copy image url
Միտք 2 տարի առաջ - 20:47 08-03-2022

Թուրքիան Հունաստանից պահանջում է Արևելյան Միջերկրածովի դեմիլիտարիզացիա

Նախիջևանի տարածքից Երասխի դիրքերի ուղղությամբ արձակված կրակը միակը չէ, որը հետևանքն է և ուղղակիորեն բխում է ուկրաինական ճգնաժամից ու Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությունից։ Այսրկովկասում ադրբեջանցիների սադրիչ ագրեսիայի ակտիվացմանը զուգահեռ զգալիորեն լարվել են նաև թուրք-հունական հարբերությունները։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի համաձայն՝ թեպետ Թուրքիան հավատարիմ է Աթենքի հետ երկխոսությանը, սակայն Հունաստանն օգտագործում է ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ հարձակումներ գործելու թուրքական կողմի վրա։ Ըստ Աքարի՝ հույն քաղաքական որոշ գործիչներ շարունակում են իրենց հակաթուրքական հռետորաբանությունը, կանխամտածված և ագրեսիվ կերպով խեղաթյուրում միջադեպերն ու իրադարձությունները՝ այդպիսով նպաստելով լարվածության աճին։

Հատկանշական է, որ Թուրքիան նախ ստուգել է Հունաստանի զգոնությունը և հետո միայն Ադրբեջանի միջոցով՝ հայ դիրքապահներինը։ Ընդ որում, Հունաստանի պարագայում Անկարան սևծովյան տարածաշրջանում էսկալացիայի է դիմել ռուսական ներխուժման հենց հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին։ Մասնավորապես, Թուրքիան բողոքի դիվանագիտական ​​նոտա է հղել Հունաստանին՝ կանչելով Անկարայում Հունաստանի դեսպանության փոխքարտուղարին՝ պնդելով, թե Հունաստանի առափնյա պահպանությունը Էգեյան ծովում կրակ է բացել երկու նավակների ուղղությամբ՝ վիրավորելով թուրք ձկնորսին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպի առնչությամբ Հունաստանին մեղադրել է «անհամաչափ ուժ կիրառելու» մեջ և կոչ արել վերջ տալ թուրքական ձկնորսական նավերի դեմ «միջամտություններին և ոտնձգություններին»։ Իսկ ահա Հունաստանի նավագնացության նախարարության պարզաբանմամբ՝ թուրքական նավը հրաժարվել է լքել Հունաստանի ջրերը՝ փորձելով հարվածել պարեկային նավին, սակայն չի հաջողվել, քանի որ նախազգուշական կրակոցներ են արձակվել։ Ըստ էության՝ թուրքական կողմն ընդունել է, որ միջպետական ջրային սահմանը հեց թուրքական կողմն է հատել, այլապես միջադեպը չէր որակի «անհամաչափ ուժի գործադրում»՝ նկատի ունենալով, որ թուրք ձկնորսը զինված չի եղել։ Պետք է նկատել, որ կատարվածը թեպետ անմիջապես հետևել է ռուսական հատուկ օպերացիային, սակայն Էգեյան ծովի տարածքային իրավունքների և փախստականների հետ կապված հարցերը սրվել էին դեռևս ռազմագործողությունից առաջ, քանի որ տարածքային վեճերին զուգահեռ Թուրքիան դիտավորյալ անուշադրության էր մատնում միգրացիոն հոսքերի հսկողությունը՝ մերձավորարևելյան և աֆրիկյան փախստականների ալիքն ուղղելով Հունաստան։

Խնդիրն այն է, որ ըստ թուրքական կողմի՝ Հունաստանը խախտում է Փարիզի և Լոզանի պայմանագրերը՝ շարունակելով Թուրքիայի սուվերեն տարածքին մերձակա կղզիների ռազմականացման գործընթացը։ Չորս տարվա ընդմիջումից հետո ՆԱՏՕ-ի հակամարտությունների հանգուցալուծման մեխանիզմի շրջանակում 2021 թվականի հունվարին մեկնարկած թուրք-հունական բանակցությունները թեպետ քայլ առաջ էին, սակայն փետրվարի 21-ի և 22-ի երկկողմ բանակցություններն էական արդյունք չեն ապահովել, ինչի վառ դրսևորումներից է ձկնորսական նավի միջադեպն ու կրակոցները։ Ընդ որում, թեպետ հունական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմուն հայտարարել է մարտի 13-ին Ստամբուլում նախատեսվող Միցոտակիս-Էրդողան հանդիպման մասին, սակայն, ըստ էության, գործնականում որևէ լուրջ բանակացություն տեղի չի ունենալու, քանի որ Էրդողանի հրավերով Հունաստանի վարչապետը ընթրիքի է մասնակցելու և հանդիպելու Կոստանդնուպոլսի հույն պատրիարքի հետ։ Սակայն, իհարկե, սա կարևոր քայլ է սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի ապաէսկալացման և փոխվստահության մթնոլորտ ստեղծելու տեսանկյունից։ Հունական կողմն էլ իր հերթին է դիվանագիտության լեզվով դրական ազդակ ուղարկել՝ Իկոնոմույի շուրթերով նշելով, թե երկու երկրների առջև ծառացել են ընդհանուր մարտահրավերներ։ Հունական կողմի համար առաջնահերթն Արևելյան Միջերկրածովում էներգակիրների ծագման վայրերի հետախուզության իրավունքի ու հույն-կիպրական տնտեսական գոտու մոնոպոլ դիրքերի պահպանումն է, մինչդեռ Թուրքիան առաջ է քաշում ոչ միայն առևտրատնտեսական համագործակցության հասնելու ու հետախուզության իրավունք ձեռք բերելու, այլև հունական կղզիների դեմիլիտարիզացիայի հարցը, ընդ որում, սա այն դեպքում, երբ և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան միևնույն ռազմական դաշինքի անդամ են։ Ամենևին զարմանալի չեն Դենդիասի նախազգուշական հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան միայն տուժելու է, եթե փորձի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը պատեհապաշտ կերպով օգտագործել, որովհետև համաշխարհային հանրությունը չափազանց լավ է գիտակցում միջազգային իրավունքի հարգման և սահմանների անձեռնմխելիության խնդիրը՝ նկատի ունենալով արևմտյան պատժամիջոցներն ու սահմանափակումները։