Հայաստանի ներքաղաքական զարգացումների և հասարակական տրամադրությունների ֆոնին
Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է, թե, նրանց կարծիքով, Նիկոլ Փաշինյանը դեռ որքա՞ն ժամանակ կշարունակի ղեկավարել Հայաստանը։
Հարցման մասնակիցների կարծիքները տարբեր էին։ Ոմանք համոզված են, որ իշխանափոխությունը տեղի կունենա ժողովրդի կամքով, մյուսները կարծում են, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև գործող ժամկետի ավարտը, իսկ մի մասն էլ հրաժարվեց գնահատականներ տալ՝ նշելով, որ հոգնել է այդ թեմայից։
«Կարծում եմ՝ ժողովրդի ընդդիմադիր տրամադրվածությունը ոչ շատ ուշ ապագայում արդյունքը կտա, և ժողովրդավարական ճանապարհով իշխանությունը կփոխվի»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ հարցման մասնակից նշեց, որ ամեն ինչ կախված է հասարակությունից.
«Դա ես չեմ կարող ասել։ Դա կախված է մեր ժողովրդի կամքից»,- ասաց նա։
Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։
«Ինձ թվում է՝ մինչև իր ժամկետի ավարտը կղեկավարի, և այդպես էլ պետք է լինի։ Ես օրենքի կողմնակից եմ»,- նշեց հարցման մասնակիցներից մեկը։
Մյուսները, սակայն, հրաժարվեցին քաղաքական քննարկումից։
«Խնդրում եմ՝ այդ թեմայից չխոսենք, հոգնել ենք արդեն։ Անընդհատ նույն հարցն է՝ Փաշինյան, Փաշինյան…»,– ասաց քաղաքացիներից մեկը։
Որոշ հարցվածներ նշեցին, որ բավարար տեղեկացված չեն իրավիճակից։
«Ես այստեղ չեմ ապրում, մեկ ամսով եմ գալիս։ Եթե այստեղ ապրեի, գուցե կկարողանայի ավելի հստակ կարծիք հայտնել»,– ասաց հարցման մասնակիցներից մեկը։
Մանրամասները` տեսանյութում:
Մերի Հակոբյան