Երևան +11°
copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:11 23-02-2022

Ճանաչե՞լ, թե՞ չճանաչել, այսպիսի հարց չկա

Ռուսաստանի իշխանության կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու հայտարարությանն անմիջապես արձագանքեցին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ֆրանսիան և մի շարք պետություններ։ Բոլոր հայտարարեցին, որ ի պատասխան կիրառելու են պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։

Ակնհայտ է, որ ՌԴ կենսական շահերի դեմ արված վերոնշյալ հայտարարության հետևանքով այդ պետությունը հայտնելու է այնպիսի իրավիճակում, որից դուրս գալու համար ստիպված պատերազմ է սկսելու Ուկրաինայի տարածքում, քանի որ միայն պատերազմի դեպքում կարող է խստացնել հարկերը, զսպել ներքին խռովությունները և ակնկալել արտաքին տնտեսական աջակցություն նրանցից, որոնք Արևմուտքի դաշնակիցը չեն։ Պարզ ասած՝ ՌԴ-ն արեց այն քայլը, որի հետևանքով հնարավոր է պատերազմ սկսի և կարողանա տնտեսությունը դուրս բերել տարիներով խորացող ծանր իրավիճակից։ Այս պատկերում պարզ է դառնում, թե ինչու էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կասկածում, որ ՌԴ-ն պատերազմ է սկսելու առաջիկայում, քանի որ ներկայում ՌԴ-ն տնտեսությունը ծանր իրավիճակից դուրս բերելու այլ ճանապարհ, քան պատերազմը՝ չունի։

Այսօր ՀՀ անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է գումարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ենթադրաբար՝ քննարկվել է Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման-չճանաչման հարցը։ Ինչպես երևում է տարածված հաղորդագրությունից, Հայաստանն այդ հարցը թողնում է առկախված, ո՛չ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ո՛չ էլ չի ճանաչում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Չնայած՝ ՀՀ իշխանությունը ձեռնպահ է մնում այս հարցում, բայց Արցախի Հանրապետության նախագահն ու Արցախի ԱԺ նախագահը շտապում են շնորհավորել Դոնբասի ժողովրդին։ Ճի՞շտ են վարվում մեր իշխանություննները, և ի՞նչ խնդիրներ կարող են ծագել Հայաստանի առջև Ուկրաինայի տարածքում հնարավոր պատերազմի դեպքում։

ՌԴ իշխանություններին աջակցելը կնշանակի աջակցել Ուկրաինայում սանձասերծվող պատերազմին։ Եթե Ռուսաստանն այդ պատերազմի արդյունքում ինչ-որ չափով կայունացնելու է տնտեսությունը, ապա Հայաստանն այդ պատերազմում ՌԴ-ին աջակցելու դեպքում ոչինչ չի շահելու, բայց կարող է կորցնել միջազգային հանրության տնտեսական և բարոյական աջակցությունը, իսկ հայ գործարարների և քաղաքական գործիչների մի մասը կարող են հայտնվել Արևմտյան պատժամիջոցների թիրախում։ Այս ենթադրյալ հետևանքները ծանր կնստեն մեր պետության և ժողովրդի վրա։ Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրամիության նման պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ի դեմ, քանի որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զինվորը, ենթադրաբար, կարող է զենքն ուղղել խաղաղ բնակչության դեմ, ինչպես արվեց Գյումրիում 2015-ի հունվարին։

Ինչ վերաբերում է Արցախի ճանաչման հեռանկարին, որի մասին ակնարկել են Արցախի իշխանություններն ու որոշ կուսակցություններ, ապա այսօր դա ռիսկային է, քանի որ Պուտին-Ալիև այսօրվա հանդիպման արդյունքում այդ երկրների ղեկավարները ստորագրելու են դաշնակցային համագործակցության հռչակագիր։ Իսկ դա, հավանաբար, ենթադրում է, որ եթե Հայաստանն այսօր ճանաչի Արցախի անկախությունը, ապա դաշակիցներ՝ ՌԴ-ն և Ադրբեջանը ուս-ուսի տված կգործեն Հայաստանի և Արցախի դեմ, որ պահպանեն իրենց իրավունքներն Արցախում, որոնք հաստատել են Նոյեմբերի 9-ին Հայաստանին պարտադրված հայտարարությամբ։

Թաթուլ Մկրտչյան