Թուրքիայի հասարակությունը Հայաստանը համարում է «սպառնալիք»
copy image url

Թուրքիայի հասարակությունը Հայաստանը համարում է «սպառնալիք»

Արտաքին 3 տարի առաջ - 20:27 18-02-2022
Տարեսկզբին ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում, սոցիոլոգիական հարցումների և քանակական հետազոտությունների արդյունքների հիման վրա հանրային տրամադրություններն ամբողջացնող համապարփակ զեկույցներ են հրապարակվել, որոնցում, ի թիվս այլ ոլորտների, գնահատվել են նաև անվտանգային հարցերը: Թուրքիայում այս առումով ուշադրության են արժանի Քադիր Հաս համալսարանի ուսումնասիրության ամենամյա տվյալները, որոնք հրապարակվում են 2011 թվականից ի վեր, իսկ Հայաստանի պատկերը կազմելու համար՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի ուսումնասիրությունը, որը տեղում իրականացվել է «ԲՐԵՎԻՍ» ընկերության միջոցով:

Ըստ Քադիր Հաս համալսարանի «Թուրքիայի միտումները 2021» զեկույցի՝ Հայաստանը Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիքն է (60,9 %)` առաջ անցնելով անգամ Իսրայելից (60,5 %), որը, որպես կանոն, մշտապես առավել մեծ սպառնալիք է դիտարկվել Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից, քան հարևան Հայաստանը: Թեպետ համալսարանի հետազոտական խումբը որակական տվյալներ չի հաղորդել, սակայն դժվար չէ եզրակացնել, որ 2020 և 2021 թվականի հանրային տրամադրությունները գլխավորապես պայմանավորված են 44-օրյա պատերազմով, քանի որ Ադրբեջանին հավասար հակահայկական տեղեկատվական ակտիվ հոսք ապահովել է նաև Թուրքիան: Հակառակ դեպքում՝ շուրջ 15 %-ով չէր ավելանա այն թուրքերի թիվը, որոնք Հայաստանը համարում են սպառնալիք (2019 թվականին այդ սեգմենտը կազմում էր հարցվածների 46,5 %-ը): Բայցևայնպես, հատկանշական է, որ հետպատերազմական շրջանում Թուրքիայում ավելացել է այն քաղաքացիների թիվը, որոնք ցանկանում են կարգավորված տեսնել հայ-թուրքական հարաբերությունները. եթե 2020-ին այդպիսի ցանկություն ուներ հարցվածների 9,5, ապա 2021-ին՝ 14,4 %-ը: Որակական եզրահանգման երկրորդ կարևոր փաստն այն է, որ Հայաստանը որպես սպառնալիք դիտարկելու հանգամանքը պայմանավորված է ադրբեջանական գործոնով, քանի որ թուրք հասարակության ընկալումներում Ադրբեջանը եղել և շարունակում է մնալ գլխավոր դաշնակիցը, ընդ որում՝ կայուն դաշնակիցը: Հետևապես, եթե Ադրբեջանում Հայաստանը սպառնալիք է որակվում, ապա, ըստ թուրքական պատկերացումների, Հայաստանը սպառնում է նաև Թուրքիային: Այսպես, ըստ վերջին երեք տարիների հետազոտության տվյալների՝ Թուրքիայում Ադրբեջանին դաշնակից է համարում 56-57, իսկ գործընկեր՝ 27-30 %-ը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի քաղաքացիների 85 %-ը համակրում են Ադրբեջանին: Հայելային պատկերացումները տարածված են նաև Հայաստանում: Ըստ ՄՀԻ զեկույցի՝ Հայաստանի հարցված բնակչության 90 %-ը Թուրքիան համարում է քաղաքական սպառնալիք: Սակայն հետազոտության մեջ տեղ գտած այն տվյալը, թե ՀՀ ազգաբնակչության ընդամենը 5 %-ն է ցանկանում հարաբերությունները բարելավել հարևան երկրի հետ, կասկածներ է հարուցում, քանի որ նույն հետազոտության մեկ այլ արդյունքներով՝ հարցվածների 28 %-ը ընդհանրապես համաձայն չէ այն պնդմանը, թե Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ամենից շատ դիտված