Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:01 09-03-2022

«Հերթական, շատ ավելի մեծ գնաճը» սպասվում է մարտ ամսին․ ով բնակարան վաճառի, ում կյանքը լավանա

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում ամենաշրջանառվող թեմաներից մեկը Երևանում ու հանրապետությունում անշարժ գույքի գների թանկացումն է։ Հասարակության շրջանում ենթագիտակցորեն դա պայմանավորում են նախ ռուս-արևմտյան լարված հարաբերություններով, այնուհետ արդեն ռուս-ուկրաինական պատերազմով։ Այս օրերին Երևանի փողոցներում ռուս, մասամբ նաև ուկրաինացի զբոսաշրջիկների թվի ավելացումը, ինչն անգամ «անզեն աչքով» է տեսանելի, մարդկանց մոտ նման թյուրիմացություն է ստեղծում։ Նշյալ հանգամանքներից հատկապես վերջինը կարող է ազդել ընդամենը բնակարանների վարձակալության գների վրա, ինչն, իրոք, այդպես է։ Բայց անշարժ գույքի՝ բնակարանների գների մասի խոսելն այս պահին առնվազն անտրամաբանական է այն պարզ պատճառով, որ գնային տատանումների իրական պատկերը երևում է որոշակի ժամանակամիջոցի՝ տվյալ դեպքում ամսվա ընթացքում իրականացված գործարքների ամփոփման արդյունքում։ Ինչն էլ ի պաշտոնե անում է կադաստրի պետական կոմիտեն։

Այս պահի դրությամբ կադաստրը, ինչպես և պետք է լիներ, հրապարակել է ընդամենը այս տարվա հունվար ամսվա անշարժ գույքի շուկային վերաբերող տվյալները։ Համաձայն հրապարակման՝ շուկայում գների որոշակի տատանում կա։ Ահավասիկ․ 2021 թ․ հունվարին Երևանի Կենտրոն համայնքում 1 քմ մակերեսի միջին գինը կազմել է 608․500 դրամ, 2022 թ․ հունվարին՝ 683 հազար դրամ։ Զուտ թվաբանական առումով 74-75 հազար դրամի տարբերություն է, որը փոքր թիվ չէ։

Բայց չմոռանանք, որ 2021թ․-ի հունվարից ընդամենը երկու ամիս առաջ էր ավարտվել արցախյան 44-օրյա պատերազմը, մեզ համար խիստ անցանկալի հետևանքներով, ինչից էլ ելնելով՝ տրամաբանական էր շուկայում անշարժ գույքի գների կտրուկ անկումը։ Որպես ասվածի հիմնավորում՝ 2020 թ․ հունվարին Երևանի Կենտրոն համայնքում բնակարանների մեկ քմ-ի միջինացված գինը կազմում էր 659․500 դրամ, 2021 թ․ նույն օրերին՝ 608․500 դրամ։ Այսինքն՝ պատերազմից հետո Կենտրոն համայնքում բնակմակերեսների միջինացված գները 1 քմ-ի համար ամբողջ 51 հազար դրամի անկում էին գրանցել։ Նույն տարվա դեկտեմբերին արդեն քաղաքի գրեթե բոլոր համայնքներում գները 20-30 հազար դրամից սկսած մինչև 80 հազար դրամով բարձրացել էին, հավասարվելով, որոշ դեպքերում էլ գերազանցելով նախապատերազմյան ցուցանիշները։

Այնպես որ, եթե խոսվում է անշարժ գույքի շուկայի գների մասին, ապա այս կարևորագույն գործոնն անպայման պետք է ի նկատի ունենալ։ Հետևաբար, 2020թ․ համեմատությամբ՝ Երևանի Կենտրոն համայնքում ունենք անշարժ գույքի շուկայի գների 3․5%-անոց աճ։ Բայց այդ ընթացքում տեղի է ունեցել դրամի արժեզրկում, առաջին անհրաժեշտության ապրանքների էական թանկացում։ Հետևաբար այդ տրամաբանության մեջ անշարժ գույքի գների նույնիսկ անկում ունենք։ Որպես կանոն՝ շուկայական գների շարժը պայմանավորված է պահանջարկի մեծացմամբ կամ փոքրացմամբ։ Մեծ պահանջարկը բերում է գների աճի։ Ինչն ունենք այս պարագայում։ 2020 թ․ հունվարին Կենտրոնում իրացվել է 141 բնակարան, 2021 թ․՝ 143, այս տարի՝ 118։ Ու շատերը շտապում են 118 բնակարանի վաճառքով շուկայում գների աճի վերաբերյալ հայտարարություններով հանդես գալ, ինչն առնվազն միամտություն է, իսկ որ ավելի հավանական է, միտումնավորություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի Կենտրոն համայնքի մյուս գոտիներում և մյուս համայնքներում անշարժ գույքի գներին, ապա նշենք, որ Կենտրոնում 2021 թ․ հունվարի համեմատությամբ ամբողջ 15-ից գրեթե 20%-անոց աճ է արձանագրվել, մինչդեռ դեկտեմբերի համեմատությամբ այն կազմում է 0․2-ից մինչև առավելագույնը 1․4%։ Մյուս բոլոր համայնքներում մինչև կես տոկոսի աճ է, շատերում՝ շատ ավելի փոքր, իսկ Արաբկիր համայնքում գնանկում է։ Բոլոր նախորդ տարիներին այդ թվերը շատ ավելի մեծ են եղել։

Անշարժ գույքի շուկայում «հերթական, շատ ավելի մեծ գնաճը» սպասվում է մարտ ամսին, քանի որ այս օրերին դրամը դոլարի նկատմամբ էապես արժեզրկվել է, բնակարանները փաստացի վաճառվում են դոլարով, իսկ պաշտոնական հրապարակումներում ֆիքսվում դրամով։ Զուտ այս գործոնի շնորհիվ ունենալու ենք բնակարանների «գնաճ», որը էկոնոմիկայի նախարարը կարող է ներկայացնել նաև որպես կյանքի պայմանների լավացման ցուցիչ։