Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:47 28-02-2022

Այս նոր իրավիճակում որքան կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր բոլորի կամքից և վճռականությունից. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովը մեկնարկում է ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանը առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ: ՀՅԴ 34-րդ ժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում Հայաստանին ուղղված մարտահրավերներ ավելի են խորանում, որը լի է անորոշություններով և սպառնալիքներով: Այս նոր իրավիճակում որքան կենսունակ կլինի Հայաստանը կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից: Այժմ ունենք պարտություն, բայց դա հայ ժողովրդի հավաքական պարտությունը չէ, դա իշխանության ղեկին հայտնված մի խումբ մարդկանց գործունեության արդյունք է, ներքին ու արտաքին մի շարք ուժերի բոլոր փորձերը հայ ժողովրդին ներկայացնել իբրև թույլ, չհաղթող, ձախողմանը դատապարտված ազգ պետք է ստանա համարժեք պատասխան»,- նշեց Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ անդամի խոսքով` հարյուրամյակներն են ապացուցել, որ այս տարածաշրջանում հայ ժողովուրդը մշտապես եղել և լինելու է գոյութենական պայքարի մեջ` հայրենիքի այս փոքր հողակտորի, անկախ պետականության պահպանման համար:

«Այստեղ է, որ Դաշնակցությունը իր ողջ ներուժով ասելիք և անելիք ունի:
Նախ պետք է չհաշտվել պարտության հետ, պետք է ձևավորել դիմադրություն: Դիմադրություն թշնամուն, որ մենք զիջելու հայրենիք չունենք: Դիմադրություն հայրենիքը պարտությունների և զիջումների տանող օրակարգերին: Պետք է վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի և փոքր պետություն ունենալու հոգեբանությունը, ունենալ ազգային երազանք և գնալ դրա հետևից,»- ընդգծեց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը շեշտեց` Հայաստանում ստեղծված իրավիճակը պետք է փոխվի, պետք է փոխվի ժողովրդի վճռական կամքով և ազգային ուժերի առաջնորդությամբ:

«Մեր երկիրը պետք է ունենա ազգային իշխանություն, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արժանապատիվ ու բարեկեցիկ երկիր»,- ասաց Սաղաթելյանը:

Ըստ ՀՅԴ ԳՄ անդամի`Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու նպատակով:

«Հետևաբար հայ-թուրքական այսպես կոչված հաշտեցման գործընթացը պետք է կասեցվի»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ անդամը հավելեց, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից կարող է դուրս գալ միայն համահայկական ողջ ներուժի ամբողջական և արդյունավետ օգտագործմամբ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի