Ուղիղ եթեր
Այս իրավիճակում հանրապետության վարչապետը պատասխանելու ոչինչ չունի
copy image url

Այս իրավիճակում հանրապետության վարչապետը պատասխանելու ոչինչ չունի

Միտք 3 տարի առաջ - 20:41 11-03-2022
Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանում և աշխարհում ակտիվացել են պարենային անվտանգությանը վերաբերող քննարկումները։ Աշխարհն էլ կարծես պարենային անվտանգության հիմնախնդրի առաջ է հայտնվել։ Հայաստանի պարագայում, հատկապես հացի ու առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքների առումով, հարցը խիստ զգայուն է, որովհետև այդ մթերքների բացարձակ մեծամանությունը ներկրվում է` առավելապես ՌԴ-ից։ Պայմանավորված պատերազմով՝ ՌԴ «Տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային և ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը» որոշում է կայացրել մինչև այս տարվա օգոստոսի 31-ը արգելել ՌԴ-ից հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Արգելքը վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ Որոշվել է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի ու եղեգնաշաքարի հումքի արտահանումը ժամանակավորապես արգելել։ Այս որոշումը կարող է էապես ազդել ՀՀ-ի վրա, հացի ապահովության առումով, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի գրեթե 99%-ը գալիս է ՌԴ-ից։

Հայաստանը ցորենի արտադրության առումով ինքնաբավ երկիր չէ։ 2021 թ․ հանրապետությունում ցորեն է մշակվել 59 հազար հա-ի վրա, և արտադրվել է ընդամենը 97 հազար տոննա։ Սրանից զատ տարվա ընթացքում ներկրվել է ևս 270․6 հազար տոննա (սա վերջին տարիներին ցորենի ներկրման ամենացածր ցուցանիշն է)։ Ընդ որում, 2020 թ․ ներկրվել է 350․3 հազար տոննա։

Համաձայն պաշտոնական տվյալների՝ վերջին երկու տարիներին ՀՀ-ում էապես նվազել են սննդամթերքի, այդ թվում և ցորենի պահուստային պաշարները։ Ահավասիկ, 2018 թ․ տարեսկզբին հանրապետությունում ցորենի պահուստները կազմել են 529․7 հազար տոննա։ Սրանից զատ 187․5 հազար տոննա արտադրվել է տեղում, 417․2 հազար տոննա՝ ներկրվել է։ Արդյունքում հանրապետությունում «շրջանառվել» է 1մլն 134․4 հազար տոննա ցորեն, որից 393 հազար տոննան օգտագործվել է հացի և հացամթերքի արտադրությունում,118 հազարը օգտագործվել է որպես անասնակեր և 20 հազարը՝ որպես սերմացու։ Որոշ քանակի կորուստ է եղել (57․5 հազար տոննա), որոշ քանակություն էլ օգտագործվել է այլ նպատակներով։ Տարեվերջին 530 հազար տոննա մնացել է պահուստային ֆոնդում։

2019 թ․ այդ ցուցանիշները գրեթե բոլոր առումներով որոշակիորեն նվազել են և արդեն 2020թ․ տարեսկզբին ՀՀ պահուստային ֆոնդում եղել է 388․6 հազար տոննա ցորեն։ Տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 132 հազար տոննա հացահատիկ, ներկրվել ևս 426․4 հազար տոննա։ Ցորենի ամբողջքանակությունը կազմել է 947 հազար տոննա․ գրեթե 200 հազար տոննայով պակաս, քան 2018 թ․։ 2020-ին հացամթերքի արտադրության մեջ օգտագործվել է 385․6 հազար տոննա ցորեն (6․5 հազար տոննայով պակաս, քան 2018 թ․)։ Որպես անասնակեր օգտագործվել է 111 հազար տոննա (7 հազար տոննա էլ այստեղ է նվազել)։ 17․7 հազար տոննա (2․3 հազար տոննայով պակաս) օգտագործվել է որպես սերմնացու։ Տարեվերջին ցորենի պահուստները կազմել են 363․7 հազար տոննա․ 25 հազար տոննայով պակաս տարեսկզբի համեմատությամբ և 170 հազար տոննայով պակաս, քան 2018 թ․։

Կայուն նվազման այս ֆոնին 2021 թ․ Հայաստան է ներկրվել վերջին տարիների համար ամենաքիչ քանակությամբ ցորենը՝ 270․6 հազար տոննա։ Նույն տարում եղել է ամենափոքր քանակությամբ պահուստային ֆոնդը՝ 363․7 հազար տոննա և ցորենի ամենաքիչ արտադրությունը՝ 97 հազար տոննա։ Արդյունքում 2021 թ․ հանրապետության ցորենի ամբողջական պաշարը կազմել է 731 հազար տոննա, որը 2018 թ․ համեմատությամբ 403-404 հազար տոննայի նվազում է։ Երեք տարում հանրապետության ցորենի պաշարները նվազել են 35․5%-ով։ Փաստորեն, համաձայն պաշտոնական տվյալների, վերջին 3-4 տարիներին մեր պաշարները հարյուր հազարավոր տոննաներով նվազել են, ընդ որում և՛ պարենային ցորենը, և՛ անասնակերը, և՛ սերմացուն, և ՛ մնացյալը։

Հավելենք, որ 2021 թ․ առաջին եռամսյակում ՀՀ է ներկրվել 20 հազար տոննա ցորեն, երկրորդ եռամսյակում՝ 45 հազար տոննա։ Այս տարի Ռուսաստանի կայացրած որոշման համաձայն չի ներկրվի։ Հավելենք նաև, որ 2018 թ․ մեր երկրում ցորենի ինքնաբավության աստիճանը կազմում էր 31․5%, իսկ 2020 թ․՝արդեն 24․4%։

Որ առաջիկա տարիներին պարենային, այդ թվում հացի անվտանգության առումով, մեզանում վիճակը լավ չի լինելու, երևում է վերոնշյալ թվերի համադրումից, բայց որ պատերազմական զարգացումները կտրուկ արագացնում են պարենային ճգնաժամի խորացումը, ակնառու է դառնում օր օրի։ Սա է իրավիճակը, և այս իրավիճակում հացահատիկով ապահովվածության մասին լսելիս հանրապետության վարչապետը պատասխանելու ոչինչ չունի։


Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
19:24 Փաշինյանը շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին Կուրբանի տոնի առթիվ