարցում ՀՀ իշխանությունները խորը նիրհի մեջ են, թերևս նրանց համար միայն մեկ առաջնահերթություն կա՝ ինչպես պահել աթոռը. մնացած խնդիրները երկրորդական են»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։