Երևան +12°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:03 16-03-2022

«Խաղաղության դարաշրջան» գոյություն չունի, իսկ ադրբեջանական էյֆորիան փաստահենք է

Հայաստանի ռազմաքաղաքական վերլուծական շրջանակները շարունակում են Ադրբեջանին քննադատել էյֆորիկ տրամադրությունների և իրականությունից կտրված քաղաքականություն վարելու համար, մինչդեռ Բաքվի էյֆորիան ոչ միայն օբյեկտիվ է, այլև ռացիոնալ հիմքեր ունի։ Ընդ որում, պատճառը սոսկ այն չէ, որ Ալիևների կլանը հաղթական էյֆորիայի ֆոնը հնարավորինս երկարաձգում է՝ փորձելով ներքաղաքական առումով ամրապնդել իշխանությունը, ճնշել ընդդիմությանն ու ազգային փոքրամասնություններին, ազատ խոսքն ու մամուլը։ Էյֆորիան ունի նաև արտաքին քաղաքական հիմնավորում նախ այն առումով, որ Հայաստանի ռազմավարական միակ դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ այդ երկրի հետ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ այսուհետ ունի նաև Ադրբեջանը։ Ընդ որում, անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակի բարձրացման գնացել է Կրեմլի ճնշումների ներքո, իսկ հանրության լայն զանգվածներ չեն ողջունել որոշումը, բայցևայնպես, սա նշանակում է ոչ թե Թուրքիայի հետ կապերի թուլացում կամ, առավել ևս, Շուշիի հռչակագրի չեղարկում, այլ թուրք-ադրբեջանական և ռուս-ադրբեջանական կապերի բալանսավորում։ Երկրորդ, Բաքվի ավտորիտար ռեժիմը հենվում է Արցախում հրահրված պատերազմը միջազգային հանրության կողմից բավարար կերպով չքննադատելու պրակտիկայի վրա՝ օգտվելով դրան հաջորդած ռուս-ուկրաինական ճգնաժամից ու ռազմական հատուկ գործողության անպատժելիության մթնոլորտից։ Այլ կերպ ասած, լայնածավալ ագրեսիայի և ուժի գործադրմամբ միջպետական հակասություններն ու սառեցված հակամարտությունները միանպաստ տարբերակով լուծելու իրողությունը բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին ոչ միայն մոռացվում է Բաքվի սանձազերծած 44-օրյա պատերազմն ու ռազմական աննախադեպ էսկալացիան լեգիտիմացվում է տարածքային ամբողջականությունը վերականգնելու հիմնավորմամբ, այլև ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ագրեսիա հրահրած Ադրբեջանը կարող է դիրքավորվել որպես ագրեսիայի զոհ։ Պատճառն այն չէ, որ Բաքուն չի հասել իր պլան մաքսիմումին ու չի կարողացել ամբողջովին վերացնել Արցախի անջատողականությունը, գլխավոր խնդիրն այն է, որ հայկական զորքին փոխարինելու է եկել ռուսական զորքը, ընդ որում, որքան էլ դրան կցվի խաղաղապահի որակումը, այն այդպիսին չէ, քանի որ խաղաղապահ ուժեր ուղարկելու մանդատով օժտված է ՄԱԿ-ը, և ոչ թե առանձին պետություն։ Բայց, եթե հայկական զինուժի ներկայության հարցում Արևմուտքում կար հասկացվածություն ու վտանգի զգացողության բացակայություն, ապա ռուսական զորախմբի մշտադիտարկումը ընկալվում է որպես սուվերեն երկրի տարածքում պարտադրված վերահսկողություն ու տարածաշրջանային զսպման գործիք։ Այդ է պատճառը, որ թուրքական կողմի հետ համաձայնեցնելուց հետո Ասկերանի շրջանում Ադրբեջանը սանձարձակ գործողություններով ոչ միայն փորձում է կասկածի տակ դնել ռուսական զորախմբի ծառայության արդյունավետությունը՝ սահմանային շարունակական լարումների պատասխանատվությունը բարդելով արցախյան կողմի վրա, այլև փորձում է հրավիրել Արևմուտքի ուշադրությունը՝ դիրքավորվելով որպես ռուսական էքսպանսիայի և չարդարացված ինտերվենցիայի զոհ։

Բացի այդ, Ադրբեջանում էյֆորիայի ալիքի պահպանումը նպատակ ունի նաև հոգեբանական ու բարոյական վնաս հասցնել հայկական կողմին՝ օրորոցում սպանելով ազգայնական շրջանակների ռևանշիստական նկրտումները, իսկ Հայաստանի իշխանությունների կողմից պարտության համակերպման պայմաններում տեղային մարտերի արդյունքում հասնել դիրքային առավելությունների։ Թեպետ նման գործելաոճը շտապողականություն է ենթադրում, քանի որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված արտաքին բարենապաստ միջավայրը երկար չի կարող պահպանվել Ադրբեջանի համար, բայցևայնպես, Բաքուն ոչ միայն ծանր տեխնիկայի առաջխաղացմամբ ուժի ցուցադրություն է կազմակերպում, այլև կշռադատված ու հավասարակշիռ դիվանագիտություն է վարում։ Որպես օրինակ՝ ներկայացնում է առաջարկությունների փաթեթ, առաջարկում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, ընդ որում, էական չէ, թե որքանով են անկեղծ Բաքվի պայմանները, էականը կայունության հաստատմանն ուղղված իմիտիացիայի ապահովումն է։ Այս հարատեքստում պետք է նկատել, որ մի կողմից միակողմանի հռչակված «խաղաղության դարաշրջանի» գաղափարաբանական պարտության և գործնական առարկայացման անհաջողության, իսկ մյուս կողմից ադրբեջանական էյֆորիայի ու չթուլացող ռազմատենչ հռետորաբանության պատճառն այն է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո Ադրբեջանը կապիտալիզացրել է իր հաղթանակը, դեմոնստրատիվ կերպով Հայաստանի սահմանակցությամբ կառուցել զորամասեր, զարկ տվել ամրաշինական աշխատանքներին, մինչդեռ Հայաստանը պարտությունից հետո կորցրել է իր դիմադրողականությունն ու եռանդը, ինչը տեսնում ու հրաշալի հասկանում են Ադրբեջանում։