Երևան +14°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:49 25-02-2022

Հերթական անգամ սկսում են իրենց զրոյական կետից. ջրամբարների տխուր վիճակը

Կառավարությունը վերջին նիստում անդրադարձավ Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով (կառավարության էջում նշվում է Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող ջրամբարի կառուցման դրամաշնորհային ծրագիր) և Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ ծրագրի իրականացման ընթացքին։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․-ի մարտից և նախատեսվում էր, որ 2020թ-ից ջրամբարից մասնակի ոռոգում պետք է իրականացվեր, ինչն, իհարկե, տեղի չունեցավ։ Ինչևէ։ Կառավարության նիստում ներկայացվեց, որ մինչև տարեվերջ շինարարական աշխատանքները կավարտվեն։ Հուսանք, չնայած, որ շինարարությանը մոտիկ կանգնածներն այդ կարծիքին չեն։ Նույն ընթացքում վարչապետը խոսեց 15 նոր փոքր ջրամբար կառուցելու մասին։ «2022թ. բյուջեով 2 մլրդ դրամ ենք հատկացրել ջրամբարների նախագծման համար: Սկսում ենք Քասախի, Արգիճի, Աստղաձորի, Ելփինի, Արթիկի, Լիճքի և Եղվարդի ջրամբարների նախագծման աշխատանքները»:

2017թ,-ին հերթական կառավարության հերթական նիստերից մեկի ժամանակ այն օրերի վարչապետը հանձնարարեց ջրտնտպետկոմի նախագահին երկամսյա ժամկետում կառավարությանը ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություններ և դրանց ֆինանսական գնահատականը: Այն ժամանակ առաջնահերթ նախատեսվում էր Վեդի, Սելավ Մաստարա, Եղվարդ, Կապս ջրամբարների շինարարությունը։ Փաստորեն այդ ընթացքում հերթական անգամ ոչինչ չարվեց, միակը առաջնահերթություններն ու օբյեկտները փոխվեցին։
Այն օրերին էլ, այսօր էլ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները, որ ամբողջ հանրապետությունում արդեն ընդամենը մի քանիսն են, գտնում են, որ այս ոլորտում էլ Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանն ամայացնելու քաղաքականությանը դիմակայելու համար մենք Կապսի ջրամբարը արագ 25 միլիոն խմ-ից պետք է հասնենք 60 միլիոն խմ-ի, Եղվարդի ջրամբարը՝ 90 միլիոն խմ-ի, Վեդին՝ 29 միլիոն խմ-ի, Քասախի վրա 12 միլիոն խմ, Սելավ Մաստարան, 2 հատը՝ մեկը 7 միլիոն խմ, մյուսը՝ 13 միլիոն պետք է հնարավորինս արագ հանձնենք շահագործման։ Ստացվում է, որ ոլորտի պրոֆեսիոնալներն ու կառավարությունը տարբեր ջրամբարների մասին են խոսում։
Փոքր ջրամբարների կառուցման հարցը մեզանում օրակարգում է դեռևս 1970-80-ականներից։ Այն ժամանակ ոլորտի ճանաչված մասնագետները տարիների ուսումնասիրությունների արդյունքում ընտրել են 108 փոքր ու միջին ջրամբարների տարածքներ, որոնցում հնարավոր է միասին վերցրած 700 մլն-ից մինչև 1 մլրդ խմ ջուր կուտակել (հիմա եղած ավելի քան 80 մեծ ու փոքր ջրամբարները միասին ունեն հնարավորություն կուտակելու մինչև 1․4 մլրդ խմ ջուր): Մանրամասն հաշվարկել էին սրանց տեղերը (գտնվում են հանրապետության գրեթե բոլոր տարածաշրջաններում), սնման աղբյուրները, յուրաքանչյուրում կուտակվելիք ջրի քանակը, շինարարության համար անհրաժեշտ գումարներն ու շինարարությունների տևողությունները յուրաքանչյուրի համար: Ամեն ինչ հասցվել էր վերջնական մակարդակի շինարարությունն սկսելու համար։ ԽՍՀՄ փլուզումով գործընթացն էլ փլուզվեց։

Անկախության շրջանում «108»-ի խնդրին առաջին անգամ կառավարության մակարդակով անդրադարձան 2000-ականների սկզբներին։ Փորձ արվեց ՀԲ-ի վարկերով իրականացվող «Ոռոգման համակարգերի զարգացման ծրագրով» փոքր ջրամբարների կառուցման խնդիր լուծել: Չստացվեց։
Փոքր ջրամբարների կառուցման «ինտրիգը» նրանումն է, որ «108»-ի հեղինակները դեռևս ասպարեզում են, որոշները՝ չնայած պատկառելի տարիքին, շարունակում են աշխատել։ Այս պարագայում թե 2017թ․-ի, թե՛ գործող կառավարություններին պետք էր ընդամենը միջնորդել «108»-ի հեղինակներին թեկուզ խորհրդատվություն ապահովելու գործընթացի իրականացման վերաբերյալ։ Բայց այս գործընթացի «հմայքը» նաև նրանումն է, որ թե՛ 2017թ-ին, թե՛ փաշինյանի կառավարության օրոք չեն փորձել գոնե ծանոթանալ «108»-ի հեղինակների ուսումնասիրություններին ու նախագծերին։ Փաստորեն հերթական անգամ ամեն անգամ սկսում են զրոյական կետից, որ ոչ մի տեղ չի տանում։
Որքան էլ ջրամբարի արժեքը թանկ լինի, այն իր բոլոր ծախսերը փակում է և արդեն 9-րդ տարում շահույթ է ապահովում: Բայց սրանց շինարարությունը ինքնանպատակ չէ։ Ջրամբարը ջուր պետք է ապահովի դաշտերին։ Հանրապետությունում ամենաշատ ջուրն օգտագործվում է Արարատյան դաշտում, որտեղ կորուստները հիմնականում տեխնիկական, ջրաբաշխման հետևանք են: Համակարգը ճիշտ չի շահագործվում և որքան էլ մեծ ու փոքր ջրամբարներ կառուցվեց, սրանց արդյունավետությունը շատ փոքր է լինելու, քանի դեռ ամբողջ համակարգում կորուստները կազմում են ավելի քան 60%։ Ընթացիկ և կապիտալ նորոգումները ժամանակին ու հավուր պատշաճի չեն կատարվում, ջրանցքների մաքրումը ժամանակին և ճիշտ չեն իրականացնում և ջրի հսկայական կորուստներն այդպես էլ չեն նվազում: Եվ այդ ամենը գալիս է համակարգում մասնագետների իսպառ բացակայությունից։ Հետևաբար, ջրամբարների շինարարությունն սկսելուց առաջ ու հետո ջրտնտպետկոմում ֆիզկուլտուրնիկ, պատմաբան, թարգմանիչ նախագահ դնելուց առաջ պետք է մտածել համակարգի հետոյի մասին։
Ինչևէ։ Ոռոգման սեզոնի սկսվելուն քիչ ժամանակ է մնացել, տեղումներ չկան ու արդեն գրեթե միանշանակ է, որ բացվող տարին գյուղատնտեսության համար վարդագույն չի լինելու։ Ոռոգման առումով ճգնաժամային իրավիճակ է սպասվում։ Ամիսներ առաջ Փաշինյանը փորձում էր «գյուղացու և իր հողի ծարավը» հագեցնել կաթիլային ոռոգմամբ, հին, չսերտիֆիկացված ծառերը մասսայաբար հանելով, նոր, «սպիտակների» կողմից սերտիֆիկացվածներով փոխարինելով։ Հասկանալով, որ այդ թեզը մեղմ ասած, հիմարություն է, հիմա փորձ է արվում գյուղացու իր իր հողի ծարավը այլ մանիպուլյացիոն հնարքով հագեցնել։ Հիմա արդեն ճիշտ է հաշվարկած․ խիստ հեռանկարային է նոր ջրամբարների գաղափարը ու այդ ընթացքում եթե հաջողվի գոնե մեկի շինարարությունը սկսել, ապա դրանով իրենց առնվազն 10 տարի «կապահովագրեն»։

Վարդան Մսրյան