copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:43 12-03-2022

Վարձով բնակարանների գները աճել են 20-30 տոկոսով

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարձով բնակարանների թանկացման հարցը, ինչը կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ներգաղթող օտարերկրացիների հետ: Երևանցիները դժգոհում են՝ բնակարանների սեփականատերերը հանում են իրենց տներից, որպեսզի ավելի թանկ գներով տան ռուսներին, կամ այնքան են թանկացնում, որ բնակիչները իրենց կամքով են դուրս գալիս:

Oragir.news-ի հետ զրույցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ Գոհար Վահրամյանը պատմեց, որ ընտանիքի հետ արդեն մեկ ամիս է՝ բնակարան են փնտրում, մի շաբաթ առաջ պայմանավորվել էին, որ գնան տեսնեն տունը և վարձակալեն, բայց տանտերը զանգել և ասել է, որ չգնան. «Մեզ նախնական ասել էր՝ ամիսը 100,000 դրամ, համաձայնել էինք, ուզում էինք հանգստյան օրերին գնալ տեսնել ու տեղափոխվել, բայց զանգեց սեփականատերն ու ասաց՝ մի եկեք, արդեն տվեցի ռուս ընտանիքի: Հասկանալի է, որ ավելի թանկ գնով է տվել»: Գոհարի ամուսինն էլ ասաց, որ վերջին շրջանում հետևում է բոլոր հայտարարություններին ու նկատել է, որ գները օր օրի փոխվում են. «Նույնիսկ հայտարարության տակ ռուսերեն թարգմանությունը կա կամ ռուսերենով առանձին տարբերակ»:

Մենք զրուցեցինք նաև «Silver REA» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովի հետ: Նա ասաց, որ վերջին շրջանում վարձով բնակարանները թանկացել են 20-30 տոկոսով: «Կան մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն մոտենում այս հարցին, անիմաստ գներ են դնում, կրկնակի-եռակի բարձրացնում: Մի քանի հոգու բախտը բերում է, բարձր գնով վարձակալության է հանձնում, ու էդպես շուկայում տարածվում է, որ անշարժ գույքի վարձակալության գները ահագին բարձրացել են»: Նա նաև ասաց, որ իրենք իրենց հաճախորդներին հանձնում են վարձակալության այն սեփականատերերի բնակարանները, որոնք ողջամիտ գներով են. «Ենթադրենք, տվյալ սեզոնին իքս բնակարանը արժեր վարձակալության իքս գումար, և այս սեզոնին պահանջարկը մեծանում է, կարող է պահանջարկի հաշվին գինը բարձրանալ, բայց ոչ այդքան: Դեպքեր են լինում, երբ բնակարանի տերը 3 անգամ ավելի թանկ է պահանջում, բայց այդ դեպքում մենք մեզ թույլ չենք տալիս այդ բնակարանը առաջարկել վարձակալության, թեկուզ ռուսներին, ովքեր պատերազմի հետևանքով են եկել այստեղ, և ոչ միայն ռուսներ, այլև ուկրաինացիներ, բելառուսներ էլ կան: Պարզապես չի կարելի առիթից օգտվել, և դա մենք բոլոր տանտերերին էլ ասում ենք»:

Գործակալը հիշեցրեց նաև, որ այս ոլորտը պետության կողմից չի վերահսկվում, լիցենզավորում չի պահանջվում, և դրա հետևանքով կան նաև անբարեխիղճ գործակալներ: «Իմ գործակալությունը արդեն յոթ տարեկան է, և երբ ես ինչ-որ քայլ եմ անում, անպայման մտածում եմ գործակալության իմիջի մասին, բայց մենք ունենք գործակալներ, որոնք բարի համբավի հարց չունեն և, պահի դրության մեջ մտնելով, փող են աշխատում՝ ոնց իրենց ձեռք տա: Օրինակ՝ կան գործակալներ, որ սեփականատիրոջն ասում են՝ արի տունդ թանկով տանք ռուսներին կամ այլ օտարերկրացիների, դրանով նրանք նախ իրենց հարցն են լուծում: Բնականաբար, սեփականատերը պահի տակ գայթակղվում է ու համաձայնում, տնվորներին ասում են՝ դուրս եկեք»:

Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակը շուկայի աժիոտաժով է պայմանավորված, շատ հնարավոր է՝ մի որոշ ժամանակ հետո ներգաղթածները հասկանան, որ երկար են ապրելու այստեղ, կսկսեն բնակարաններ գնել, ինչպես նաև կշատանա վարձով հանձնվող բնակարանների բնակֆոնդը, և խնդիրը կլուծվի: «Չեմ կարծում, որ սրանից ավելի շատ կբարձրանան գները: Իրականում, այս աժիոտաժը ստեղծվել է այն վարձակալների ֆոնին, ովքեր ստիպված շատ թանկ են վարձակալել: Մարդիկ եկել են, տեսել՝ հյուրանոցներում տեղ չկա, ընտանիքի հետ դուրսը չմնալու համար ստիպված վարձակալել են շատ թանկ գնով: Եկածների մեծ մասը տեղյակ չէ մեր քաղաքից, գներից, կամ թե քաղաքում որտեղ արժի ապրել: Հիմա մեծ մասը Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում են վարձում. եթե իրենք հասկանան, որ իրենց համար տարբերություն չկա՝ Կենտրոնում կապրեն, թե Նոր Նորքում, քանի որ Հայաստանում ոչ մի տեղ չեն աշխատում, գրեթե բոլորը հեռավար են աշխատում՝ ՏՏ ոլորտի աշխատողներ են, ու իրենց պետք է լավ ինտերնետ, կսկսեն գտնել ավելի հարմար գներով տներ»,-ասաց Անդրանիկ Հարությունովը:

Անահիտ Սվարյան