Լիլիթ Մակունցը հանդիպել է Ջո Բայդենի հետ Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊՆ
Երևան +23°
Ուղիղ եթեր
Խոսք 3 ամիս առաջ - 21:16 04-03-2022

Սա արդեն վերածվել է խայտառակ զավեշտի․ մասնագետները «աղի դեմ» օրենքի մասին

Մանուշակ Մելքոնյան

Լրագրող

ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ։ Ըստ այդ նախագծերի՝ Հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա կարգելվի աղաման դնելը՝ առանց սպառողի պահանջի։ Ավելին՝ սեղանին առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, և տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամի չափով: Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

Նոր նախագծի մասին զրուցեցինք Հայաստանի ռեստորատորների միության ղեկավար Աշոտ Բարսեղյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես է վերաբերվում նախագծին, ինչ խնդիրներ դա կառաջացնի տնտեսվարողների համար։

«Ես նույնիսկ ծիծաղելի եմ համարում սրան անրադառնալը։ Նրանց որոշումները իջել են այն մակարդակի, որ ուղղակի պատվաբեր չէ պրոֆեսիոնալ մակարդակում անրադառնալը, որովհետև այս մարդիկ այնքան ոչ պրոֆոսիոնալ են այս ամենն անում, որ սա արդեն վերածվել է խայտառակ զավեշտի։ Ոչ մի մեխանիզմ չկա, որով կարելի է գնահատել այս նախագծի դրական կամ բացասական ազդեցությունը․ այդքան աբսուրդի դաշտից է այս ամենը։ Սա հերթական փուչիկն է, անիրագործելի, անվերահսկելի ու անստուգելի օրենք է սա լինելու և, վստահ եմ, որ չի էլ անցնելու։ Այստեղ մենք պետք է քննարկենք՝ երբ են տալիս աղը, քանի րոպե պետք է մնա սեղանին, երբ պետք է վերցնել, խնջույքների ժամանակ քանի հոգուն է մի աղաման աղ հասնում, ով է դա վերահսկելու, վերստուգիչ մարմինը արդյոք կանգնելու է 60․000 սեղանի շուրջ, նայի ու ստուգի՝ քանի րոպե աղը մնաց սեղանին։ Այսպես մենք կընկնենք աբսուրդի դաշտ․ սա ուղակի խեղկատակություն է։ Եթե սրան նրանք օրենքի տեսք են ուզում տալ, նախ պետք է կարգավորեն բազմաթիվ ձևերով, թե ինչպես է կարելի, ինչպես չի կարելի։ Այս ամենը պարզապես վկայում է մի փաստի մասին՝ այս մարդիկ պիտի լքեն իրենց պաշտոնները»,- ասաց Բարսեղյանը։

Նույն հարցը ուղղեցինք նաև սննդաբան Դավիթ Պիպոյանին․ «Ճիշտ ու սխալը շատ հարաբերական է, ես առողջապահական ռիսկի տեսանկյունից կխոսեմ․ անշուշտ, աղը ունի շատ կարևոր դեր և նշանակություն, և մեծ քանակությամբ ընդունվող աղը նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը հասարակության մեջ՝ մասնավորապես բարձր զարկերակային ճնշում ունեցողների համար։ Ամբողջ աշխարհը այսօր իրականացնում է կերակրի աղի քանակի կրճատում, բայց դա իրականացվում է համապատասխան ընթացակարգերով, այսինքն՝ առաջին հերթին պետք է ուսումնասիրել տարբեր տեսակի սննդամթերքների միջոցով կերակրի աղի ընդունումը, որովհետև սա շատ կարևոր խնդիր է, պետք է հասկանալ որ մթերքների միջոցներով են մարդիկ ստանում կերակրի աղ։ Գոյություն ունեն սննդակարգի հետազոտման հատուկ մեթոդներ, և ամբողջ աշխարհում նմանատիպ հետազոտություններ իրականացնում են գիտական կազմակերպությունները, որպեսզի հետագայում համապատասխան պլան մշակվի՝ հաշվի առնելով ազգաբնակչության և անհատների սպառման սովորույթները։ Շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են կերակրի աղի բարձր պարունակությամբ մթերքները, որից մեր բնակչությունը ստանում է։ Ի՞նչ եք կարծում, մենք աղի ամենամեծ քանակները ստանում ենք հանրային սննդի կետերո՞ւմ, իհարկե ոչ։ Նախ մենք ամեն օր հանրային սննդի կետեր չենք այցելում, օրը մի քանի անգամ այնտեղ չենք սնվում։ Ամբողջ աշխարհում ռիսկը կառավարվում է գնահատված ռիսկի հիման վրա, եթե Առողջապահության նախարարությունից բերեք որևէ տվյալ, որ կներկայացնի, թե Հայաստանում աղի մեծ քանակությունը պայմանաավորված է հանրային սննդի կետերով, ես կասեմ, որ նախագիծը արդիական է և կարևոր։ Իրականում ասեմ՝ ինչ խնդիր է լուծում իրենց նախագիծը․ նախագիծը լուծում է կարևոր խնդիր․ ի վերջո միջազգային տարբեր մարմիններ կան, որոնք գալիս են Հայաստան տարաբնույթ հարցերով ու վաղը չէ մյուս օրը կգան, կասեն՝ դուք կերակրի աղի հետ կապված որևէ բան արե՞լ եք, կասեն՝ իհարկե արել ենք, հանրային սննդի կետերում սահմանափակում ենք դրել։ Այսինքն սա արվել է թռչնանիշի համար, որը աշխատանքային առումով ամենաքիչ ռեսուրսն է պահանջում Առողջապահության նախարարությունից։ Մանկապարտեզներում աղի նկատմամբ վերահսկողություն չեն սահմանում այն դեպքում, երբ որ երեխաները ամենախոցելի խումբն են, հանրային սննդի կետերում են անում։ Մարդկանց էլ կմոտենան կասեն՝ դո՞ւք եք ուզել, կասի՝ այո։Արդյունքում ի՞նչ ստացվեց․ նախագիծ՝ ոչ մի բանի մասին, ոչ մի բանի համար, բայց միջազգային մարմիններին կասեն՝ մենք գործ ենք անում։ Սննդային սովորույթները մարդու մոտ ձևավորվում են վաղ տարիքից, եթե երեխան 3-4 տարի մանկապարտեզ է այցելում, ու կարգավորումը երեխաների սննդակարգից չեն սկսում, իմաստ չունի։ Երեխաների սննդակարգում աղը հաստատված է 6 գրամ, առողջապահության նախարարությունը վերջին անգամ ե՞րբ է մանկապարտեզներում մոնիթորինգ արել աղի վերաբերյալ։ Այսինքն՝ եթե դու ուզում ես խնդիր լուծել, այլ ոչ թե հասարակությանը որևէ բան ցույց տալ, պետք է այն տեղերերում իրականացնես, որը հանրային առողջապահական նշանակություն ունի»։

Իսկ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանը պարզաբանեց․ «Ես խորհուրդ կտամ առողջապահության նախարարությանը՝ երբ նայում են՝ աշխարհում ինչ են անում ու ինչու են անում, նայեն աշխարհն ինչից է սկսել և ուր է գնում։ Աղի հետ կապված ուսումնասիրությունները միջազգային փորձում և կիրառվող սանկցիաները հանրային սննդի կետերին հասնում են ամենավերջում։ Այսինքն պետությունը սկսում է իր անելիքը՝ մանկապարտեզից ու դպրոցից սկսած, ամբողջությամբ կարգավորում է ողջ շղթան, հետո, երբ այն ունեցավ հանրային առողջապահական ռիսկ, տարածում է նաև սննդի կետերի վրա։ Մենք, ինչպես միշտ, այստեղից-այնտեղից մի բան վերցնում ենք ու կիսատ-պռատ թարգմանում․ սա մեր ֆունդամենտալ պռոբլեմն է։ Եթե որևէ մեկը որոշի սեղանին գրել՝ «չԱՂ», հետո ասի, որ սա կատակ է, նիհարելը նկատի ունեմ, ոչ թե աղը, սկսեն ծաղր ու ծանակի ենթարկել, ո՞վ ի՞նչ է ասելու։ Ինչի՞ց են վերցրել, որ մենք աղը ավել ենք օգտագործում, ո՞ր մոնիթորինգի տվյալների վրա են հիմնվել։ Իսկ մենք գիտե՞նք, որ մեզ մոտ աղի կուտակումը առաջանում է այնտեղից, երբ մանկապարետեզում նորմայից ավել ենք տալիս, թե՞՝ չէ։ Մինչև որևէ մեկի վրա պարտավորություն դնելը, պետությունն ունի ահռելի անելիք։ Մենք աղի արտադրությունից սկսած չունենք վերահսկողություն, մենք անգամ մոնիթորինգ չենք անում այս ոլորտում։ Սա ռազմավարական նշականություն ունի, որովհետև մեզ մոտ աղը սովորական աղ չէ, այլ՝ յոդով հագեցված։ Այդ սահամանապակումը որ մտցնում ենք, ինչ գիտենք՝ մեր յոդի չափաբաժինը կստանանք, թե՞՝ չէ։ Մեր խնդիրն այն է, որ առողջապահության նախարարությունը մատների արանքով է նայում այդ հարցերին։ Աշխարհը նման փորձ ունի, բայց մեր երկրում այն, ինչ արվում է, աշխարհի փորձի հետ կապ չունի»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Մանուշակ Մելքոնյան

Ձեզ գուցե հետաքրքրի