Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 13:24 18-02-2022

Իրան-Վրաստան ուղղության բարձր լարման գծի կառուցումը կփոխի էներգետիկ դինամիկան Հարավային Կովկասում

Oragir.news-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը։

- Ապրիլի 1-ից բնական գազի գինը նորից բարձրանալու է։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը գազային նոր համաձայնագրի վերաբերյալ։

-Ինչ վերաբերում է երկրի ներսում գազի գնի թանկացմանը․ սա զուտ հայաստանյան որոշում է։ Միջպետական պայմանագիրը դրա վրա որևէ կերպ չի կարող ազդել։ Այդ պայմանագրով փաստացի գազի գինը 165-ից դառնում է 177․8 դոլար։ Իրականում գազի գինը բարձրանում է նաև սահմանին, ինչը ՌԴ-ՀՀ քաղաքական հարաբերությունների որակն է ցույց տալիս։ Երկրի ներսում գնի բարձրացումը վաղուց սպասելի էր։ Իշխանությունները չէին կարող գազի գինը նույն մակարդակին երկար պահել։ Այնպես որ Հայաստանում գազի գնի այս բարձրացումները բոլորովին էլ անսպասելի չէին։

-Ինչո՞ւ չէին կարող այդ գինը երկար պահել։

-2019 թվականին, երբ սահմանին գազի գինը 150 դոլարից բարձրացավ, հասավ 165-ի, ներքին շուկայում այն մնաց անփոփոխ։ Դա արհեստական էր և խախտում էր «Գազպրոմ Արմենիայի» հետ կնքած մի շարք պայմանագրեր։ «Գազպրոմը» պետք է շուրջ 9% եկամուտ ունենար, որի մի մասը ներդրումների տեսքով դներ ՀՀ տնտեսության մեջ։ Հետևաբար, մի օր «Գազպրոմ Արմենիան» պահանջելու էր բարձրացնել այն, որպեսզի կարողանա իր խնդիրները լուծել, իր շահույթն ունենալ ու նաև կատարել ներդրումային պարտավորությունները։ Դրա դիմաց Հայաստանը պետք է իրեն մինչև 9% շահույթի հնարավորություն տար։ Եթե չկա շահույթ, հետևաբար չկա նաև ներդրում։ Նշանակում է, որ չի կատարվում միջպետական պայմանագիրը, ինչը երկար ձգել հնարավոր չէր։ Վաղ թե ուշ դրան պետք է լուծում տրվեր։ Մյուս կողմից․ գազի գինը քաղաքական գործոն է։ Դա միշտ է այդպես եղել։ Նավթի համաշխարհային շուկա կա, դա Լոնդոնի բիրժան է, որտեղ նավթի գնի փոփոխությունը ազդում է ամբողջ աշխարհի վրա։ Գազի դեպքում շուկա, որպես այդպիսին, գոյություն չունի։ Գազի գինը որոշում են այն երկրները, որոնք աշխատում են մատակարար և սպառող անհատական հարաբերությունների վրա։ Ահավասիկ․ Ռուսաստանը Եվրամիությանը գազի չի վաճառում։ Գազը վաճառում է ԵՄ անդամ պետություններից յուրաքանչյուրին առանձին, դրսևորելով անհատական վերաբերմունք։ ԵՄ տասը տարվա փորձն այս պրակտիկայից հրաժարվելու և մեկ միասնական շուկայով ռուսների հետ հարաբերվելու՝ տապալվել է։ Գազի գինը Գերմանիայի համար մոտ 30%-ով էժան է քան Լեհաստանի համար։ Արևելաեվրոպական երկրներին շատ ավելի թանկ գնով է գազը վաճառում, քան Արևմտաեվրոպականներին։ Սա ընդունված պրակտիկա է, հետևաբար գազի գինը որոշվում է երկրների միջև եղած հարաբերություններով։ Ընդ որում ավելի շուտ քաղաքական, ռազմավարական, դաշնակցային։ Ռուսաստանը դաշնակից երկրներին գազը էժան է վաճառում։ Ամենաէժանը՝ Բելառուսին է տալիս։ Մյուս դաշնակիցներին՝ համեմատաբար ավելի թանկ։ Հետևաբար գազի գինը «ցուցիչ» է։ Եթե այն ինչ-որ երկրի համար բարձրանում է, որն ընդհանուր շուկայի վիճակին չի համապատասխանում, դա նշանակում է, որ վաճառող և գնորդ երկրների միջև կան քաղաքական խնդիրներ։ Վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները, չնայած գործընկերային լինելուն, խնդրահարույց են, և քանի դեռ այդ հարաբերություններում էական դրական փոփոխություններ չկան, գների բարձրացումը չի բացառվում։

-Նույն տրամաբանության մեջ պետք է տեսնել նաև էլեկտրաէներգիայի գրեթե 5 դրամով թանկանա՞լը։

-Այո։ Այս դեպքում էլ անսպասելի ոչինչ չկա։ Մեր կողմից վերջին տարիների ձախողումների տրամաբանության ծիրում է դա էլ։

- Ձեր գնահատմամբ վերջին տարիների այդ ձախողումները անտեղյակությա՞ն, չիմացությա՞ն, թե՞ միտումնավորության արդյունք են։

-Դիլետանտիզմի արդյունք են, որ բերում են հանցագործության։ Կարևոր չէ, թե այդ հանցագործությունը կատարվել է միտումնավոր, թե չիմացության հետևանքով։ Չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից։ Էական չէ, թե այսօրվա իշխանությունները դա միտումնավոր են արել, թե ոչ։ Էականն այն է, որ Հայաստանը ամենաուշը 2019թ․-ին պետք է շահագործման հանձնած լիներ դեպի Իրան գնացող երրորդ բարձրավոլտ գիծը և դա ձախողել են։ Հիմա էլ ասում են, որ այն 2023թ․-ին պատրաստ կլինի։ Եվ քանի որ դրա հետ կապված որևէ ինֆորմացիա չի հրապարակվում, դժվար է ասել՝ պատրաստ կլինի, թե ոչ։ Մինչդեռ երրորդ բարձրավոլտի հարցը վաղուց պետք է լուծված լիներ։

- Համաձայն նոր պայմանագրի՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանը պետք է տարեկան 32 մլն դոլար վճարի ռուսական կողմին։ Այդպե՞ս է։

-Այդպես է։ Դա պայմանավորված է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկով։ Հարցը նրանումն է, որ երբ Հայաստանը Հրազդանի 5-րդ էներգաբլոկը տալիս էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որոշակի պարտավորություններ էր վերցրել իր վրա: «Գազպրոմ Արմենիա»-ն ներդրումներ էր կատարում էներգաբլոկում՝ այն դարձնելով ժամանակակից, իսկ հայակական կողմն ապահովում էր այդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիայի սպառումը։ Ներդրողի ցանկացած ներդրման նպատակը դրանից օգուտ ստանալն է։ Էլեկտրաէներգիայի սպառման հայկական շուկան մեծ չէ, և երբ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը կառուցվում էր, հասականալի էր, որ ներքին շուկան այդ ծավալի էլեկտրաէներգիա չի կարողնալու սպառել, հատկապես, որ կա ատոմակայան։ Հետևաբար արտադրված էլեկտրաէներգիան պետք է արտահանվեր ու դա պետք է կազմակերպեր հայկական կողմը։ Նախատեսվում էր, որ դա պետք է իրականացվի դեպի Իրան և դեպի Վրաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրաէներգիայի գծի կառուցմամբ։ 2016թ. ապրիլին կնքվել էր, այսպես կոչված, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագիրը: Գաղափարն այն էր, որ ձմռանը էլեկտրաէներգիան ուղարկվեր ՌԴ, քանի որ ձմռանը այնտեղ դրա պահանջարկը ավելանում է, ամռանը՝ Իրան, քանի որ այնտել էլ ամռանն է բարձրանում էլեկտրաէներգիայի պահանջարկը: Բայց քանի որ սրանք ձախողել են իրանական ուղղությամբ բարձրավոլտերի կառուցման աշխատանքները, իսկ 5-րդ էներգաբլոկը, որ ժամանակակից էներգաբլոկ է, բավականին մեծ հզորություն ունի, կարծես, բեռ է դարձել։ Եթե բլոկն աշխատեր և սպառում լիներ, ապա հայկական կողմը ոչինչ չպետք է տար ռուսական կողմին, այդ դեպքում համակարգը կաշխատեր, ժամանակի ընթացքում ծավալները մեծացնելով բացերը կփակեինք: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը ունակ լիներ իրականացնել որևէ էներգետիկ քաղաքականություն, ունենար էներգետիկ դիվանագիտություն, խոստանար հաջորդ տարի ավարտել բարձրավոլտերի շինարարությունը, ապա խնդիր չէր լինի, բայց քանի որ Հայաստանի իշխանություններն էներգետիկ քաղաքականություն չունեն և ձախողել են նույնիսկ այն, ինչը գրեթե անհնար էր ձախողել, ապա 5-րդ էներգաբլոկի ներդրումը ռուսական կողմի պահանջով վերաձևակերպվում է որպես պարտք։ Սա վատագույն սցենարն էր, որ կարող էր լինել, բայց այսօրվա իշխանություններին դա բնորոշ է։

-Համաշխարհային շուկայում կարծես նավթի գների աճ է զգացվում։ Դա ինչպես կազդի Ադրբեջանի պահվածքի վրա։ Պայմանավորված ՌԴ-Արևմուտք ճգնաժամով, ՌԴ-ից ԵՄ հոսող գազի ծավալների նվազում կա և այդ բացը պատրաստակամություն է հայտնում լրացնել Ադրբեջանը։
Որքանո՞վ է դա իրատեսական։


-Ադրբեջանը չունի այն ծավալները, որ կարողանա ռուսական գազին լուրջ այլընտրանք հանդիսանալ։ ԵՄ-ում շատ լավ հասկանում են, որ այս փուլում Եվրոպան ռուսական գազին այլընտրանք չունի։ Մնացածը քաղաքականություն է, քաղաքական խաղեր են։ Եվրոպայի տարեկան պահանջարկը մոտ 400 մլրդ խմ է, որից 200-ը ապահովում է ՌԴ-ն։ Իհարկե, մեծ ծավալի գազ ունի նաև ԻԻՀ-ն, բայց քաղաքական առումով անհնարին է, որ կարողանա դա հասցնել եվրոպական շուկա։ Եվրոպան համակերպվել է այն փաստի հետ, որ ռուսական գազը այլընտրանք չունի։ Ինչ վերաբերում է նավթի գնին, սա 2021թ․-ից ընդհանուր առմամբ բարձրանում է։ Բարելը՝ 70-80 դոլարը այն գինն է, որ ձեռնտու է շատ երկրների, այդ թվում և Ադրբեջանին։ Սրա նավթի ինքնարժեքը բավականին թանկ է, շուրջ 50 դոլար, հետևաբար եթե միջազգային շուկայում գինը բարձրանում է 60 դոլար և ավելին, նոր ինքը սկսում է եկամուտ ստանալ։ Այս գինը Ադրբեջանին ձեռնտու է և նման դեպքերում ինքը համեմատաբար հանգիստ, հանդարտ շրջան է մտնում։ Նավթի գների անկումը սրա մոտ բերում է որոշակի ագրեսիվության։ Այդպես եղավ թե՛ 2016թ․-ի պատերազմից առաջ, թե՛ 2020թ․-ի։ Այդ առումով այս պահին համեմատաբար կայուն փուլ է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային զարգացումներին՝ կապված էներգետիկայի հետ, այստեղ Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի կարողանա Իրան-Վրաստան ուղղության բարձր լարման գիծը կառուցել, ինչը կփոխի էներգետիկ դինամիկան Հարավային Կովկասում։

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
21:45 Վերջը չի երևում. Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևան-Երևան մայրուղում՝ այս պահին
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
19:23 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan.com
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի
10:42 Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա
23:45 «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորումը սատարում է հոգևոր հայրերի առաջնորդած շարժմանը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց