copy image url
Միտք 2 տարի առաջ - 16:44 14-03-2022

Ամենօրյա սպառման մթերքները թանկացել են 25%-ով, բայց Կառավարությունը ցույց է տալիս 12%-ոց աճ

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է վերջին տարիներին շուկայում իրացվող սննդամթերքի գներին վերաբերող «թվաբանությունը», ինչից կարելի է պատկերացնել այս փուլում հանրապետության բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի և կյանքի պայմանների փոփոխության մասին։ Որպես չափանիշ վերցրել ենք 2017թ.-ի գները և համեմատել հաջորդ տարիների` մինչև 2021թ.-ի գների հետ։

Նշենք, որ մարդու սննդակարգում առաջնահերթ օգտագործվում է առավելագույնը 20-25 անուն սննդամթերք, որոնց հիմնական մասի գների փոփոխությունները ներկայացվում են ստորև։

2018թ.-ին մեզանում պարենամթերքի գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ միջինացված աճեց 2.5%-ով, իսկ 2021-ին 2020-ի նկատմամբ՝ արդեն 11%-ով։ Իսկ թե որքան 2017թ.-ի նկատմամբ՝ փորձենք ներկայացնել ստորև։ 2017թ.-ին մեկ կգ բարձր տեսակի հացի վաճառքի գինը կազմում էր 440 դրամ։ 2018թ.-ին այն վաճառվում էր 447 դրամով և, այսպես կայունորեն բարձրանալով, 2021թ.-ին հասավ 524 դրամի։ Ընդ որում, տարեվերջին՝ չորրորդ եռամսյակում, արդեն վաճառակետերում այն իրացվում էր 542 դրամով։ Փաստացի «հետհեղափոխական» չորս տարիների ընթացքում Հայաստանում հացը թանկացել է միջինում 20%-ով։

2017թ.-ին մեկ կգ բարձր տեսակի ալյուրի մանրածախ գինը 394 դրամ էր, որը, աստիճանաբար աճելով, 2021թ.-ին հասավ 454 դրամի։ Տարվա չորրորդ եռամսյակում՝ 468-ի։ Վերջին երեք տարիներին ալյուրը թանկացել է 16%-ով։

Ամենաշատ օգտագործվող սննդամթերքներից հաջորդը մակարոնեղենն է, որի 1 կգ-ն 2017թ.-ին վաճառվում էր 500 դրամով։ 2020թ.-ին սրա գինը միջինում 607 դրամ էր, 2021թ.-ին՝ 643, տարեվերջին՝ 649։ Մակարոնեղենը թանկացել է ավելի քան 23%-ով։

Սննդի մեջ հաջորդ ամենաշատ օգտագործվողներից է բրինձը, որի 1 կգ-ի մանրածախ գինը 2017թ.-ին 786 դրամ էր, 2020թ.-ին այն խանութներում իրացվում էր 813 դրամով, 2021թ.-ին՝ 921-ով։ Ընդ որում, տարեվերջին (չորրորդ եռամսյակում)՝ 957 դրամով։ Սրա թանկացումը կազմել է ընդամենը 18%։

Հատիկ լոբիի կգ-ն 2017թ.-ին վաճառվել է 1531 դրամով, 2021թ.-ին՝ 1663-ով, տարեվերջին՝ 1759 դրամով (13%)։

Տավարի մսի գինը 2017թ.-ին 2558 դրամ էր, 2021թ.-ին՝ 2920 դրամ, 21թ.-ի վերջին՝ 2948։ Գնաճը կազմել է 13-13.5%։ Ոչխարի միսը 3091-ից հասել է 4096-ի, տարեվերջին՝ 4087-ի՝ թանկանալով գրեթե 25%-ով։ Խոզի մսի 1 կգ-ն 3088 դրամից հավասարվել է 3545-ի, իսկ տարեվերջին՝ 3893-ի՝ թանկանալով շուրջ 21%-ով։ Թռչնամիսը 1499-ից հասել է 1654-ի, իսկ տարեվերջին արդեն՝ 1680-ի (գրեթե 11%)։

Իշխան ձուկը 2197-ից հասել է 2673-ի, իսկ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած՝ 3036 դրամի՝ թանկանալով շուրջ 28%-ով։
Համեմատաբար քիչ է թանկացել կաթնամթերքը։ 2017թ.-ին մեկ լիտր կաթը վաճառվում էր 412 դրամով, 2021թ.-ին՝ 441-ով, իսկ տարեվերջին՝ 452-ով։ Թանկացումը կազմել է մոտ 9%։ Պանրի գինը 2125-ից հավասարվել է 2335 դրամի, իսկ տարեվերջին՝ 2489-ի (15%)։

Ձվի հատը 64 դրամից հասել է 80-ի, տարեվերջին՝ 84-ի։ Թանկացել է ընդամենը 24%-ով։ Կարագի 1 կգ-ի վաճառքի գինը 2017թ.-ին կազմել է 4152 դրամ։ Անցած տարի այն վաճառվել է 5556 դրամով, իսկ տարեվերջին՝ 5726-ով՝ թանկանալով 27.5%-ով։ Մարգարինի գինը նույն ընթացքում 1139-ից հասել է 1235 դրամի (8%)։ Արևածաղկի ձեթը, որը 2017թ.-ին վաճառվում էր 708 դրամով, 2021-ին հասել է 1150-ի, տարեվերջին քիչ նվազել է՝ 1096՝ թանկանալով 35.5%-ով։

Կարտոֆիլը, որը 2017թ.-ին 199 դրամ էր, 2021-ին իրացվում էր 253-ով, իսկ տարեվերջին՝ 299-ով՝ թանկանալով 33.5%-ով։ Շաքարավազի գինը 399-ից հասել է 406-ի, հետո՝ 434-ի՝ արձանագրելով ընդամենը 8% աճ։

Նշենք, որ վերոնշյալ գները գործել են մինչև 2022թ.-ի հունվարը։ Գնաճը բավականին լուրջ տեմպերով շարունակվել է նաև այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, երբ սննդամթերքն արձանագրել է 11-12%-անոց գնաճ, ինչը բոլորովին էլ պայմանավորված չէ ռուս-ուկրաինական պատերազմով։

Իսկ թե ինչ թռիչքային աճ են արձանագրում սննդամթերքի գներն այս օրերին, այլ քննարկման թեմա է (մարտի 12-ին Արարատի մարզում շաքարավազը վաճառվել է կգ-ն 750 դրամով)։ Վերոնշյալ գնաճը բացառապես իրականացված ներքին քաղաքականության հետևանք է, որը շատ քիչ կապ ունի անգամ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։ Մեր պարագայում վիճակագրությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ մինչև 2020թ.-ին հասնելը՝ Հայաստանում 2018-ից սկսած, 2019-ին հաստատակամ խորացող գնաճ էր։ 2020-ին «կորոնավիրուսի օգնությամբ» էլ ավելի խորացավ, իսկ 2021-ից արդեն հանրապետությունը գնաճային նոր բնագծեր է հաղթահարում։ 2018-19թթ.-ներին «հեղափոխությամբ» տարված ամբոխները գնաճը չէին զգում, 2020թ.-ին, երբ արդեն թաքցնելու հնարավորություն չկար, նույն հեղափոխական ամբոխներին այն բացատրվեց կորոնավիրուսով ու 44-օրյա պատերազմով։ 2021թ.-ին էլ ավելի բարձր տեմպերով շարունակված գնաճի առումով իշխանությունները հրաժարվում էին մեկնաբանություններ տալ։ Հիմա բավականին լավ իրավիճակ է, օր օրի նոր թափ վերցնող հերթական գնաճին «բացատրություն» կա. ռուս-ուկրաինական պատերազմը։

Իրականում գնաճի հիմնական պատճառը ներսում է՝ Հայաստանում, պայմանավորված զուտ սուբյեկտիվ գործոններով. ցանքատարածությունների նվազում, բերքատվության նվազում (մինչև 350 հազար տոննա հացահատիկ արտադրած Հայաստանում 2021թ.-ին ստացվել է ընդամենը 97 հազար տոննա), անասնագլխաքանակի նվազում, որը ցույց չի տրվում, կաթնամթերքի արտադրության անկում և ներկրվող ապրանքների դեպքում 2018թ.-ի մայիսի 9-ից «վերացած» օլիգարխների գնային կամայականություններ՝ հասկանալիորեն իշխանությունների թողտվությամբ։

Հ.Գ. Առաջին անհրաժեշտության 20-25 անուն սննդամթերքը, որից 5-6-ը բնակչության 80-90%-ի համար ամենօրյա սպառման մթերքներ են (հաց, մակարոնեղեն, կարտոֆիլ, ձեթ, կաթնամթերք), վերջին մեկ-երկու տարում թանկացել են ավելի քան 20-25%-ով։ Բայց քանի որ Վիճակագրական կոմիտեն, գործող կարգի համաձայն, հարյուրավոր ապրանքատեսակների միջին է հանում, արդյունքում ունենում ենք սննդի ոչ մեծ՝ 10-12%-անոց գնաճ ու «մխիթարվում» դրանով։