Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:26 02-03-2022

Հայաստանին անհրաժե՞շտ է արտաքին քաղաքականություն․․․

Ոչ, սա Քիսսինջերի հայտնի աշխատության վերնագրի կրկնօրինակումը չէ (Does America need a foreign policy?)։ Սա շատ արդիական հարցադրում է Հայաստանի Հանրապետության ընթացիկ արտաքին քաղաքական ուղեգծի ու վարքի առնչությամբ։ Պաշտոնական Երևանի լռությունը Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների շուրջ կարծես խոսում է այն մասին, որ դրանք Հայաստանի հետ ոչ մի առնչություն չունեն։ Գուցե շատերին թվա, որ այս լռությունը ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի հավասարակշիռ կեցվածքի արտահայտությունն է, սակայն դա մոլորություն է, քանի որ հավասարակշիռ լինելը կամ չլինելը կերևար կեցվածք դրսևորելիս, ինչը Հայաստանի պարագայում բացակայում է (ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը երկու օր առաջ այդպես էլ ասել էր․ Հայաստանը դեռևս տեսակետ չի արտահայտել)։

Հայաստանը, ինչպես և Վրաստանը, Ադրբեջանը, Միջին Ասիայի պետությունները և այլն, հետխորհրդային աշխարհաքաղաքական տարածության մաս է։ Հայաստանի անվտանգությունը ուղղակի կապ ունի Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետ, ինչպես և կապ ուներ հունվարի սկզբին Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետ։ Կապի բանաձևը հետևյալն է (ի թիվս այլ բանաձևերի)․ Ռուսաստանի թուլացումը նրան դարձնում է ավելի զիջող Հարավային Կովկասում Թուրքիայի հետ համագործակացա-հակամարտային հարաբերություններում, իսկ զիջումներն արվում են մեր անվտանգության հաշվին։ Ցավոք այսպես շարունակվելու է այնքան, ինչքան մենք շարունակելու ենք չուզենալ ստեղծել ուժեղ պետություն, բայց սա այլ հարց է։
Գործող իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծ են ընտրել լռությունն ու կոնֆորմիզմը։ Այսպես, առաջին՝ նրանք «ոտքները կախ են գցում» մինչև որոշակիություն մտնի իրադրության մեջ, տեսնեն, Ռուսաստանը հաղթու՞մ է, թե՞ պարտվում․ այս դադարը ըստ երևույթին գալիս է նրանից, որ չեն կարողանում վերլուծել, համադրել Հյուսիսից ու Արևմուտքից եկող հակասական տեղեկություններն ու ազդակները և համապատասխան որոշում կայացնել։ Երկրորդ՝ հոգով-սրտով դատապարտում են Ռուսաստանի գործողությունները, բայց չեն համարձակվում բարձրաձայնել այդ մասին․ իշխող քաղաքական թիմի առանցքային խաղացողների շեշտված հակառուսական տրամադրությունների ու կատարած քայլերի մասին վկայությունները վաղուց արձանագրված են, իսկ այս օրերի լռությունը ուկրաինական կողմին թերևս կարողանում են բացատրել, ընդունել տալ․ այն, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը Վլադիմիր Կարապետյանն է, Նիկոլ Փաշինյանին շատ մոտ կանգնած մի անձ, իսկ ՀՀ ԱԺ հայ-ուկրաինական բարեկամության պատգամավորական խմբի նախագահը Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն է, կարծում ենք, խոսուն ազդակներ են։ Կարևորագույն այսպիսի հարցերի վերաբերյալ ցանկացած դիրքորոշում հայտնելուց Նիկոլ Փաշինյանը խիստ, վախենալու աստիճան զգուշանում է, զգուշանում է, որպեսզի իր իշխանությանը վտանգ չսպառնա։ Այսպիսով արտաքին քաղաքականությունը կամ դրա չգոյությունը պարզապես ծառայեցվում է ներքին օրակարգին։ Այդ իսկ պատճառով էլ ծագում է այս հռետորական հարցը․ «Հայաստանին անհրաժե՞շտ է արտաքին քաղաքականություն»։

Խնդիրը նրանում է, որ որպես պետություն՝ սուբյեկտ լինելու նշաններ ցույց չենք տալիս։ Վրաստանը, որ ընդգծված հակառուսական ուղեգիծ որդեգրած պետություն է, ծանրութեթև անելով իր օգուտն ու վնասը, պարզ հայտարարում է, որ չի միանալու Ռուսաստանի դեմ մեկնարկած պատժամիջոցների շքերթին, աշխարհն էլ նրան հասկանում է։ Ադրբեջանը փորձում է խաղալ Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցությունների լարերի վրա ու կարծես թե ստացվում է․ մի կողմից Ռուսաստանի հետ կնքված դաշնակցային փոխգործակցության հռչակագրով ստանձնած որոշ պարտավորություններ կատարելով ապահովագրում է իրեն Ռուսաստանի՝ Հարավային Կովկաս վերադարձից հետո հնարավոր պատիժներից, մյուս կողմից էլ չճշտված պարունակությամբ բեռներ է փոխադրում Լեհաստան, հակառուսական ցույցերի արտոնմամբ Ռուսաստանին զգուշացնում, որ ցանկացած պահի կարող է պաշտոնապես ընդունել թուրքական պատրոնաժը։ Իսկ ի՞նչ է անում կամ ասում Հայաստանը։ Ոչինչ։ Ի՞նչ կարող էր ասել կամ անել, անգամ հավասարակշիռ կեցվածք հանդես բերելով․ Կարող էր պատրաստակամություն հայտնել տրամադրել իր տարածքը՝ ռուս-ուկրաինական բանակցություններն անցկացնելու համար (քիչ հավանական արդյունքով, բայց սուբյեկտայնություն ցուցադրող գործողություն)։ Կարող էր անկեղծ մտահոգություն հայտնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների առնչությամբ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ռուսաստանի հատուկ ռազմագործողությունը ոչ մի նմանություն չունի 44-օրյա պատերազմում Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետ, քանի որ, ի տարբերություն թուրքերի ու ադրբեջանցիների, ռուս զինվորականները Ուկրաինայում խաղաղ բնակիչներ չեն մորթում կամ եկեղեցիներ չեն ավերում։ Կարող էր հայտարարել, որ պատրաստակամ է, որպես պատերազմի դառնությունները ճաշակած երկիր, սնունդ և դեղորայք հասցնել ինչպես Դոնեցկ ու Լուգանսկ, այնպես էլ Կիև, Խարկով ու ռազմագործողություններից տուժած այլ բնակավայրեր։ Ի վերջո, եթե Կիևից կամ արևմտյան այլ մայրաքաղաքներից պաշտոնական խողովակներով ստացել է հարցում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին միանալու վերաբերյալ, կարող էր հայտարարել դրանց անթույլատրելիության, Հայաստանի անվտանգային շահերին ու հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերություններին հակասելու մասին։ Հ․Գ․ 1640-ականների քաղաքացիական պատերազմի տարիներին (խորհրդային ժամանակներում այն կոչվում էր բուրժուական հեղափոխություն) հայկական մի համայնք էր առևտրային գործունեություն իրականացնում Անգլիայում․ այստեղ էր եկել Նիդերլանդներից։ Թագավորական զորքի դեմ ճակատամարտ տալու համար զորահավաք իրականացնող Կրոմվելը ճանապարհին կանգ է առնում նաև այն բնակավայրում, որտեղ հայկական համայնքն էր բնակվում։ Նա հարց է տալիս համայնքի ավագներին, թե ընթացող պատերազմի ժամանակ ու՞մ կողմն են բռնելու․ թագավորի՞, թե՞ իր։ Հայերը պատասխանում են ․ «Կայսրինը կայսրին, Աստծունը՝ Աստծուն»։ Կրոմվելը նրանց ժամանակ է տալիս կողմնորոշվելու և հստակ դիրքորոշում արտահայտելու համար, մինչև իր վերադարձը։ Վերադարձին, սակայն, հայերին այնտեղ այլևս չի գտնում․ նրանք վերադարձել էին Նիդերլանդներ։