Ռուս-ադրբեջանական փետրվարի 22-ի հռչակագիրը պատրաստվում էր 44-օրյա պատերազմից հետո, բայց ուկրաինա-ռուսական պատերազմից 2 օր առաջ ստորագրվեց։ Ի՞նչ է ենթադրում այս հռչակագիրը, և արդյո՞ք կապ ունի ընթացող պատերազմի հետ։
Հռչակագրով ՌԴ-ն շարունակելու է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին (հոդված 14)։ Իսկ Ադրբեջանը պարտավորվում է զերծ մնալ ՌԴ շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց (հոդված 25)։ ՌԴ-ն նաև ապահովել է Ադրբեջանի չեզոքությունն այս պատերազմում (հոդված 7)։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը չի մասնակցելու Արևմուտքի՝ ՌԴ-ի դեմ սահմանած պատժամիջոցներին։
Ենթադրելի է, որ ՌԴ-ն իր հերթին Ադրբեջանին հավաստիացրել է, որ եթե Հայաստանն օգտվի այս պատերազմական թոհուբոհից և փորձի ազատագրել Արցախը, ապա ՌԴ-ն կգործադրի իր ազդեցությունը ՀՀ-ի վրա և կկանխի այդ փորձը։ Մյուս կողմից՝ ռեալ սպառնալիք է գեներացվել Հայաստանի նկատմամբ, եթե վերջինս, օգտվելով պահից, ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու և ՀՀ ինքնիշխանությունն ամրացնելու փորձ անի։ Այս ենթադրության համար հիմք է այն, որ հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո Բաքուն ամեն օր հաղորդում է, որ Հայաստանը կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իսկ երեկ ադրբեջանական զինվորականները Խրամորթի գյուղացիներին
«կոչ են արել» լքել գյուղը։ Արդեն պարզ է, որ Բաքվի սադրանքներն անդադար շարունակվելու են այս պատերազմի ամբողջ ընթացքում։
Մեր քաղաքական համայնքի մեծ մասը ռուս-ադրբեջանական փետրվարի 22-ի հռչակագիրը որակում է հակահայկական՝ ուղղված ՀՀ ազգային շահերի դեմ։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը, ինչը կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:
ԱԳՆ-ի հույսը իրականության հետ խնդիր ունի, քանի որ ՌԴ-ն և Ադրբեջանը ԼՂ հակամարտությունը համարում են կարգավորված։ Բայց ԱԳՆ լավատեսությունը լրիվ դատարկ չէ։ Երևանն ու Բաքուն միջազգային ատյաններում առաջիկայում միևնույն կերպ կարտահայտվեն Արցախի հարցում ՌԴ միջնորդության վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական ագրեսիան դատապարտող կամ պատժամիջոց սահմանող բանաձևերին կքվեարկեն նույն կերպ։ Այդպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը աշխարհի աչքում ձեռք ձեռքի բռնած կարդարացնեն ռուսական դոմինանտությունը Հարավային Կովկասում։ ՌԴ-ի այս նպատակն է սպասարկվում ռուս-ադրբեջանական հռչակագրով։
Իսկ եթե ՌԴ-ն պարտվի այս պատերազմում (ինչը չի բացառվում) և հետ շպրտվի Ուկրաինայից, ապա հնարավոր է՝ հաղթողները կանգ չառնեն ձեռքբերված դիրքերում և փորձեն զրկել ՌԴ-ին Հարավային Կովկասում դոմինանտությունից։ Եթե այդպես լինի, ապա Արցախի հարցում միջնորդական գերակա դիրք կգրավեն ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իսկ ռուս-ադրբեջանական սիրավեպը կադապտացվի փոփոխված իրականության պահանջներին։ Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը պարտավոր է բարձրացնել բանակի զգոնությունը, որ կարողանա կանխել Ադրբեջանի հնարավոր ոտնձգությունները Արցախում և Հայաստանի սահմաններին թե՛ այս պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո։
Թաթուլ Մկրտչյան