Երևան +18°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:53 22-02-2022

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորների նկատմամբ՝ ի պատասխան ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորների, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման պատճառով, ինչի մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բորելը նշել է, որ պատժամիջոցները կուղղվեն նաև Դոնբասում ռուսական գործողությունները ֆինանսավորող սուբյեկտներին, ինչպես նաև այն բանկերին, որոնք ֆինանսավորում են Ռուսաստանի «որոշումներ կայացնողներին» և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին:

Բորելի խոսքով՝ որոշում է կայացվել նաև սահմանափակել Ռուսաստանի մուտքը ԵՄ ֆինանսական շուկա։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանն իր հերթին ասել է, որ ԵՄ ԱԳ նախարարները «միաձայն համաձայնության են եկել պատժամիջոցների առաջին փաթեթի շուրջ»՝ կապված Ուկրաինայի արևելքում Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։

«Այդ միջոցները կհարվածեն Ռուսաստանին և ուժեղ հարված կհասցնեն»,- ասել է Բորելը մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ պատժամիջոցների ցուցակում ներառվելու են Պետդումայի պատգամավորներ, որոնք վավերացրել են համաձայնագրերը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, մի շարք պաշտոնյաներ, ովքեր աջակցել են ինքնահռչակ հանրապետությունների ճանաչմանը, ինչպես նաև մի քանի բանկեր, որոնք մուտք են ապահովում Ռուսաստանի իշխանություններին, ֆինանսական շուկաներին և ԵՄ ծառայություններին:

351 պատգամավոր

Փետրվարի 15-ին Պետդումայի 351 պատգամավոր կողմ է քվեարկել նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումին՝ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու առաջարկով:

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, 399 պատգամավոր քվեարկել է Պուտինի կողմից ստորագրված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության պայմանագրերը, ինչպես նաև Արևելյան Ուկրաինայի այս տարածքների ինքնիշխանությունը ճանաչող հրամանագրերը:

«Ռուսաստանի Պետդումայի 351 պատգամավորները, որոնք քվեարկել են միջազգային իրավունքի և Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտման օգտին, կներառվեն մեր պատժամիջոցների ցանկում»,- պարզաբանել է Բորելը։ Մնացած 27 ֆիզիկական և իրավաբանական անձինք, նրա խոսքով, «դեր են խաղում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը խաթարելու կամ սպառնալու մեջ»։

Պուտինի՝ նախօրեին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման մասին, իսկ երեքշաբթի օրը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության և փոխօգնության պայմանագրերը վավերացվել են Պետդումայի կողմից: Երեկոյան Դաշնային խորհուրդը համաձայնություն է տվել Պուտինի դիմումին՝ արտասահմանում ռուսական զինված ուժերի օգտագործման վերաբերյալ։

Արեւմուտքում Մոսկվայի քայլերն ընկալվեցին որպես մինսկյան պայմանավորվածությունների եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում։

Այլ պատժամիջոցներ

Երեքշաբթի ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և LԺՀ-ի ճանաչման համար պատժամիջոցների մասին: Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ռուսական հինգ բանկերի և Վլադիմիր Պուտինին մոտ երեք գործարարների՝ Գենադի Տիմչենկոյին, Բորիս Ռոտենբերգին և նրա եղբորորդուն՝ Իգոր Ռոտենբերգին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն իր հերթին հանձնարարել է կասեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման գործընթացը՝ ասելով, որ Ռուսաստանը «չափն է անցել» իր գործողություններում։

Ուկրաինայի խորհրդարանը երեքշաբթի ընդունել է հայտարարություն, որում կոչ է անում աշխարհին կիրառել կոշտ ոլորտային և ֆինանսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ անջատել SWIFT միջազգային բանկային համակարգը։

Երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ԵՄ-ին կոչ է արել անհապաղ մի կողմ թողնել բոլոր կասկածները և Ուկրաինային տրամադրել ԵՄ ապագա անդամակցության խոստում։

«Կատարվող իրադարձությունների ֆոնին միանգամայն պարզ է, որ լավագույն ռազմավարական որոշումը, որը կարող է կայացնել Եվրոպան, Ուկրաինային իր մոտ տանելն է՝ բառացիորեն»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում։

Պատժամիջոցների մասին որոշման հրապարակումից հետո Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ ուրբաթ օրը նախատեսված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը չի կայանա։ «Մենք խոսել ենք Սերգեյ Լավրովի հետ հնարավոր բանակցությունների մասին այն դեպքում, եթե Ուկրաինա ներխուժում չլինի», - նախարարի խոսքերն է մեջբերում Interfax-ը։

Ամենից շատ դիտված