Ճեղք է տվել նաև Եվրոպան․ Գագիկ Հարությունյան
copy image url

Ճեղք է տվել նաև Եվրոպան․ Գագիկ Հարությունյան

Խոսք 3 տարի առաջ - 19:49 02-03-2022
Oragir.news-ի զրուցակիցն է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում այն, ինչ տեղի է ունենում աշխարհում վերջին տարիներին։ Ո՞ւր են տանում այս զարգացումները։

-Ցանկացած համակարգ, երբ այն դառնում է մեկ գաղափարախոսության ջատագով, ենթակա է փլուզման։ Դրա վառ օրինակն էր Խորհրդային Միությունը, որտեղ իշխում էր կոմունիստական գաղափարախոսությունը։ Գաղափարախոսություն ասվածը մեր օրերում որոշակի խնդիրներ լուծելու համար ալգորիթմ է և յուրաքանչյուր գաղափարախոսություն ունի իր ոլորտը։ Այսօր ազատական, նեոլիբերալ գաղափարախոսությունը դարձել է միակը, որով առաջնորդվում են անգլոսաքսերն ու արևմուտքի առաջատար երկրները։ Միաժամանակ տեսնում ենք, որ մեծագույն հաջողությունների են հասել չինացիները, որոնք կիրառում են և՛ սոցիալիստական գաղափարախոսությունը, և՛ ազատական-լիբերալ մոտեցումները տնտեսության մեջ, և որ շատ կարևոր է, իրենց ազգայնական գաղափարախոսությունը՝ հիմնված իրենց ազգային գաղափարախոսական, քաղաքակրթական արժեքների պահպանման վրա։ Մինչդեռ ակնհայտ է, որ լիբերալ գաղափարախոսությունում ազգային արժեքների պահպանման ուղղությամբ ընդհանրապես խոսք չի գնում։ Ամեն ինչ տարվում է ԼԳԲՏ գաղափարախոսության խորացման ուղղությամբ։ Այսօրվա աշխարհը գտնվում է որոշակի գաղափարախոսական ճնշման տակ, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում էր։
Այսօրվա Հայաստանի, Ուկրաինայի, Միացյալ Նահանգների լիդերները՝ ներառյալ Բայդենը, այս գաղափարախոսության շրջանակներում տեղավորվող գունավոր հեղափոխությունների «հետևանքներ են»։ Դա ամերկյան որոշ վերլուծաբանների թույլ է տալիս բարձրաձայնել, որ Միացյալ Նահանգները կարող է փլուզվել, և տեղի ունենա ինքնիշխանության շքերթ, ինչպես ժամանակին տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի պարագայում։ Նույնիսկ նշվում են նահանգները, որոնք կարող են անջատվել․ Ալյասկա, Կալիֆորնիա, Տեխաս։ Այս երկրում խիստ սրվել են ինչպես միջռասայական հարաբերությունները, այնպես էլ հարաբերությունները դեմոկրատների և հանրապետականների միջև։ Այս գործընթացը կանխատեսվում էր դեռ նախորդ դարավերջին, երբ կարծիք կար, որ պետք է տեղի ունենա ոչ միայն աշխարհակարգի փոփոխություն ուժային կենտրոնների մակարդակով, այլ ընդհանրապես սկզբունքային փոփոխություններ ամբողջ աշխարհում։ Հիմա մենք դրա ականատեսն ենք։ Առաջինը դա տեղի ունեցավ Հայաստանում։ Այդ ուղղությամբ մեզանում առաջին փորձը կատարվեց 1999 թ․ ԱԺ-ում։ Հետո «Մարտի 1» և այդպես շարունակ։ Արդյունքում երկրի ղեկավար դարձավ մարդ, որն անգամ համալսարանական ավարտական կրթություն չունի։ Մյուս, անհամեմատ մեծ մի երկրում՝ Ուկրաինայում, ղեկավար դարձավ կոմիկ արտիստը։ Մոտ 60 մլրդ դոլար են ծախսել Ուկրաինայում այդ հեղափոխությունների շարքը կազմակերպելու համար։ Ամբողջ աշխարհում կատարվում է աշխարհափոփոխություն, եթե կարելի է այդպես ասել, համակարգի փոփոխություն։ Եվ դրա դառը արդյունքները տեսնում ենք։

-Կարելի՞ է հետևյալ ձևակերպումը տալ, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայի տարածքում, բոլորովին էլ ռուս-ուկրաինական պատերազմ չէ։ Գուցե ռուս-ամերիկյան, գուցե ռուս-արևմտյան, բայց ոչ ռուս-ուկրաինական։ Սա շատ ավելի լայն է բոլոր առումներով, քան կարող էր լինել ռուս-ուկրաինական պատերազմը։

-Միանգամայն համաձայն եմ։ Այն, ինչ տեղի է ունենում, որևէ կապ չունի ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ։ Դա շատ վարպետորեն ներմուծվել է ուկրաինական որոշակի հասարակական կազմակերպությունների միջոցով։ Ինչպես մեզանում «Սասնա ծռերը»։ Երբ 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ մենք մի քանի հեկտար հող կորցրինք, նրանք գրավեցին ոստիկանության պահակակետը։ 2020 թ․,երբ զիջեցին Արցախի 75%-ը, նրանց կողմից ոչ մի ծպտուն չլսվեց՝ բացի անիմաստ ինչ-որ հայտարարությունից։ Հիմա Ուկրաինայում իշխում են բանդերովցիները, որոնք նույնն են, ինչ մեր «Սասնա ծռերը»։ Սրանք ազգայնական քողի տակ գործող հակաազգայնական կազմակերպություններ են։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինականին, ապա որևիցե խնդիր չկա ուկրաինացիների և ռուսների միջև, ու ես հույս ունեմ, որ կարճ ժամանակ անց այս ամենը կավարտվի։

-Ի՞նչ զարգացումներ են հնարավոր աշխարհում ՌԴ-ի հաղթանակի դեպքում։ Եվ դա ինչպե՞ս կազդի մեր տարածաշրջանի զարգացումների, մասնավորապես արցախյան խնդրի վրա։

-Արցախի հիմնահարցը ամենակարևորն է մեզ համար, և պետք է հաշվի առնենք հետևյալը․ ռուսների պարագայում մոտեցումները շատ վատ են փափուկ ուժի նկատմամբ։ Նրանք լավ չեն տիրապետում փափուկ ուժին։ Բայց փայլուն տիրապետում են ռազմական ուժին։ Եթե չլիներ ռուսական միջամտությունը վրացական կոնֆլիկտում, երբ վրացիները մտել էին Ցխինվալի և գնդակոծում էին, չէր լինի Հարավային Օսիան։ Դրանց ինքնորոշման իրավունքը պահպանվեց շնորհիվ Ռուսաստանի։ Նույնը աբխազների ու Մերձդնեստրի դեպքում։ Նույնն է նաև Հայաստանի պարագայում։ Պատկերացրեք, եթե չլինեին ռուս խաղաղապահները։ Մենք քննադատում ենք Ռուսաստանին, երբեմն տեղին, երբեմն ոչ այնքան, բայց եթե չլիներին ռուս խաղաղապահները, կլինե՞ր այն 25%-ը, որ մնացել է Արցախից։ Բնակչություն ևս չէր լինի։ Ես կարծում եմ, որ վերջին փուլում ռուսական կողմի որոշակի պասիվությունը մեր տարածաշրջանում պայմանավորված է առաջին հերթին ուկրաինական գործոնով։ Դեռ մինչև այս հակամարտությունը ռուսները հայտարարել էին այն կարմիր գծերը, որ չեն հանդուրժի, եթե Արևմուտքը հատի իր էքսպանսիայում։ Այս անցուդարձի փոքրիշատե կարգավորվելուն պես ռուսներն ավելի շատ ժամանակ կունենան գործելու մեր տարածաշրջանում։ Ռուս-ադրբեջանական հարաբերոթյունների բովանդակությունը մեզ համար շատ կարևոր է։ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, ՌԴ-ում ունեն ադրբեջանական մեծ լոբբինգ, որ չպետք է թերագնահատել։ Միաժամանակ ռուսները փորձում են այստեղ պահպանել ստատուս քվոն, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։ ՌԴ-ն աշխարհում միակ երկիրն է, որը 13-14 անգամ պատերազմել է Թուրքիայի դեմ և մեծամասամբ՝ հաջող։

-Ճ՞իշտ եմ հասկանում, որ ձևավորվում է Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան (չնայած այն հանգամանքին, որ վերջին երկուսի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն)-Իրան բլոկ ընդդեմ Արևմուտքի։

- Այդ բլոկն արդեն իսկ ձևավորված է։ Գուցե ոչ պաշտոնական փաստաթղթերով, բայց դա պարզ երևում է Շանհայի կազմակերպության տարածման, ՀԱՊԿ-ի և Շանհայի հարաբերությունների մակարդակից։ Մյուս կողմից՝ ռուս-իրանական–չինական նավատորմային զինավարժությունները մեր տարածաշրջանի մոտ։ Այդ կոալիցիան արդեն ձևավորվել է, և հետաքրքիր է, որ անգամ Հնդկաստանն ու Չինաստանը, որ խնդիրներ ունեն միմյանց հետ, կարծես մի կողմ են թողել իրենց հակասությունները՝ հասկանալով, որ խաղադրույքները շատ ավելի բարձր են, քան իրենց սահմանային վեճերը։ Հնդկաստանը, այո՛, այդ բլոկում է, և դրանք այն երկրներն են, որոնք ունեն նաև քաղաքակրթական արժեքների պահպանման գաղափարախոսություն։

-Այսինքն՝ ձևավորվում է կոալիցիոն ուժ, որ դեմ է կանգնում նեոլիբերալիզմին և առաջիկա պայքարն այդ ուղղությամբ է զարգանալու։

Փաստորեն՝ այո՛։ Հավելեմ նաև, որ այդ առումով ճեղք է տվել նաև Եվրոպան։ Տեսեք, թե ինչպես է իրեն պահում Հունգարիան։ Ոգևորության պակաս կա Ֆրանսիայի և Գերմանիայի պարագայում։ Իզուր չէ, որ Բայդենը բացահայտ ասաց, որ Մակրոնը փորձում է անել այն, ինչ ժամանակին անում էր Դը Գոլը, դուրս գալով ՆԱՏՕ-ից։

Վարդան Մսրյան