«Ծանր վիրավորանքի» օրենքը ծաղրուծանակի առարկա է դարձնում իշխանավորներին
copy image url

«Ծանր վիրավորանքի» օրենքը ծաղրուծանակի առարկա է դարձնում իշխանավորներին

Միտք 3 տարի առաջ - 18:53 09-03-2022

Իշխանությունների ընդունած «Ծանր վիրավորանքի» մասին օրենքը իսկական պատուհաս է դարձել այդ նույն իշխանությունների գլխին։ Այդ օրենքով, հիշեցնենք, ծանր չի կարելի վիրավորել իշխանության ներկայացուցչին, մի թեթև կարելի է, բայց ծանր՝ ոչ։ Ու հիմա, ով մի թեթև բերանը բացում է թե չէ, իշխանավորները հերթով ծանր վիրավորվում են ու դիմում դատարան։ Կամ դատարանն ինքն է դիմում ինքն իրեն՝ հանրային մեղադրանքի անվան տակ։ Եվ իշխանավորները դառնում են ծաղրուծանակի առարկա։ Այսինքն՝ քիչ էին ծաղրի ենթարկվում իրենց խոսքերի ու քայլերի պատճառով, հիմա էլ «ծանր վիրավորվելու» պատճառով են նրանց ծաղրում։

Օրինակ՝ երբ որևէ մեկի դեմ քրգործ են հարուցում երկրի վարչապետին կամ որևէ նախարարի, իշխանական պատգամավորի վիրավորական արտահայտություններ հասցնելու, հայհոյելու համար, ապա մեղադրյալի փաստաբանները այդ ամենն այնպես են թրոլինգ անում ֆեյսբուքում, որ ամբողջ հանրությունն իմանում է, թե իքս քաղաքացին այսինչ պաշտոնյային ինչ է հայհոյել։ Ու այդ հայհոյանքը մի լավ տարածվում է համացանցում։ Ու եթե այն ժամանակ ընդամենը մի քանի հոգի էին իմանում, որ ինչ-որ մեկը հայհոյել է վարչապետին՝ նրան անվանելով, ասենք, «բ-ի տղա», ապա քրգործ հարուցելուց հետո բոլորն են այդ մասին իմանում, ու նորից այդ հայհոյանքը՝ ուղղված վարչապետին, սկսում է շրջանառվել։ Հետո փաստաբաններն են ծաղրում իրավապահ մարմինների հիմնավորումները վիրավորանքի ու վիրավորվածի վերաբերյալ, և սկսվում է մի իսկական ֆեյսբուքյան խրախճանք։

Օրինակ՝ այսօր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանին ֆանտաստ գրող «Իվ Գանդոնի» հետ համեմատելու համար մեղադրվող Վազգեն Սաղաթելյանի շահերի պաշտպանը, իր ֆեյսբուքյան էջում հեգնել է իրավապահների տրամաբանությունը։ «Վերընթերցում եմ վարչապետի «կարգավիճակին» ծանր վիրավորանք հասցնելու մասին քրեական գործի նյութերը («Ֆանտաստ գրողի գործ»)։ Գիտե՞ք՝ ինչ ձևակերպում է օգտագործված մեղադրանքում։ Մեղադրյալը մեղադրվում է այն մեղքի համար, որ «ՀՀ Վարչապետին [մեծատառով] … բազմիցս հասցրել է ծանր վիրավորանքներ…՝ այդ կերպ ԱՆԱՐԳԱՆՔ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՎ ՍՐԲԱԶԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ (այս դեպքում մեծատառերն իմն են)»։ Հիմա եթե տուժողը ոչ թե մարդն է, այլ կարգավիճակը (ինչպես պնդում է քննիչը), բա կարգավիճակի «սրբազան արժեքը» ո՞րըս է։ Սա՝ մեկ»,- գրել է Մելիքյանը։

Մեկ այլ փաստաբան էլ՝ Ալեքսանդր Կոչուբաևը, իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է վիրավորանքի մի նոր քրեական գործի մասին, որը հարուցվել է իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին «քոռ խոզ» անվանելու համար: Ու եթե այս քրգործը հարուցված չլիներ, ապա հանրությունը չէր իմանա, որ Արմեն Ասատրյան անունով մի քաղաքացի այս պատգամավորին «քոռ խոզ» է անվանել, քանի որ Ալեքսանյանին գրեթե ամեն օր ով ասես՝ տարբեր բառերով վիրավորում է, այդ թվում՝ հաճախակի են նրա հասցեին օգտագործում «խոզ» մականունը։ Ավելի վատ բառերի և ուղիղ հայհոյանքների էլ ենք հանդիպել, որ օգտատերերը գրել են նրա հասցեին, բայց Ալեքսանյանը վիրավորվել է հենց «քոռ խոզ» ձևակերպումից։ Հիմա ամբողջ համացանցը ծաղրում է նրան՝ տարածելով պատգամավորի հասցեին հնչած «ծանր վիրավորական» խոսքերը։ Այսքանից հետո թերևս իշխանավորները հետևություններ անեն՝ արդյոք արժե՞ ամեն մի տհաճ բառից հետո ծանր վիրավորվել ու դիմել դատարան։

Ամենից շատ դիտված